Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Անձնվիրաբար ծառայողների կյանքից, Միկրոնեզիա

Անձնվիրաբար ծառայողների կյանքից, Միկրոնեզիա

ՔԵԹՐԻՆԸ մեծացել է Միացյալ Նահանգներում և 16 տարեկանում մկրտվել է։ Նա բարի լուրը ջանասիրաբար էր քարոզում, բայց մարդիկ հիմնականում անտարբեր էին։ Քեթրինն ասում է. «Ես կարդացել էի դեպքեր, երբ մարդիկ աղոթել էին Աստծուն, որ նա ինչ-որ մեկին ուղարկի, որը կօգնի իրենց ճանաչելու իրեն։ Շատ էի ուզում գտնել այդպիսի մարդու, բայց չէր հաջողվում»։

Տարիներ շարունակ ծառայելով նույն տարածքում՝ Քեթրինը սկսեց մտածել այնպիսի վայր տեղափոխվելու մասին, որտեղ մարդիկ ավելի տրամադրված կլինեին լսելու բարի լուրը։ Բայց նա նաև մտածում էր, թե կկարողանա՞ հաղթահարել սպասվող դժվարությունները։ Քեթրինը իր ողջ կյանքում միայն մեկ անգամ էր ընտանիքից հեռու եղել, այն էլ ընդամենը երկու շաբաթով, և ամեն օր կարոտել էր տնեցիներին։ Այնուամենայնիվ, քանի որ շատ էր ուզում օգնել Եհովային փնտրող մարդկանց, որոշեց տեղափոխվել։ Մի քանի հավանական վայրեր քննելուց հետո Քեթրինը նամակ գրեց Գուամի մասնաճյուղ և ստացավ իրեն անհրաժեշտ տեղեկությունը։ 2007թ. հուլիսին 26 տարեկանում նա տեղափոխվեց խաղաղօվկիանոսյան Սայպան կղզի, որն իր տնից հեռու էր 10000 կիլոմետր։ Ի՞նչ եղավ հետո։

ԵՐԿՈՒ ԱՂՈԹՔԻ ՊԱՏԱՍԽԱՆ

Նոր վայր տեղափոխվելուց հետո Քեթրինը հանդիպեց Դորիս անունով մոտ 45 տարեկան մի կնոջ, որը համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի առաջին երեք գլուխներից հետո Քեթրինը սկսեց մտածել, որ լավ կլինի՝ մեկ ուրիշն ուսուցանի Դորիսին։ Նա ասում է. «Դորիսը շատ լավ «ուսուցում» էր։ Բայց ես երբեք Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրություն չէի անցկացրել։ Ուստի մտածեցի, որ նա ավելի փորձառու քրոջ կարիք ունի, գուցե իր տարիքի»։ Քեթրինն աղոթեց Եհովային, որ օգնի իրեն գտնելու համապատասխան քրոջ, որին կկարողանար վստահել իր «ուսուցումը»։ Հետո որոշեց Դորիսին ասել իր մտադրության մասին։

Քեթրինը պատմում է. «Նախքան կհայտնեի ասելիքս, Դորիսն ասաց, որ ինձ հետ ուզում է մի խնդրի մասին խոսել։ Նրան լսելուց հետո պատմեցի, թե Եհովան ինչպես է օգնել ինձ նման իրավիճակում։ Նա շնորհակալություն հայտնեց ինձ»։ Հետո Դորիսը Քեթրինին ասաց. «Եհովան քո միջոցով օգնում է ինձ։ Այն օրը, երբ առաջին անգամ եկար իմ տուն, ես ժամերով Աստվածաշունչ էի կարդում։ Լաց էի լինում ու Աստծուն խնդրում էի ուղարկել մեկին, որը կօգնի ինձ հասկանալու Աստվածաշունչը։ Եվ ահա դու թակեցիր դուռը։ Դա աղոթքիս պատասխանն էր»։ Քեթրինի աչքերը արցունքով են լցվում, երբ նա հիշում է այդ պահը։ Նա ասում է. «Դորիսի խոսքերը իմ աղոթքի պատասխանն էին։ Եհովան ինձ ցույց տվեց, որ ես կարո՛ղ եմ ուսուցանել Դորիսին»։

Դորիսը մկրտվեց 2010թ.-ին և այսօր ինքն է արդեն մի քանի ուսուցում անցկացնում։ Քեթրինն ասում է. «Անչափ ուրախ եմ, որ վերջապես ցանկությունս իրականացավ. օգնեցի մի մարդու դառնալու Եհովայի ծառա»։ Այսօր Քեթրինը ուրախությամբ ծառայում է հատուկ ռահվիրա խաղաղօվկիանոսյան Կուսաիե կղզում։

