Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 Ընտանեկան երջանկության բանալին

Նվիրված եղիր կողակցիդ

Նվիրված եղիր կողակցիդ

Կինը ասում է. «Ես նկատել էի, որ ամուսինս՝ Մայքլը, բավական ժամանակ է, ինչ սառն է իմ նկատմամբ և անտարբեր՝ մեր երեխաների հանդեպ *։ Նրա վերաբերմունքը փոխվեց այն ժամանակ, երբ մենք Ինտերնետ ցանցին միացանք։ Կասկածում էի, թե նա համակարգչով պոռնկագրություն է դիտում։ Մի անգամ, երբ երեխաները գնացին քնելու, ես ուղղակի ստիպեցի նրան խոսել այդ մասին։ Նա խոստովանեց, որ Ինտերնետով պոռնկագրություն է դիտում։ Հոգիս տակնուվրա եղավ։ Չէի հավատում, որ այս ամենը ինձ հետ է կատարվում։ Ես լիովին կորցրի վստահությունս նրա հանդեպ։ Մի գլխացավանք էլ դարձել էր գործընկերս, որը սկսել էր ռոմանտիկ հետաքրքրություն ցուցաբերել իմ նկատմամբ»։

Ամուսինն ասում է. «Կինս՝ Մարիան, համակարգչում պահված մի նկար հայտնաբերեց և բացատրություն պահանջեց ինձնից։ Երբ ասացի, որ հաճախ եմ պոռնկագրություն դիտել, նա այլայլվեց։ Ինձ ճնշված ու մեղավոր էի զգում։ Մի պահ ինձ թվաց, թե ամեն ինչ վերջացած է»։

ԻՆՉՈ՞Ւ Մայքլի ու Մարիայի հարաբերությունները սառեցին։ Գուցե մտածես, թե Մայքլի հիմնական խնդիրը պոռնկագրություն դիտելն էր։ Բայց այդ սովորությունը ավելի խոր արմատներ ուներ։ Խնդիրը կողակցի հանդեպ նվիրվածության պակասն էր *։ Երբ Մայքլն ու Մարիան ամուսնացան, նրանք ակնկալում էին, որ հավերժ սիրելու են իրար ու ապրելու են երջանիկ կյանքով։ Սակայն, ինչպես հաճախ պատահում է, ժամանակի ընթացքում նրանց մտերիմ փոխհարաբերությունները թուլացան։

Դու նույնպե՞ս զգում ես, որ կողակցիդ հետ առաջվա պես մտերիմ չեք։ Կուզեի՞ր վերականգնել ձեր մտերիմ փոխհարաբերությունները։ Եթե այո, ապա ուշադրություն դարձրու հետևյալ երեք հարցերին. ի՞նչ է նշանակում նվիրված լինել կողակցին, ո՞ր խնդիրները կարող են թուլացնել հարաբերությունները, ի՞նչ կարող ես անել ձեր ամուսնական միությունը ամրացնելու համար։

Ի՞նչ է նվիրվածությունը

Շատերը կարծում են, որ եթե պատասխանատվության զգացում ունեն, ուրեմն նվիրված են։ Օրինակ՝ ամուսինները կարող են շարունակել ապրել իրար հետ հանուն երեխաների, կամ էլ հանուն այն բանի, որ իրենց պարտավորված են զգում Աստծու՝ ամուսնության  Հիմնադրի առաջ (Ծննդոց 2։22–24)։ Ճիշտ է, նմանատիպ մղումները կարևոր են և կարող են օգնել ամուսիններին հաղթահարելու ամուսնական կյանքի դժվարությունները, սակայն երջանիկ լինելու համար միայն պատասխանատվության զգացում ունենալը բավական չէ։

Եհովա Աստված ծրագրել էր, որ ամուսնական կյանքը երջանկություն ու բավարարվածություն բերի զույգերին։ Ամուսինը պետք է «ուրախանա [իր] կնոջ հետ», իսկ կինը պետք է սիրի իր ամուսնուն և զգա, որ ամուսինն էլ իրեն է սիրում (Առակաց 5։18; Եփեսացիներ 5։28)։ Սակայն այսպիսի ամուր միություն ունենալու համար ամուսինները պետք է վստահեն իրար։ Նրանք պետք է ամբողջ կյանքի ընթացքում մտերիմ հարաբերություններ զարգացնեն։ Երբ ամուսինները վստահում են միմյանց և ջանում են լինել լավ ընկերներ, նրանց ամուսնական կապը ավելի ու ավելի է ամրանում, ասես երկուսով դառնում են «մեկ մարմին» (Մատթեոս 19։5

