Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ասան, Հովսափատը, Եզեկիան և Հովսիան

Եհովային լիակատար սրտով ծառայիր

Եհովային լիակատար սրտով ծառայիր

«Ո՛վ Եհովա, հիշիր, խնդրում եմ, որ քո առաջ հավատարմությամբ ու լիակատար սրտով եմ քայլել» (2 ԹԱԳ. 20։3

ԵՐԳ 52, 65

1–3. Ի՞նչ է նշանակում Եհովային «լիակատար սրտով» ծառայել։ Բեր օրինակ։

ԼԻՆԵԼՈՎ անկատար՝ մենք հակված ենք սխալներ անելու։ Ուստի շնորհակալ ենք Եհովային, որ երբ զղջում ենք և Հիսուսի քավիչ զոհի հիման վրա հավատով ու խոնարհությամբ մոտենում ենք նրան, «նա մեզ հետ չի վարվում մեր մեղքերի համեմատ» (Սաղ. 103։10)։ Սակայն, որպեսզի Եհովայի համար ընդունելի լինի մեր երկրպագությունը, որ նրան մատուցում ենք ամեն օր, մենք պետք է «ծառայենք նրան լիակատար սրտով», ինչպես որ Դավիթը խորհուրդ տվեց իր որդի Սողոմոնին (1 Տար. 28։9)։ Անկատար լինելով հանդերձ՝ ինչպե՞ս կարող ենք դա անել։

2 Այս հարցի պատասխանը գտնելու համար Հուդայի թագավորներից Ասային համեմատենք Ամասիայի հետ։ Երկուսն էլ արեցին այն, ինչը ճիշտ է Եհովայի աչքում։ Սակայն Ասան, ի տարբերություն Ամասիայի, դա արեց լիակատար սրտով (2 Տար. 15։16, 17; 25։1, 2; Առակ. 17։3)։ Թե՛ Ասան, թե՛ Ամասիան անկատար էին և սխալներ էին գործում։ Սակայն Ասան ջանում էր չշեղվել Աստծու ճանապարհներից, քանի որ նրա սիրտը լիովին նվիրված էր Աստծուն։ Իսկ Ամասիան ամբողջովին նվիրված չէր Եհովային։ Երբ նա հաղթանակ տարավ Աստծու թշնամիների դեմ, նրանց աստվածներին իր հետ բերեց ու սկսեց դրանց երկրպագել (2 Տար. 25։11–16

3 Աստծուն «լիակատար սրտով» ծառայել նշանակում է ողջ կյանքի ընթացքում լիովին նվիրված լինել նրան։ Աստվածաշնչում «սիրտ» բառը սովորաբար վերաբերում է մարդու ներքին էությանը։ Այն ընդգրկում է նրա ցանկությունները, մտածելակերպը, հակումները, տրամադրվածությունը, ունակությունները, մղումները և նպատակները։ Ուստի նա, ով Եհովային լիակատար սրտով է ծառայում, դա չի անում կեղծավորությամբ։ Նա Աստծուն մեխանիկորեն չի ծառայում։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Եթե չնայած մեր անկատարությանը՝ շարունակենք առանց կեղծավորության նվիրված մնալ Աստծուն, լիակատար սրտով կծառայենք նրան (2 Տար. 19։9

4. Ի՞նչ ենք քննարկելու այս հոդվածում։

4 Որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ է նշանակում Աստծուն լիակատար սրտով ծառայել, եկեք քննենք Ասայի, ինչպես նաև Հուդայի ևս մի քանի թագավորների՝ Հովսափատի, Եզեկիայի և Հովսիայի օրինակը, որոնք ամբողջ սրտով նվիրված մնացին Աստծուն։ Չորսն էլ իրենց կյանքում սխալներ գործեցին, սակայն Եհովայի հավանությանն արժանացան։ Ինչո՞ւ Աստված համարեց, որ նրանք լիակատար սրտով են ծառայել իրեն, և ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրանց։

