Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովան վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն

Եհովան վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն

«Նա, ով մոտենում է [Աստծուն], պետք է հավատա, որ նա գոյություն ունի և վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն» (ԵԲՐ. 11։6

ԵՐԳ 85, 134

1, 2. ա) Ինչպե՞ս են սերը և հավատը փոխկապակցված։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

ՄԵՆՔ սիրում ենք Եհովային, «քանի որ առաջինը նա սիրեց մեզ» (1 Հովհ. 4։19)։ Եհովայի ջերմ սիրո դրսևորումներից մեկն այն է, որ նա օրհնում է իր նվիրված ծառաներին։ Որքան շատ ենք սիրում մեր Աստծուն, այնքան ավելի է ամրանում մեր հավատը ոչ միայն նրա գոյության հանդեպ, այլև այն բանի, որ նա անպատճառ կվարձատրի իր սիրելի ծառաներին (կարդա Եբրայեցիներ 11։6

2 Այն, որ Եհովան վարձատրող Աստված է, նրա էության անբաժան մասն է։ Մեր հավատը լիարժեք չի լինի, եթե հաստատապես համոզված չլինենք, որ Աստված կվարձատրի նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն։ Չէ՞ որ «հավատը լիակատար համոզվածությունն է այն բանում, որ հույսերը կիրականանան» (Եբր. 11։1)։ Հավատալ նշանակում է հաստատ համոզված լինել, որ կստանանք Աստծու խոստացած օրհնությունները։ Աստծու կողմից վարձատրվելու հույսը ինչպե՞ս կարող է մեզ օգնել։ Ինչպե՞ս է Եհովան վարձատրել իր ծառաներին թե՛ անցյալում, թե՛ այսօր։ Եկեք տեսնենք։

ԵՀՈՎԱՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՕՐՀՆԵԼ ԻՐ ԾԱՌԱՆԵՐԻՆ

3. Աստված ի՞նչ է խոստանում Մաղաքիա 3։10-ում։

3 Եհովա Աստված իր վրա պարտավորություն է վերցրել վարձատրելու իր հավատարիմ ծառաներին։ Ուստի նա մեզ հորդորում է ջանք թափել ու հասնել իր օրհնությանը։ Մաղաքիա 3։10-ում կարդում ենք. «Ստուգեք ինձ, խնդրեմ,— ասում է Զորքերի Տեր Եհովան,— արդյոք չե՞մ բացի ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն չե՞մ թափի, մինչև որ էլ տեղ չլինի»։ Մենք ցույց կտանք, որ խորապես գնահատում ենք մեր առատաձեռն Աստծու այս հրավերը, եթե ընդունենք այն։

4. Ինչո՞ւ կարող ենք վստահել Մատթեոս 6։33-ում գրված խոսքերին։

4 Հիսուսը վստահեցրեց իր աշակերտներին, որ եթե Թագավորությունը առաջին տեղում դնեն, Աստված կաջակցի նրանց (կարդա Մատթեոս 6։33)։ Հիսուսը կարող էր այսպես ասել, քանի որ գիտեր՝ Եհովայի խոստումները միշտ կատարվում են (Ես. 55։11)։ Մենք կարող ենք վստահ լինել, որ եթե անկեղծ հավատ դրսևորենք Եհովայի հանդեպ, նա կկատարի իր հետևյալ խոստումը. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի» (Եբր. 13։5)։ Եհովայի այս հավաստիացումը մեզ օգնում է վստահել Մատթեոս 6։33-ում գրված խոսքերին։

Հիսուսն իր աշակերտներին հավաստիացրեց, որ կվարձատրվեն իրենց արած զոհողությունների համար (տես պարբերություն 5)

