Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Չեմ կենտրոնանում իմ հիվանդության վրա»

«Չեմ կենտրոնանում իմ հիվանդության վրա»

«Ես առանց օգնության չէի կարողանում պառկել կամ վեր կենալ։ Քայլելիս ցավեր էի ունենում։ Կոկորդս այնպես էր փակվում, որ չէի կարողանում կուլ տալ ցավազրկող հաբերը։ Մարմնիս վրա առաջացել էին վերքեր, որոնք չէին բուժվում, և դրանցից մի քանիսում փտման պրոցես էր սկսել։ Նաև ունեի ստամոքսի խոցեր և ուժգին այրոց։ Չէի հասկանում՝ ինչ է կատարվում ինձ հետ։ Այդ ժամանակ ես ընդամենը տասը տարեկան էի» (Իլայսա)։

Չնայած իր տկարություններին՝ Իլայսան Աստվածաշնչի մասին ուրախությամբ պատմում է մարդկանց

ՍԿԼԵՐՈԴԵՐՄԻԱ (կարծրամաշկություն) բառը կիրառվում է մի խումբ հիվանդությունների առնչությամբ, որոնցով տառապում է մոտ 2,5 միլիոն մարդ ամբողջ աշխարհում։ Երեխաների շրջանում ավելի հաճախ հանդիպում է օջախային կարծրամաշկությունը, որի ժամանակ հիմնականում կարծրանում են մաշկի հյուսվածքները։

Սակայն բժիշկները ախտորոշեցին, որ տասնամյա Իլայսան տառապում է համակարգային կարծրամաշկության մի տեսակով։ Համակարգային կարծրամաշկությունը ախտահարում է ոչ միայն մաշկը, այլև ներքին օրգանները, այդ թվում երիկամները, սիրտը, թոքերը և ստամոքսաղիքային ուղին։ Բժիշկները մտածում էին, որ բուժումը Իլայսայի կյանքը կերկարացնի ընդամենը հինգ տարով։ Այդ ժամանակից արդեն 14 տարի է անցել, և Իլայսան մինչ օրս կենդանի է։ Թեև նրա հիվանդությունը չի բուժվել, բայց նա լավատեսորեն է նայում կյանքին։ «Արթնացե՛ք»-ը հարցազրույց է անցկացրել նրա հետ։

— Ե՞րբ իմացաք, որ լուրջ հիվանդություն ունեք։

— Երբ ինը տարեկան էի, արմունկիս վրա կտրվածք ստացա։ Վնասված տեղը շատ էր ցավում։ Վերքը գնալով մեծանում էր ու չէր լավանում։ Արյան ստուգման արդյունքում պարզ դարձավ, որ ես տառապում եմ համակարգային կարծրամաշկությամբ։ Առողջական վիճակս արագորեն վատանում էր, ուստի պետք է շտապ գտնեինք մի բժիշկ, որն այդ հիվանդությունը բուժելու փորձ ուներ։

— Կարողացա՞ք գտնել համապատասխան մասնագետ։

— Մենք դիմեցինք մի ռևմատոլոգի։ Նա ծնողներիս ասաց, որ քիմիաբուժությունը կարող է դանդաղեցնել կարծրամաշկության ընթացքը և երկարացնել կյանքս հինգ տարով, նաև հնարավոր էր, որ նվազեին հիվանդության ախտանշանները։ Սակայն բացասական կողմն այն էր, որ քիմիաբուժությունը կթուլացներ իմ իմունային համակարգը։ Այդ դեպքում նույնիսկ մրսածությունը կարող էր մահացու լինել։

— Ինչպես երևում է, բժիշկների ամենավատ կանխատեսումը չի իրականացել։

— Այո՛, հուրախություն ինձ՝ ես դեռ ողջ եմ։ Բայց երբ մոտ 12 տարեկան էի, կրծքավանդակիս հատվածում սկսեցի ուժեղ ցավեր զգալ, որոնք տևում էին մոտ 30 րոպե։ Երբեմն դա լինում էր օրվա մեջ երկու անգամ։ Վիճակս այնքան ծանր էր լինում, որ ցավից գոռում էի։

— Ի՞նչն էր պատճառը, որ այդպիսի ցավեր էիք ունենում։

— Բժիշկները պարզեցին, որ իմ օրգանիզմում հեմոգլոբինի մակարդակը չափազանց ցածր էր, և որ արյունը դեպի ուղեղ մղելու համար սիրտս շատ արագ էր աշխատում։ Ես բուժում ստացա, և մի քանի շաբաթ անց վիճակս թեթևացավ։ Բայց այդ օրերին շարունակ մտածում էի, որ ցանկացած պահի ամեն բան կարող է պատահել։ Ես ինձ երբեք այդքան անօգնական չէի զգացել. ասես անզոր էի ինչ-որ բան փոխելու իմ կյանքում։

— Ձեր հիվանդության ախտորոշումից անցել է 14 տարի։ Ինչպե՞ս է ձեր առողջական վիճակն այսօր։

— Հիմա էլ հաճախ ցավեր եմ ունենում, բացի այդ, ունեմ կարծրամաշկության հետևանքով առաջացած մի շարք հիվանդություններ ու տկարություններ, այդ թվում խոցեր, թոքային ֆիբրոզ, և ստամոքսի ուժգին այրոց։ Այդուհանդերձ, ես չեմ կենտրոնանում իմ հիվանդության վրա և ժամանակս չեմ վատնում՝ ընկնելով տխրության գիրկը, այլ զբաղվում եմ տարբեր հետաքրքիր գործերով։

— Օրինակ՝ ի՞նչ գործերով։

— Ես սիրում եմ նկարել, հագուստ կարել և զարդեր պատրաստել։ Իսկ ամենակարևորն այն է, որ ես՝ որպես Եհովայի վկա, օգնում եմ մարդկանց ուսումնասիրելու Աստվածաշունչը։ Նույնիսկ երբ ի վիճակի չեմ լինում գնալ մարդկանց տուն՝ աստվածաշնչյան լուրը հայտնելու, օգնում եմ իմ հավատակիցներին, ովքեր մեր տարածքում ապրող տարբեր անհատների հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն են անցկացնում։ Անգամ որոշ մարդկանց հետ ինքս եմ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Աստծուն ծառայելը կյանքս իմաստալից է դարձել։

— Ինչո՞ւ եք մասնակցում այդ գործին. չէ՞ որ դուք այդքան լուրջ խնդիրներ ունեք։

— Քանի որ այն տեղեկությունը, որ հայտնում եմ մարդկանց, անչափ կարևոր է և օգտակար։ Բացի այդ, երբ զբաղված եմ լինում ուրիշներին օգնելով, ավելի ուրախ եմ լինում։ Նույնիսկ ֆիզիկապես ավելի առողջ ու կայտառ եմ զգում ինձ։ Այդ ժամանակ մոռանում եմ, որ հիվանդ եմ։

— Ինչպե՞ս է Աստվածաշունչն օգնում, որ դրական մտավիճակ պահպանեք։

— Աստվածաշնչից իմացել եմ, որ տառապանքները ընդամենը ժամանակավոր երևույթ են։ Հայտնություն 21։4-ում ասվում է, որ Աստված իր որոշած ժամանակ «կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի»։ Երբ խորհրդածում եմ այսպիսի համարների շուրջ, ամրանում է հավատս Աստծու այն խոստման հանդեպ, որ հիանալի ապագա է սպասում մարդկանց՝ ոչ միայն քրոնիկական հիվանդությամբ տառապողներին, այլև բոլորին։