ԱՍԱՅԻ ՍԻՐՏԸ «ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ ԷՐ»

5. Ի՞նչ վճռական քայլեր ձեռնարկեց Ասան։

5 Իսրայելի հյուսիսային տասցեղ թագավորության անջատվելուց հետո Ասան Հուդայի երրորդ թագավորն էր։ Նա իր երկիրը մաքրեց կռապաշտությունից և վռնդեց տաճարային պոռնիկներին։ Նույնիսկ իր տատ Մաաքային «զրկեց տիկնությունից այն պատճառով, որ նա զզվելի կուռք էր շինել» (1 Թագ. 15։11–13)։ Բացի այդ, Ասան իր ժողովրդին հորդորեց «փնտրել.... Եհովային և պահել օրենքն ու պատվիրանները»։ Այդպիսով՝ նա նպաստեց ճշմարիտ երկրպագության առաջխաղացմանը (2 Տար. 14։4

6. Ի՞նչ արեց Ասան, երբ եթովպացիները ներխուժեցին Հուդայի երկիր։

6 Ասայի իշխանության առաջին տասը տարիների ընթացքում Եհովան օրհնեց Հուդան՝ տալով խաղաղություն։ Այնուհետև Հուդայի դեմ դուրս եկավ եթովպացի Զարան՝ մեկ միլիոնանոց զորքով ու երեք հարյուր կառքերով (2 Տար. 14։1, 6, 9, 10)։ Ասան ի՞նչ արեց այս դժվար իրավիճակում։ Նա լիովին վստահեց Եհովային (կարդա 2 Տարեգրություն 14։11)։ Պատասխանելով Ասայի սրտագին աղոթքին՝ Աստված նրան լիակատար հաղթանակ շնորհեց՝ ոչնչացնելով եթովպական զորքը (2 Տար. 14։12, 13)։ Նույնիսկ երբ երկրում անհավատարիմ թագավորներ էին իշխում, Եհովան հանուն իր անվան երբեմն նրանց հաղթանակ էր շնորհում (1 Թագ. 20։13, 26–30)։ Ի տարբերություն նրանց՝ Ասան ապավինեց Աստծուն, և Եհովան պատասխանեց նրա աղոթքին։ Ճիշտ է, ավելի ուշ Ասան իմաստությամբ չվարվեց, օրինակ՝ օգնություն խնդրեց ոչ թե Եհովայից, այլ Ասորիքի թագավորից (1 Թագ. 15։16–22)։ Բայց Աստված համարեց, որ Ասայի սիրտը «նրա կյանքի բոլոր օրերում ամբողջությամբ [Իր] հետ էր»։ Ճիշտն անելու հարցում ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել այս թագավորին (1 Թագ. 15։14

7, 8. Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Ասային։

7 Մեզանից յուրաքանչյուրը կարող է քննել իր սիրտը, որպեսզի տեսնի, թե արդյոք այն լիովին նվիրված է Աստծուն։ Հարցրու ինքդ քեզ. «Վճռե՞լ եմ հաճեցնել Եհովային, պաշտպանել ճշմարիտ երկրպագությունը և Աստծու ժողովրդի մեջ մաքրություն պահպանել»։ Մտածիր, թե Ասան ինչ մեծ քաջություն պիտի դրսևորեր Մաաքայի՝ մայր թագուհու դեմ դուրս գալու համար։ Թեև հնարավոր է՝ չհանդիպես այնպիսի մարդկանց, որոնք Մաաքայի պես են վարվում, սակայն գուցե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որում հարկավոր լինի Ասայի պես նախանձախնդիր լինել։ Օրինակ՝ ի՞նչ կանես, եթե ընտանիքիդ անդամը կամ մտերիմ ընկերդ մեղք գործի, չզղջա և ընկերակցությունից զրկվի։ Վճռական քայլեր կձեռնարկե՞ս, որ դադարես այդ անհատի հետ ընկերակցելուց։ Քո սիրտը ի՞նչ անելու կմղի։