5. Պետրոսին տված Հիսուսի պատասխանը ինչպե՞ս է զորացնում մեր հավատը։

5 Մի անգամ Պետրոս առաքյալը հարցրեց Հիսուսին. «Ահա մենք ամեն բան թողել ու քեզ ենք հետևել. հիմա մեզ ի՞նչ կլինի» (Մատթ. 19։27)։ Այս հարցի համար Հիսուսը Պետրոսին չհանդիմանեց։ Փոխարենը՝ իր աշակերտներին ասաց, որ նրանք կվարձատրվեն իրենց արած զոհողությունների համար։ Հավատարիմ առաքյալները և ուրիշներ Քրիստոսի հետ կթագավորեն երկնքում։ Բայց այսօր էլ հնարավոր է վարձատրություն ստանալ։ Հիսուսն ասաց. «Ամեն ոք, ով թողել է տներ, եղբայրներ, քույրեր, հայր, մայր, զավակներ կամ արտեր իմ անվան համար, բազմապատիկը կստանա և հավիտենական կյանքը կժառանգի» (Մատթ. 19։29)։ Այսպիսով՝ Հիսուսը հավաստիացրեց, որ օրհնությունները գերազանցելու էին իր հետևորդների արած զոհողությունները։ Մի՞թե մեր հոգևոր եղբայրները, քույրերը, հայրերը, մայրերն ու զավակները ավելի թանկ չեն մեզ համար, քան այն ամենը, ինչ զոհել ենք հանուն Թագավորության շահերի։

ԽԱՐԻՍԽ՝ ՄԵՐ ՀՈԳՈՒ ՀԱՄԱՐ

6. Եհովան ինչո՞ւ է վարձատրություն խոստանում իր ծառաներին։

6 Իր ծառաներին վարձատրություն խոստանալով՝ Եհովան օգնում է նրանց, որ փորձությունների ժամանակ հավատարիմ մնան։ Աստծու նվիրված ծառաները ոչ միայն այսօր են հոգևոր առատ օրհնություններ վայելում, այլև անհամբերությամբ սպասում են ավելի մեծ օրհնությունների, որ թափվելու են ապագայում (1 Տիմոթ. 4։8)։ Եթե մենք հաստատ համոզված լինենք, որ Եհովան «վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար փնտրում են իրեն», դա կօգնի մեզ հավատի մեջ ամուր մնալ (Եբր. 11։6

7. Ինչո՞վ է մեր հույսը խարսխի նման։

7 Լեռան քարոզում Հիսուսն ասաց. «Ուրախացե՛ք և ցնծացե՛ք, որովհետև ձեր վարձատրությունը մեծ է երկնքում. չէ՞ որ ձեզանից առաջ այդպես հալածեցին մարգարեներին» (Մատթ. 5։12)։ Աստծու ծառաներից ոմանք վարձատրություն կստանան երկնքում։ Իսկ մյուսները հավիտյան կապրեն երկրի վրա՝ դրախտում, ինչը նույնպես պատճառ է «ուրախանալու և ցնծալու» (Սաղ. 37։11; Ղուկ. 18։30)։ Մեր հույսը, լինի երկնային, թե երկրային, «խարսխի նման է մեր հոգու համար. այն թե՛ հուսալի է, թե՛ հաստատ» (Եբր. 6։17–20)։ Ինչպես խարիսխն է փոթորկի ժամանակ նավը հաստատուն պահում, այնպես էլ վարձատրություն ստանալու հույսն է օգնում, որ էմոցիոնալ, մտային և հոգևոր կայունություն պահպանենք։ Այն մեզ ուժ է տալիս, որ տոկանք դժվարությունների ժամանակ։

8. Հույսն ինչպե՞ս կարող է նվազեցնել մեր անհանգստությունը։

8 Աստվածաշնչի վրա հիմնված մեր հույսը այնքան զորեղ է, որ կարող է նվազեցնել մեր այսօրվա անհանգստությունները։ Աստծու խոստումները ասես սպեղանի լինեն՝ հանգստացնում են մեր տագնապած սրտերը։ Այնքա՜ն ենք մխիթարվում, երբ մեր «բեռը Եհովայի վրա ենք գցում»՝ իմանալով, որ նա «նեցուկ կլինի մեզ» (Սաղ. 55։22)։ Լիովին վստահ եղիր, որ Եհովան «կարող է շատ ավելին անել, քան մենք խնդրում ենք կամ մտածում» (Եփես. 3։20)։ Պատկերացրու՝ Աստված ոչ թե պարզապես ավելին է անելու, այլ «շատ ավելին»։

9. Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վստահությունը այն բանի հանդեպ, որ Եհովան օրհնելու է մեզ։

