Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Կենդանիներ

Կենդանիներ

Գրեթե բոլորս էլ այս կամ այն կերպ առնչվում ենք կենդանիների հետ։ Սակայն արդյոք պատշաճ վերաբերմունք ունե՞նք նրանց հանդեպ։

Ինչպե՞ս պետք է վերաբերվենք կենդանիներին

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Ոմանք ասում են, որ մարդիկ կարող են կենդանիներին վերաբերվել այնպես, ինչպես ուզում են։ Ոմանք էլ այն կարծիքի են, որ նրանց պետք է վերաբերվել այնպես, ինչպես վերաբերվում են մարդկանց։

  • Կենդանիների իրավունքների մի պաշտպան նշում է, որ կենդանիները պետք է ունենան «իրավունքներ, և նրանց չպետք է վերաբերվենք որպես առարկաների կամ տնտեսական ռեսուրսների»։ Նա նաև ավելացնում է. «Մենք չպետք է կենդանիներին մեր անձնական սեփականությունը համարենք»։

  • Իսկ միլիարդատեր մի կին՝ Լեոնա Հելմսլին, արեց մի բան, ինչը շատերը ծայրահեղություն են համարում։ Նա 12 միլիոն դոլար կտակեց իր շանը և կտակում նշեց, որ շան մահից հետո նրան թաղեն իր կողքին։

Մտածեք։ Ինչպե՞ս պետք է վերաբերվենք կենդանիներին։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Կյանքի Աղբյուրը՝ Եհովա Աստված, մարդկանց ասաց, որ «իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների և երկրի բոլոր կենդանի արարածների վրա» (Ծննդոց 1։28)։ Այս խոսքերից եզրակացնում ենք, որ Աստված մարդկանց կենդանիներից բարձր է համարում։

Այս մտքին թիկունք է կանգնում Ծննդոց 1։27-ը. «Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան. տղամարդ և կին ստեղծեց նրանց»։

Քանի որ մարդը «Աստծու պատկերով» է ստեղծվել, նա կարողանում է դրսևորել այն հատկությունները, որ Աստված ունի, ինչպես, օրինակ, իմաստություն, արդարություն և սեր։ Մարդիկ նաև ունեն հոգևոր բաներն ըմբռնելու և ճիշտն ու սխալը զանազանելու բնածին կարողություն։ Կենդանիները չունեն նման ունակություններ, քանի որ նրանք չեն ստեղծվել «Աստծու պատկերով»։ Կենդանիները ցածր են մարդկանցից, ուստի տեղին չէ նրանց վերաբերվել այնպես, ինչպես մարդկանց ենք վերաբերվում։

Արդյո՞ք դա նշանակում է, որ մարդիկ իրավունք ունեն վատ վերաբերվելու կենդանիներին։ Ո՛չ։

  • Իսրայելացիներին տված իր Օրենքում Աստված ասաց, որ նրանք պետք է հոգ տանեն, որ կենդանիները հանգստանան, պետք է կերակրեն նրանց, օգնեն, երբ ինչ-որ բան է պատահում նրանց, և պաշտպանեն վնասվելուց (Ելք 23։4, 5; 2 Օրենք 22։10; 25։4

«Վեց օր քո գործն արա, իսկ յոթերորդ օրը դադարիր գործ անելուց, որպեսզի քո եզն ու էշը հանգստանան» (Ելք 23։12

Կենդանիներին սպանելը սխա՞լ է

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Որսորդությամբ զբաղվող որոշ մարդիկ կենդանիներին սպանում են զուտ սպորտի կամ զվարճության համար։ Իսկ որոշ մարդիկ նույն տեսակետն ունեն, ինչ ռուս գրող Լև Տոլստոյը, որը գրել է, որ կենդանիներին սպանելը և ուտելը պարզապես «անբարո արարք է»։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստված թույլ է տալիս սպանել կենդանիներին՝ մարդկանց կյանքը պաշտպանելու կամ հագուստ պատրաստելու նպատակով (Ելք 21։28; Մարկոս 1։6)։ Աստվածաշունչը նաև ասում է, որ մարդիկ կարող են սպանել կենդանիներին՝ ուտելիք ունենալու համար։ Օրինակ՝ Ծննդոց 9։3-ում գրված է. «Ամեն կենդանի, որ ապրում է, կերակուր լինի ձեզ համար»։ Նույնիսկ Հիսուսը իր աշակերտներին օգնեց ձուկ բռնելու, որը նրանք հետո կերան (Հովհաննես 21։4–13

Սակայն մյուս կողմից Աստվածաշունչն ասում է, որ Աստված «բռնություն սիրողին ատում է» (Սաղմոս 11։5)։ Ահա թե ինչու Աստված չի ցանկանում, որ մենք վնասենք կամ սպանենք կենդանիներին զուտ սպորտի կամ զվարճության նպատակով։

Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ Աստծու համար կենդանիների կյանքը թանկ է։

  • Աստվածաշունչն ասում է, որ արարչագործության ժամանակ «Աստված ստեղծեց երկրի գազաններին՝ ըստ իրենց տեսակի, ընտանի կենդանիներին՝ ըստ իրենց տեսակի, և երկրի մյուս բոլոր կենդանիներին՝ ըստ իրենց տեսակի։ Աստված տեսավ, որ դա լավ է» (Ծննդոց 1։25

  • Աստվածաշունչն ասում է, որ Եհովա Աստված «կենդանիներին իրենց կերակուրն է տալիս» (Սաղմոս 147։9)։ Աստված այնպիսի էկոհամակարգ է ստեղծել, որը հնարավորություն է տալիս, որ կենդանիներն ունենան ապաստան և առատ սնունդ։

  • Իսրայելի Դավիթ թագավորը իր աղոթքում ասաց. «Դու փրկում ես մարդ ու անասուն, ո՛վ Եհովա» (Սաղմոս 36։6)։ Օրինակ՝ նախքան չար մարդկանց ջրհեղեղով կործանելը Եհովան փրկեց ութ հոգու և որոշակի քանակով կենդանիներ՝ ամեն տեսակից (Ծննդոց 6։19

Հստակ է, որ Եհովայի համար թանկ են իր ստեղծած կենդանիները, և նա ակնկալում է, որ մենք պատշաճ վերաբերմունք դրսևորենք նրանց նկատմամբ։

«Արդարը հոգ է տանում իր ընտանի կենդանու հոգու մասին» (Առակներ 12։10)։