8 Ասայի պես՝ դու էլ ցույց կտաս, որ լիակատար սրտով ես ծառայում Եհովային, եթե ամբողջովին վստահես նրան, երբ հակառակության, նույնիսկ անհաղթահարելի թվացող փորձության բախվես։ Հնարավոր է՝ դպրոցում ծաղրուծանակի ենթարկվես Եհովայի վկա լինելու համար։ Կամ գուցե գործընկերներդ ծաղրեն քեզ այն բանի համար, որ հոգևոր գործունեությամբ զբաղվելու նպատակով աշխատանքից բացակայելու թույլտվություն ես վերցնում կամ որ արտաժամ չես աշխատում ավելի շատ փող վաստակելու համար։ Նման իրավիճակներում Ասայի պես աղոթիր Աստծուն։ Եհովային ապավինիր և քաջ եղիր՝ շարունակելով անել այն, ինչը ճիշտ է և իմաստուն։ Հիշիր, որ Աստված զորացրեց և օգնեց Ասային, ուստի քեզ էլ կզորացնի։

9. Քարոզելիս ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ լիակատար սրտով ենք ծառայում Աստծուն։

9 Աստծու ծառաները միայն իրենց մասին չէ, որ մտածում են։ Ասան մարդկանց հորդորում էր փնտրել Եհովային։ Մենք էլ ենք նույն բանն անում։ Որքա՜ն է ուրախանում Եհովան, երբ տեսնում է, որ մեր հարևանների և ուրիշների հետ խոսում ենք իր մասին և դա անում ենք այն պատճառով, որ սրտանց սիրում ենք իրեն և անկեղծորեն հետաքրքրված ենք մարդկանց հավիտենական բարօրությամբ։

ՀՈՎՍԱՓԱՏԸ ՓՆՏՐԵՑ ԵՀՈՎԱՅԻՆ

10, 11. Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Հովսափատին։

10 Ասայի որդի Հովսափատը «իր հոր՝ Ասայի ճանապարհով գնաց» (2 Տար. 20։31, 32)։ Իր հոր պես՝ նա ժողովրդին հորդորեց փնտրել Եհովային։ Հովսափատը մարդիկ ուղարկեց Հուդայի քաղաքներ, որպեսզի ժողովրդին սովորեցնեն «Եհովայի օրենքի գրքից» (2 Տար. 17։7–10)։ Նույնիսկ հասավ Իսրայելի հյուսիսային թագավորության տարածք՝ Եփրեմի լեռներ, որպեսզի այնտեղի բնակիչներին «ետ դարձնի դեպի իրենց հայրերի Աստված Եհովան» (2 Տար. 19։4)։ Հովսափատը այնպիսի թագավոր էր, «որն ամբողջ սրտով Եհովային էր փնտրում» (2 Տար. 22։9

11 Բոլորս կարող ենք մասնակցել համաշխարհային կրթական գործունեությանը, որ Եհովան նախաձեռնել է այսօր։ Նպատակ ունե՞ս ամեն ամիս Աստծու Խոսքն ուսուցանելու մարդկանց և նրանց մղելու, որ ծառայեն Աստծուն։ Եթե տրամադրես քո անձը, Աստծու օրհնությամբ կկարողանաս Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Այդ նպատակի մասին աղոթո՞ւմ ես։ Պատրա՞ստ ես Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել, նույնիսկ եթե կարիք լինի ազատ ժամանակիդ մի մասը տրամադրելու այդ գործին։ Նորերին ուսուցանելուց բացի՝ կարող ենք նաև օգնության ձեռք մեկնել այն հավատակիցներին, որոնք ոչ ակտիվ են դարձել, ինչպես որ Հովսափատը գնաց Եփրեմի տարածք՝ օգնելու մարդկանց, որ կրկին Եհովային երկրպագեն։ Բացի այդ, երեցները ջանում են այցելել և օգնել ժողովի տարածքում բնակվող այն մարդկանց, որոնք զրկված են ընկերակցությունից, բայց հնարավոր է՝ թողել են մեղսալի ընթացքը։