9 Մեր վարձատրությունը ստանալու համար մենք պետք է լիարժեք հավատ դրսևորենք Եհովայի հանդեպ և հնազանդվենք նրա առաջնորդությանը։ Մովսեսը Իսրայել ժողովրդին ասաց. «Եհովան անպատճառ կօրհնի քեզ այն երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ որպես ժառանգություն, որ տիրես նրան, բայց միայն այն դեպքում, եթե լսես քո Աստված Եհովայի ձայնին և զգուշորեն կատարես այն բոլոր պատվիրանները, որ այսօր պատվիրում եմ քեզ։ Քո Աստվածը՝ Եհովան, կօրհնի քեզ, ինչպես որ խոստացել է» (2 Օրենք 15։4–6)։ Լիովին վստա՞հ ես, որ Եհովան կօրհնի քեզ, եթե շարունակես հավատարմորեն ծառայել նրան։ Անշուշտ, ծանրակշիռ հիմքեր կան, որ այդպիսի վստահություն ունենաս։

ԵՀՈՎԱՆ ՎԱՐՁԱՏՐԵՑ ՆՐԱՆՑ

10, 11. Եհովան ինչպե՞ս վարձատրեց Հովսեփին։

10 Աստվածաշունչը գրվել է մեր օգտի համար։ Այնտեղ արձանագրված են շատ դեպքեր, որոնք ցույց են տալիս, որ Աստված վարձատրել է իր հավատարիմ ծառաներին (Հռոմ. 15։4)։ Հովսեփի հետ պատահածը դրա վառ ապացույցն է։ Նախ՝ եղբայրները դավ նյութեցին նրա դեմ, ապա՝ նրա տիրոջ կինը նրա հետ նենգաբար վարվեց, ու նա հայտնվեց Եգիպտոսի բանտերից մեկում։ Արդյո՞ք Հովսեփը կտրված էր իր Աստծուց։ Բոլորովի՛ն։ «Եհովան Հովսեփի հետ էր ու շարունակ սիրառատ բարություն էր ցույց տալիս նրա հանդեպ.... Եհովան Հովսեփի հետ էր, և ամեն ինչ, որ նա անում էր, Եհովան հաջողեցնում էր» (Ծննդ. 39։21–23)։ Այդ ծանր ժամանակներում Հովսեփը համբերատար սպասում էր իր Աստծուն։

11 Տարիներ անց փարավոնը Հովսեփին ազատեց բանտից և այս խոնարհ ծառային ղեկավար նշանակեց Եգիպտոսի վրա՝ տալով իրենից հետո երկրորդ բարձր պաշտոնը (Ծննդ. 41։1, 37–43)։ Երբ Հովսեփը երկու որդի ունեցավ, «առաջնեկի անունը Մանասե դրեց, քանի որ ասաց. «Աստված ինձ մոռանալ տվեց իմ բոլոր վշտերը և իմ հոր ամբողջ տունը»»։ Իսկ երկրորդ որդու անունը «Եփրեմ դրեց, քանի որ ասաց. «Աստված ինձ պտղաբեր դարձրեց իմ դժբախտության երկրում»» (Ծննդ. 41։51, 52)։ Քանի որ Հովսեփը նվիրված մնաց Աստծուն, նա վարձատրվեց և օրհնվեց։ Արդյունքում թե՛ նրա հոր ընտանիքը, թե՛ եգիպտացիները կենդանի մնացին սովի տարիներին։ Հովսեփը գիտակցում էր, որ իրեն վարձատրողն ու օրհնողը Եհովան էր (Ծննդ. 45։5–9

12. Հիսուսն ինչպե՞ս հավատարիմ մնաց փորձությունների ժամանակ։

12 Հիսուս Քրիստոսը նույնպես հավատարիմ մնաց բազում փորձությունների ժամանակ և վարձատրվեց։ Ի՞նչը նրան օգնեց տոկալու։ Աստծու Խոսքն ասում է. «Իր առաջ դրված ուրախության համար նա, ամոթն արհամարհելով, տոկունությամբ տանջանքի ցիցը հանձն առավ» (Եբր. 12։2)։ Հիսուսը, անկասկած, ուրախություն էր ստանում այն բանից, որ կարող էր Աստծու անունը սրբացնել։ Եվ նա վարձատրվեց՝ արժանանալով իր Հոր հավանությանը և ստանալով հրաշալի առանձնաշնորհումներ։ Աստվածաշունչը ասում է, որ Հիսուսը «նստեց Աստծու գահի աջ կողմը»։ Մեկ ուրիշ համարում էլ կարդում ենք. «Աստված առավել բարձր դիրքի արժանացրեց նրան և մի այնպիսի անուն շնորհեց, որը վեր է մյուս բոլոր անուններից» (Փիլիպ. 2։9