ԵՐԵՔ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ

Միկրոնեզիայում արտասահմանից եկած հարյուրից ավելի եղբայրներ և քույրեր են ծառայում (19–79 տարեկան)։ Էրիկան, որը 2006թ.-ին, երբ 19 տարեկան էր, տեղափոխվել էր Գուամ, արտահայտում է մեր այս եռանդուն հավատակիցների զգացումները՝ ասելով. «Ռահվիրա ծառայելն այնտեղ, որտեղ մարդիկ ծարավ են ճշմարտության, շատ հաճելի է։ Անչափ շնորհակալ եմ Եհովային, որ ինձ ընձեռել է այս հնարավորությունը։ Ռահվիրայությունը լավագույն բանն է, որ կարող եմ անել»։ Այսօր Էրիկան հատուկ ռահվիրա է Իբայում (Մարշալյան կղզիներ)։ Ինչ խոսք, արտասահմանում ծառայելը նաև իր դժվարություններն ունի։ Քննենք դրանցից երեքը և տեսնենք, թե Միկրոնեզիա տեղափոխված մեր եղբայրներն ու քույրերն ինչպես են հաղթահարում դրանք։

Էրիկան

Ապրելակերպ։ 22-ամյա Սայմոնը, երբ եկավ Պալաու կղզի (2007թ.), շուտով հասկացավ, որ այստեղ զգալիորեն քիչ գումար կարող է վաստակել՝ համեմատած այն աշխատավարձի հետ, որ ստանում էր իր հայրենիքում՝ Անգլիայում։ «Ես պետք է սովորեի չգնել այն, ինչ ցանկանում էի։ Հիմա ավելի ուշադիր եմ, թե ինչ սնունդ գնեմ։ Ավելի երկար եմ փնտրում, մինչև որ հարմար գնով մի բան գտնեմ։ Երբ ինչ-որ բան է կոտրվում, փնտրում եմ օգտագործված մասեր և փորձում եմ գտնել մեկին, ով կկարողանա օգնել ինձ վերանորոգելու այն»։ Ի՞նչ է ասում Սայմոնը իր ապրելակերպի մասին. «Ես հասկացա, թե կյանքում ինչն է իրականում անհրաժեշտ և թե ինչպես կարող եմ ապրել՝ ունենալով քիչ բան։ Առանձին դեպքերում ակնհայտորեն զգացել եմ, թե Եհովան ինչպես է իր ձեռքը մեկնել ու օգնել ինձ։ Յոթ տարի է արդեն, ինչ այստեղ եմ, ու չի եղել մի օր, որ ուտելիք և քնելու տեղ չունենամ»։ Այո՛, Եհովան նեցուկ է լինում նրանց, ովքեր, ցանկանալով նախևառաջ փնտրել Թագավորությունը, պարզ կյանքով են ապրում (Մատթ. 6։32, 33

Կարոտ։ Էրիկան ասում է. «Տնեցիներիս հետ շատ մտերիմ եմ, ուստի անհանգստանում էի, որ կկարոտեմ նրանց ու դա բացասաբար կազդի ծառայությանս վրա»։ Ի՞նչ արեց նա։ «Նախքան տեղափոխվելս կարդացի «Դիտարանի» հոդվածներ տան կարոտի մասին։ Դա ինձ շատ օգնեց։ Մի հոդվածում մայրն իր աղջկան ասում է. «Եհովան քո մասին ինձնից ավելի լավ հոգ կտանի»։ Մոր այս խոսքերն ինձ շատ ոգևորեցին»։ Հանան և նրա ամուսինը՝ Պատրիկը, ծառայում են Մաջուրոյում (Մարշալյան կղզիներ)։ Հանան տան կարոտը հաղթահարում է՝ իր միտքը կենտրոնացնելով ժողովի եղբայրների և քույրերի վրա։ Նա ասում է. «Եհովային միշտ շնորհակալություն եմ հայտնում մեր համաշխարհային եղբայրության համար, որովհետև այն նույնպես իմ ընտանիքն է։ Առանց հավատակիցների սիրո ու հոգատարության՝ երբեք չէի կարողանա ծառայել այնտեղ, որտեղ կարիք կա»։