12, 13. ա) Ինչպե՞ս վարվեց Հովսափատը, երբ դժվար իրավիճակում վախով համակվեց։ բ) Ո՞ր հարցում պետք է ընդօրինակենք Հովսափատին և ինչպե՞ս։

12 Իր հայր Ասայի պես՝ Հովսափատը նվիրված մնաց Աստծուն, նույնիսկ երբ թշնամին իր մեծ զորքով հարձակվեց երկրի վրա (կարդա 2 Տարեգրություն 20։2–4)։ Հովսափատը վախեցավ, սակայն «որոշեց Եհովային փնտրել»։ Աղոթելով Աստծուն՝ նա խոնարհաբար ընդունեց, որ ինքն ու իր ժողովուրդը «զորություն չունեն դիմադրելու այդ մեծ բազմությանը» և չգիտեն, թե ինչ անեն։ Նա լիովին ապավինեց Եհովային՝ ասելով. «Մեր աչքերը քեզ են ուղղված» (2 Տար. 20։12

13 Կարող են լինել իրավիճակներ, երբ մենք էլ Հովսափատի պես չիմանանք ինչ անել և նույնիսկ վախենանք (2 Կորնթ. 4։8, 9)։ Հիշենք, որ Հովսափատը, մարդկանց առաջ աղոթելով, նշեց, որ ինքն ու իր ժողովուրդը անզոր են թշնամու առաջ (2 Տար. 20։5)։ Նրանք, ովքեր հոգևոր առաջնորդություն են վերցնում ընտանիքում, կարող են ընդօրինակել Հովսափատին՝ Եհովայից խնդրելով, որ ուղղություն տա և զորացնի իրենց, որպեսզի կարողանան դիմակայել դժվարություններին։ Ընտանիքիդ անդամների առաջ աղոթելիս մի՛ ամաչիր խոսել քո անհանգստությունների մասին։ Այդպես նրանք կտեսնեն, որ դու վստահում ես Եհովային։ Եվ ինչպես որ Աստված օգնեց Հովսափատին, այնպես էլ քեզ կօգնի։

ԵԶԵԿԻԱՆ ԱՐԵՑ ԱՅՆ, ԻՆՉԸ ՃԻՇՏ Է

14, 15. Եզեկիան ինչպե՞ս ցույց տվեց, որ լիովին ապավինում է Աստծուն։

14 Եզեկիան, ի տարբերություն Հովսափատի, կռապաշտ հայր ուներ, սակայն «կառչած մնաց» Եհովային և պայքարեց իր հոր թողած վատ ազդեցության դեմ։ Նա «կործանեց բարձունքներն ու կտոր-կտոր արեց սուրբ սյուները, կտրեց սուրբ ձողը և ջարդուփշուր արեց Մովսեսի սարքած պղնձե օձը», որն այդ ժամանակ որպես կուռք էր օգտագործվում։ Եզեկիան լիակատար սրտով նվիրված էր Աստծուն և «չդադարեց նրան հետևելուց, պահեց այն պատվիրանները, որ Եհովան տվել էր Մովսեսին» (2 Թագ. 18։1–6

15 Եզեկիան ամբողջ սրտով ապավինեց Եհովային նույնիսկ այն ժամանակ, երբ Ասորեստանը, որը աշխարհակալ ուժ էր, գրավեց Հուդան և սպառնաց կործանել Երուսաղեմը։ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը ծաղրեց Եհովային և փորձեց ահաբեկել Եզեկիային, որպեսզի վերջինս հանձնվի։ Սակայն Եզեկիան աղոթեց Եհովային՝ ցույց տալով, որ լիովին վստահում է նրա փրկարար զորությանը (կարդա Եսայիա 37։15–20)։ Աստված պատասխանեց նրա աղոթքին. նա մի հրեշտակ ուղարկեց, որը ասորեստանցիների բանակում 185 000 մարդ սպանեց (Ես. 37։36, 37

16, 17. Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Եզեկիային։

16 Հետագայում Եզեկիան մերձիմահ հիվանդացավ։ Նա աղերսեց Եհովային, որ հիշի, թե ինչպես է նրա առաջ քայլել (կարդա 2 Թագավորներ 20։1–3)։ Եհովան պատասխանեց նրա աղոթքին՝ բուժելով նրան։ Ինչ վերաբերում է մեր ժամանակներին, Աստվածաշնչից գիտենք, որ այսօր չենք կարող ակնկալել, որ Աստված հրաշքով կբուժի մեզ կամ կերկարացնի մեր կյանքը։ Սակայն Եզեկիայի պես՝ յուրաքանչյուրս կարող է ասել. «Քո առաջ հավատարմությամբ ու լիակատար սրտով եմ քայլել»։ Հավատո՞ւմ ես, որ Եհովան կարող է և ցանկանում է զորավիգ լինել քեզ հիվանդ ժամանակ (Սաղ. 41։3

17 Մտածելով Եզեկիայի օրինակի շուրջ՝ գուցե տեսնես, որ կարիք կա ազատվելու մի բանից, ինչը բացասաբար է անդրադառնում Աստծու հետ ունեցած քո փոխհարաբերությունների վրա կամ ուշադրությունդ շեղում է ճշմարիտ երկրպագությունից։ Ինչ խոսք, մենք չենք ուզում ընդօրինակել աշխարհի այն մարդկանց, ովքեր սոցիալական ցանցերում ոմանց վերաբերվում են ինչպես կուռքերի։ Ճիշտ է, որոշ քրիստոնյաների համար գուցե հաճելի է այդ ցանցերի միջոցով շփվել իրենց հարազատների կամ մտերիմ ընկերների հետ։ Սակայն աշխարհում շատերը կլանված են դրանցով։ Նրանք հետևում են այնպիսի մարդկանց, որոնց չեն էլ ճանաչում։ Կամ չափից շատ ժամանակ են ծախսում՝ այդ մարդկանց նկարները նայելով և նրանց մասին նյութեր կարդալով։ Ուստի վտանգ կա, որ քրիստոնյան կտարվի անկարևոր բաներով։ Դեռ ավելին, նա գուցե սկսի հպարտանալ նրանով, որ իր տեղադրած նյութերը շատերի հավանությանն են արժանացել, և նույնիսկ վիրավորվի, եթե ոմանք դադարեն այդ ցանցերի միջոցով իրեն հետևելուց։ Կարո՞ղ ես պատկերացնել, որ Պողոս առաքյալը կամ Ակյուղասն ու Պրիսկիղան ամեն օր սոցիալական ցանցերում իրենց նկարները տեղադրեին կամ աշխարհում որևէ մեկին հետևեին։ Աստվածաշունչն ասում է, որ Պողոսը «իր անձը ամբողջությամբ տրամադրել էր խոսքին», իսկ Պրիսկիղան ու Ակյուղասը իրենց ժամանակն օգտագործում էին ուրիշներին «Աստծու ճանապարհը ավելի ճշգրտությամբ» բացատրելու համար (Գործ. 18։4, 5, 26)։ Ինքդ քեզ հարցրու. «Զգո՞ւյշ եմ մնում, որ մարդկանց կուռք չդարձնեմ։ Խուսափո՞ւմ եմ ժամանակս անկարևոր բաների վրա ծախսելուց» (կարդա Եփեսացիներ 5։15, 16

ՀՈՎՍԻԱՆ ՊԱՀԵՑ ԵՀՈՎԱՅԻ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ

18, 19. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Հովսիային։

18 Հովսիան՝ Եզեկիայի ծոռը, նույնպես «ամբողջ սրտով» պահեց Եհովայի պատվիրանները (2 Տար. 34։31)։ Երբ նա դեռ պատանի էր, «սկսեց փնտրել իր հայր Դավթի Աստծուն», իսկ 20 տարեկանում սկսեց Հուդան մաքրել կռապաշտությունից (կարդա 2 Տարեգրություն 34։1–3)։ Հովսիան Հուդայի շատ թագավորներից ավելի նախանձախնդիր էր Աստծու կամքը կատարելու հարցում։ Իսկ երբ գտնվեց Եհովայի օրենքի գիրքը, որը հավանաբար գրված էր Մովսեսի ձեռքով, և երբ այն կարդացին նրա համար, նա հասկացավ, որ հարկավոր է ավելին անել Աստծուն լիարժեքորեն ծառայելու համար։ Ուստի ժողովրդին էլ հորդորեց ծառայել Եհովային։ Արդյունքում՝ Հովսիայի կյանքի բոլոր օրերում ժողովուրդը «չխոտորվեց.... Եհովային հետևելուց» (2 Տար. 34։27, 33

19 Հովսիայի պես՝ երեխաները դեռ վաղ տարիքից կարող են փնտրել Եհովային։ Մանասե թագավորը, որը զղջացել էր իր մեղքերի համար, հավանաբար Հովսիային պատմել էր Աստծու ողորմության մասին։ Սիրելի՛ պատանիներ, մտերմացեք ձեր ժողովի ու ընտանիքի տարեց անդամների հետ, որոնք հավատարմորեն Աստծուն են ծառայում, և իմացեք, թե Եհովան ինչեր է արել նրանց համար։ Նաև հիշեք. Աստծու Խոսքն էր, որ հասավ Հովսիայի սրտին և նրան մղեց գործերի։ Ուստի եթե դուք էլ կարդաք Աստվածաշունչը, այն կմղի ձեզ ճիշտ գործերի։ Արդյունքում՝ ձեր կյանքը ավելի երջանիկ կդառնա, ավելի կմտերմանաք Եհովայի՝ ձեր Ընկերոջ հետ և կմղվեք ուրիշներին օգնելու, որ փնտրեն Աստծուն (կարդա 2 Տարեգրություն 34։18, 19)։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը նաև կօգնի ձեզ տեսնելու, թե ինչպես բարելավեք ձեր ծառայությունը։ Ու երբ փոփոխություններ անելու անհրաժեշտություն տեսնեք, Հովսիայի պես ջանքեր թափեք և արեք դրանք։

ԵՀՈՎԱՅԻՆ ԼԻԱԿԱՏԱՐ ՍՐՏՈՎ ԾԱՌԱՅԻՐ

20, 21. ա) Ի՞նչ ընդհանուր բան ունեն Հուդայի չորս թագավորները, որոնց մասին խոսեցինք այս հոդվածում։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։

20 Ի՞նչ օգուտ ստացար՝ քննելով Հուդայի այն չորս թագավորների կյանքը, որոնք Եհովային լիակատար սրտով ծառայեցին։ Իրենց ողջ կյանքի ընթացքում նրանք նախանձախնդրորեն ձգտեցին հաճեցնել Աստծուն և նրան լիակատար նվիրվածությամբ երկրպագեցին։ Այս թագավորները կատարեցին նրա կամքը և դա արեցին նույնիսկ այն ժամանակ, երբ պետք է հզոր թշնամիների դիմադրեին։ Իսկ ամենակարևորն այն է, որ նրանք Եհովային մաքուր մղումներով ծառայեցին։

21 Ինչպես կիմանանք հաջորդ հոդվածից, այս չորս թագավորները իրենց կյանքում սխալներ գործեցին։ Սակայն սրտեր Քննողը տեսավ, որ նրանց սիրտը ամբողջությամբ իր հետ է։ Մենք նույնպես անկատար ենք։ Երբ Եհովան մեզ է քննում, տեսնո՞ւմ է արդյոք, որ իրեն լիակատար սրտով ենք ծառայում։ Հաջորդ հոդվածում կքննարկենք, թե ինչ դասեր կարող ենք քաղել այս թագավորների սխալներից։