ԵՀՈՎԱՆ ՄԵՐ ԱՐԱԾ ԳՈՐԾԸ ՉԻ ՄՈՌԱՆՈՒՄ

13, 14. Ի՞նչ է զգում Եհովան՝ տեսնելով այն ջանքերը, որ թափում ենք իրեն ծառայելու համար։

13 Եհովան գնահատում է այն բոլոր ջանքերը, որ թափում ենք նրան ծառայելու համար։ Նա հասկանում է, երբ ինքներս մեր նկատմամբ անվստահության զգացում ենք ունենում և կասկածում ենք մեր հնարավորությունների վրա։ Նա կարեկցում է մեզ, երբ ծանրաբեռնված ենք ֆինանսական հոգսերով, երբ առողջական կամ էմոցիոնալ խնդիրների պատճառով չենք կարողանում ծառայել այնքան, որքան ցանկանում ենք։ Ուստի մենք կարող ենք լիովին վստահ լինել, որ Եհովան թանկ է գնահատում այն ամենը, ինչ անում ենք նրան հավատարիմ մնալու համար (կարդա Եբրայեցիներ 6։10, 11

14 Հիշենք նաև, որ կարող ենք մոտենալ «աղոթքներ Լսողին»՝ վստահ լինելով, որ նա ուշադրություն կդարձնի մեր խնդրանքներին (Սաղ. 65։2)։ «Գթության Հայրը և ամենայն մխիթարության Աստվածը» առատորեն կտա մեզ ամեն բան, ինչ անհրաժեշտ է էմոցիոնալ և հոգևոր առումով մեզ աջակցելու համար։ Հնարավոր է՝ նա երբեմն դա անի մեր հավատակիցների միջոցով (2 Կորնթ. 1։3)։ Եհովայի սիրտը ջերմանում է, երբ կարեկցանք ենք դրսևորում ուրիշների հանդեպ։ «Նա, ով խեղճին հաճություն է ցույց տալիս, Եհովային պարտք է տալիս, և նրա արարքի դիմաց Նա կհատուցի նրան» (Առակ. 19։17; Մատթ. 6։3, 4)։ Երբ անշահախնդրորեն օգնում ենք դժվարության մեջ եղողներին, Եհովան մեր արած բարությունը դիտում է որպես իրեն պարտքով տրված մի բան և խոստանում է վարձատրել դրա դիմաց։

ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՅՍՕՐ ԵՎ ԱՊԱԳԱՅՈՒՄ

15. Ի՞նչ վարձատրությունների ես սպասում (տես հոդվածի սկզբի նկարը)։

15 Սուրբ ոգով օծված քրիստոնյաները փափագով սպասում են այն օրվան, երբ կստանան «արդարության պսակը, որը Տերը՝ արդար դատավորը, որպես վարձատրություն կտա.... դատաստանի օրը» (2 Տիմոթ. 4։7, 8)։ Սակայն եթե քո հույսը երկնային չէ, դա չի նշանակում, որ ինչ-որ լավ բանից զրկված ես։ Միլիոնավոր մարդիկ, որոնք Հիսուսի նշած «ուրիշ ոչխարների» խմբին են պատկանում, անհամբերությամբ սպասում են իրենց վարձատրությանը՝ այն օրվան, երբ հավիտյան կապրեն դրախտ-երկրի վրա։ Այնտեղ նրանք «անսահման կուրախանան խաղաղության առատությամբ» (Հովհ. 10։16; Սաղ. 37։11

16. Ինչպե՞ս են մեզ մխիթարում 1 Հովհաննես 3։19, 20-ում գրված խոսքերը։

16 Երբեմն մեզ գուցե թվա, թե շատ քիչ բան ենք անում ծառայության մեջ, կամ մտածենք, թե Եհովան գոհ չէ մեր արածից։ Հնարավոր է՝ նույնիսկ կասկածենք, թե արդյոք արժանի ենք, որ Աստված վարձատրի մեզ։ Սակայն եկեք երբեք չմոռանանք, որ «Աստված մեր սրտերից ավելի մեծ է և ամեն բան գիտի» (կարդա 1 Հովհաննես 3։19, 20)։ Եթե հավատից ու սիրուց մղված ենք ծառայում նրան, կարող ենք վստահ լինել, որ նա կվարձատրի մեզ բոլոր զոհողությունների համար, որքան էլ որ դրանք փոքր երևան մեր աչքին (Մարկ. 12։41–44

17. Որո՞նք են այն օրհնություններից մի քանիսը, որ վայելում ենք այսօր։

17 Նույնիսկ հիմա, երբ ապրում ենք Սատանայի համակարգի այս վերջին մռայլ օրերում, Եհովան օրհնում է իր ժողովրդին։ Նրա ճշմարիտ երկրպագուները, համաշխարհային եղբայրության մաս կազմելով, առատ հոգևոր կերակուր են ստանում և խաղաղություն են վայելում (Ես. 54։13)։ Այո՛, ինչպես որ խոստացավ Հիսուսը, Եհովան այսօր վարձատրում է մեզ՝ թույլ տալով, որ լինենք համաշխարհային հոգևոր մեծ ընտանիքի անդամ, որտեղ բոլորը սիրում են իրար (Մարկ. 10։29, 30)։ Բացի այդ, բոլոր նրանք, ովքեր անկեղծ սրտով փնտրում են Աստծուն, մեծապես օրհնվում են. ներքին խաղաղություն են գտնում, բավարարվածության զգացում են ունենում և երջանկություն են վայելում (Փիլիպ. 4։4–7

18, 19. Եհովայի ծառաները ի՞նչ են ասում այն օրհնությունների մասին, որ ունեն այսօր։

18 Աշխարհի տարբեր ծայրերում ապրող Եհովայի ծառաները հրաշալի վարձատրություններ են ստանում։ Օրինակ՝ Բիանկան, որն ապրում է Գերմանիայում, ասում է. «Չգիտեմ՝ ուրիշ ինչպես Եհովային շնորհակալություն հայտնեմ այն բանի համար, որ միշտ կողքիս է և օգնում է իմ նեղություններում։ Աշխարհում քաոս է։ Բայց երբ համագործակցում եմ Եհովայի հետ, նրա ձեռքերում ինձ ապահով եմ զգում։ Եվ ինչ զոհողություն էլ որ անում եմ, նա հարյուրապատիկ օրհնում է ինձ»։

19 Իսկ 70 տարեկան Պոլան, որն ապրում է Կանադայում և ողնաշարի ճեղքվածք ունի, ասում է. «Այն, որ չեմ կարողանում ազատ շարժվել, չի նշանակում, որ չեմ կարող ծառայել։ Ես մասնակցում եմ ծառայության տարբեր ձևերի, օրինակ՝ քարոզում եմ հեռախոսով և ոչ պաշտոնական վկայություն եմ տալիս։ Ես մի տետր ունեմ, որի անունը դրել եմ «Տոկունության տետր»։ Այնտեղ նշում եմ Աստվածաշնչից քաջալերական համարներ և մեր գրականությունից մտքեր, որպեսզի ժամանակ առ ժամանակ աչքի անցկացնեմ։ Հուսահատության զգացումն անցողիկ է, երբ կենտրոնանում ենք Եհովայի խոստումների վրա։ Եհովան միշտ պատրաստ է օգնել մեզ՝ անկախ մեր հանգամանքներից»։ Քո իրավիճակը գուցե բոլորովին այլ է։ Չնայած դրան՝ կարող ես մտածել, թե ինչպես է Եհովան վարձատրել քեզ ու քո շուրջը եղող մարդկանց։ Մեծ օգուտ կստանաս, եթե խորհես, թե ինչ օրհնություններ ունես այսօր, և ինչ վարձատրություն է սպասում քեզ ապագայում։

20. Ի՞նչ կարող ենք ակնկալել, եթե շարունակենք ամբողջ հոգով ծառայել Եհովային։

20 Երբեք չմոռանանք, որ եթե անկեղծորեն աղոթենք Աստծուն, մեծապես կվարձատրվենք։ Կարող ենք համոզված լինել, որ «Աստծու կամքը կատարելուց հետո կստանանք նրա խոստացածը» (Եբր. 10։35, 36)։ Ուրեմն եկեք շարունակենք ամրացնել մեր հավատը և ամբողջ հոգով ծառայել Եհովային՝ վստահ լինելով, որ նա, իր խոստման համաձայն, կվարձատրի մեզ (կարդա Կողոսացիներ 3։23, 24