Սայմոնը

Հարմարվելը։ «Երբ գալիս ես նոր երկիր, քեզ համար գրեթե ամեն ինչ նոր է,— ասում է Սայմոնը։— Երբեմն նույնիսկ կարոտում ես կատակներ անելը և լիովին հասկացված լինելը»։ Էրիկան ասում է. «Սկզբում այնպիսի զգացողություն ունեի, ասես ոչ ոք իմ կարիքը չունի։ Բայց հենց դա օգնեց ինձ ստուգելու արտասահման տեղափոխվելու իմ մղումները. ես այստեղ էի եկել ոչ թե անձնական նպատակներով, այլ Եհովայի համար ավելին անելու ցանկությամբ»։ Քույրն ավելացնում է. «Ժամանակի ընթացքում հիանալի ընկերներ ունեցա։ Նրանք ինձ համար շատ թանկ են»։ Սայմոնը շատ ջանքեր թափեց պալաու լեզուն սովորելու համար, ինչն էլ նրան հնարավորություն տվեց «ընդլայնելու իր սիրտը» տեղի եղբայրների և քույրերի նկատմամբ (2 Կորնթ. 6։13)։ Վերջիններս էլ նրան սիրեցին, որ այդքան ջանքեր էր թափում իրենց լեզուն սովորելու համար։ Երբ արտասահմանից եկածներն ու տեղացի հավատակիցները համագործակցում են իրար հետ, օգուտներ են ստանում բոլորը, և ժողովը ավելի միասնական է դառնում։ Ուրիշ ի՞նչ օգուտներ են ստանում նրանք, ովքեր անձնվիրաբար ծառայում են այնտեղ, որտեղ քարոզիչների կարիքը մեծ է։

«ԱՌԱՏՈՐԵՆ ԷԼ ԿՀՆՁԻ»

Պողոս առաքյալն ասաց. «Ով առատորեն է ցանում, առատորեն էլ կհնձի» (2 Կորնթ. 9։6)։ Այս խոսքերում արտահայտված սկզբունքը, անշուշտ, վերաբերում է նրանց, ովքեր ընդլայնում են իրենց ծառայությունը։ Ի՞նչ են նրանք «առատորեն հնձում» Միկրոնեզիայում։

Պատրիկն ու Հանան

Միկրոնեզիայում բազմաթիվ հնարավորություններ կան սկսելու Աստվածաշնչի ուսումնասիրություն և սեփական աչքերով տեսնելու, թե մարդիկ ինչպես են կիրառում Աստծու Խոսքից սովորածը և հոգևորապես աճում։ Պատրիկն ու Հանան քարոզել են նաև Անգաուրում՝ մի փոքրիկ կղզում, որտեղ ապրում է ընդամենը 320 մարդ։ Երկու ամիս էր արդեն, ինչ նրանք ծառայում էին այնտեղ, և մի անգամ հանդիպեցին մի միայնակ մոր։ Նա միանգամից համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Այդ կինը անմիջապես կիրառում էր սովորածը և մեծ փոփոխություններ արեց։ Հանան ասում է. «Ամեն ուսումնասիրությունից հետո, երբ հեծանիվներով վերադառնում էինք տուն, ես ու Պատրիկը նայում էինք իրար և բացականչում. «Շնորհակա՜լ ենք, Եհո՛վա»։ Հանան ավելացնում է. «Ես գիտեմ, որ Եհովան այդ կնոջը կարող էր մոտեցնել իրեն մեկ ուրիշ ձևով, բայց քանի որ մենք ծառայում ենք այստեղ, պատիվ ենք ունեցել, որ Նա մեր միջոցով այդ կնոջն օգնի իմանալու իր մասին։ Սա մեր կյանքում տեղի ունեցած ամենից հաճելի դեպքերից մեկն է»։ Իսկ Էրիկան ասում է. «Երբ մարդուն օգնում ես ճանաչելու Եհովային, աննկարագրելի ուրախություն ես «հնձում»»։

ԻՍԿ ԴՈՒ ԿԱՐՈ՞Ղ ԵՍ

Շատ երկրներում Թագավորության քարոզիչների մեծ կարիք կա։ Կարո՞ղ ես լինել նրանց թվում, ովքեր տեղափոխվում են այլ վայրեր։ Աղոթիր Եհովային և խնդրիր, որ մեծացնի ծառայությունն ընդլայնելու ցանկությունդ։ Խոսիր ձեր ժողովի երեցների, շրջանային վերակացուի կամ նրանց հետ, ովքեր ծառայել են այդպիսի վայրերում։ Երբ ծրագրերդ սկսեն ուրվագծվել, նամակ գրիր այն մասնաճյուղին, որի հոգածության տակ է մտնում այն տարածքը, որտեղ կցանկանայիր ծառայել, և խնդրիր ավելի շատ տեղեկություն տալ *։ Միգուցե դու է՞լ կարողանաս միանալ այն երիտասարդ թե տարեց, ամուրի թե ամուսնացած հազարավորներին, որոնք ծառայում են անձնվիրաբար և «առատորեն հնձում» են ուրախություն։

^ պարբ. 17 Տե՛ս «Կարո՞ղ ես անցնել Մակեդոնիա» հոդվածը 2011թ. օգոստոսի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում։