Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նրա դեղը Աստծուն ծառայելն է

Նրա դեղը Աստծուն ծառայելն է

Երբ Քենիայում երկու ռահվիրայի ծառայության ժամանակ տուն հրավիրեցին, նրանք անակնկալի եկան՝ տեսնելով անկողնում պառկած մի փոքրամարմին մարդու։ Նա ուներ շատ փոքր իրան և կարճ ձեռքեր։ Երբ ռահվիրաները Աստվածաշնչից կարդացին Աստծու այն խոստումը, որ «կաղը եղջերուի պես կցատկոտի, և համրի լեզուն ուրախությամբ կբացականչի», նա լայն ժպտաց (Ես. 35։6

Այդ մարդու անունը Օնեսմոս էր։ Ռահվիրաներն իմացան, որ նա ծնվել է անկատար ոսկրածագում հիվանդությամբ (այժմ Օնեսմոսը մոտ 40 տարեկան է)։ Նրա ոսկորները չափազանց փխրուն են, այնքան փխրուն, որ մի փոքր սեղմումից կարող են կոտրվել։ Քանի որ այս հիվանդությունը չի բուժվում, Օնեսմոսը ստիպված է ողջ կյանքն ապրել ցավերի մեջ և գամված լինել հաշմանդամի սայլակին։

Նա ցանկացավ Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Նրա մայրը դեմ էր, որ Օնեսմոսը հաճախի քրիստոնեական հանդիպումներին։ Նա վախենում էր, որ որդին վնասվածք կստանա ու ավելի շատ ցավեր կունենա։ Ուստի եղբայրները ձայնագրում էին հանդիպումների ծրագիրը, և Օնեսմոսը դրանք լսում էր տանը։ Հինգ ամիս ուսումնասիրելուց հետո նա որոշեց հաճախել հանդիպումներին, չնայած հասկանում էր, որ կարող է վնասվածք ստանալ։

Ավելացա՞ն Օնեսմոսի ցավերը։ Ընդհակառակը։ Նա պատմում է. «Հանդիպումների ընթացքում զգում էի, որ ցավերս թեթևանում են»։ Օնեսմոսը մտածեց, որ իր ինքնազգացողության լավացման պատճառը Աստվածաշնչի տված հույսն է։ Նրա մայրը տեսավ, որ որդու տրամադրվածությունը փոխվել է, և այնքան ուրախ էր, որ ինքն էլ ուզեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա հաճախ ասում էր. «Որդուս դեղը Աստծուն ծառայելն է»։

Օնեսմոսը շուտով դարձավ չմկրտված քարոզիչ։ Ժամանակի ընթացքում մկրտվեց, իսկ այժմ ծառայող օգնական է։ Նա չի կարողանում քայլել և չի կարողանում օգտագործել մի ձեռքը։ Չնայած դրան՝ նա ուզում էր լավագույնն անել ծառայության մեջ։ Օնեսմոսը ցանկանում էր ենթառահվիրա ծառայել, բայց վարանում էր դիմում գրել։ Ինչո՞ւ։ Որովհետև ինքնուրույն չէր կարող սայլակով շարժվել։ Երբ իր մտահոգության մասին խոսեց հավատակիցների հետ, նրանք խոստացան օգնել։ Եվ օգնեցին. Օնեսմոսը դարձավ ենթառահվիրա։

Նա նույն մտահոգությունն ուներ, երբ ցանկացավ ընդհանուր ռահվիրա դառնալ։ Մի անգամ օրվա խոսքում Օնեսմոսը մի շատ քաջալերական համար կարդաց։ Դա Սաղմոս 34։8-ն էր. «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է»։ Այս համարի շուրջ խորհրդածելուց հետո նա որոշեց ռահվիրայություն սկսել։ Հիմա Օնեսմոսը քարոզում է շաբաթը չորս օր, ունի մի քանի ուսուցում, որոնք հոգևորապես առաջադիմում են։ 2010թ.-ին սովորեց Ռահվիրայական ծառայության դպրոցում։ Նա շատ ուրախացավ, որ իր ուսուցիչը իրեն այցելած այն երկու եղբայրներից մեկն էր։

Օնեսմոսի ծնողներն արդեն մահացել են, և նրա ամենօրյա կարիքները հոգում են ժողովի եղբայրներն ու քույրերը։ Մեր եղբոր սիրտը լի է երախտագիտության զգացումով իր ստացած բոլոր օրհնությունների համար, և նա բաղձանքով սպասում է այն օրվան, երբ «ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Ես. 33։24