Նվիրվածությունը կարելի է նմանեցնել շաղախի, որով աղյուսները իրար վրա են շարում և ամուր տուն են կառուցում։ Շաղախը պատրաստվում է ավազի, ջրի, ցեմենտի խառնուրդից։ Նվիրվածությունն էլ պատասխանատվության, վստահության և ընկերության միաձուլումն է։ Բայցևայնպես, որոշ խնդիրներ կարող են թուլացնել հարաբերությունները։

Ո՞ր խնդիրները կարող են թուլացնել հարաբերությունները

Նվիրվածությունը նախ ջանքեր և անձնազոհություն է պահանջում։ Ուստի կողակցիդ հաճեցնելու համար դու պետք է պատրաստ լինես հրաժարվելու քո նախասիրություններից։ Ցավոք, ուրիշի ցանկությունը սեփական շահերից բարձր դասելու գաղափարը այսօր ընդունված չէ։ Փորձիր մտաբերել, թե քանի եսասեր մարդ գիտես, ովքեր իրենց ամուսնական կյանքում երջանիկ են։ Հավանաբար հատուկենտ մարդկանց կհիշես։ Ինչո՞ւ։ Եսասեր անհատը ունակ չէ նվիրվածություն ցուցաբերելու, հատկապես եթե զոհողությունների պիտի գնա, առավել ևս եթե ոչ մի շահ չունի։ Առանց նվիրվածության՝ հարաբերությունները «դառը» կդառնան՝ անկախ այն բանից, թե որքան «քաղցր» են եղել դրանք սիրահարված ժամանակ։

Աստվածաշունչը իրատեսորեն ասում է, որ ամուսնությունը լուրջ բան է։ Այնտեղ գրված է. «Ամուսնացած տղամարդը մտահոգվում է աշխարհի բաների համար, թե ինչպես կարող է իր կնոջ հավանությունը ստանալ.... ամուսնացած կինը աշխարհի բաների համար է մտահոգվում, թե ինչպես կարող է իր ամուսնու հավանությունը ստանալ» (1 Կորնթացիներ 7։33, 34)։ Ցավոք, նույնիսկ անեսասեր ամուսինները հաճախ չեն հասկանում իրենց կողակցի մտահոգությունները կամ միշտ չէ, որ գնահատում են նրանց արած զոհողությունները։ Երբ ամուսինները թերանում են գնահատանք ցուցաբերել մեկը մյուսի նկատմամբ, հնարավոր է, որ ավելի շատ «նեղություն ունենան իրենց մարմնում» (1 Կորնթացիներ 7։28

Եթե ուզում ես, որ միասին անցկացնեք թե՛ լավ, թե՛ վատ օրերը, ապա պետք է ամուսնությունը համարես երկարատև միություն։ Իսկ ինչպե՞ս կարող ես այսպիսի վերաբերմունք ունենալ։ Ի՞նչ կարող ես անել, որ կողակիցդ էլ քեզ նվիրված մնա։

Ինչպես ամրացնել ամուսնական միությունը

Գաղտնիքը Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի խորհուրդները խոնարհաբար կիրառելու մեջ է։ Եթե այդպես վարվես, միայն օգուտներ կստանաս (Եսայիա 48։17)։ Քննենք ընդամենը երկու գործնական խորհուրդ։

Ժամանակ հատկացրու կողակցիդ

1. Որքա՞ն կարևոր են քեզ համար ձեր հարաբերությունները։

Պողոս առաքյալը գրել է. «Հավաստիացեք, թե որ բաներն են ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։  Աստված կարևորում է այն, թե ինչպես են ամուսինն ու կինը վերաբերվում միմյանց։ Եթե ամուսինը պատվի իր կնոջը, ապա Աստծու  կողմից պատվի կարժանանա։ Իսկ իր ամուսնուն հարգող կինը «մեծ արժեք կունենա Աստծու աչքում» (1 Պետրոս 3։1–4, 7

Որքա՞ն կարևոր են քեզ համար ձեր հարաբերությունները։ Սովորաբար եթե մի բան քեզ համար անչափ կարևոր է, ապա շատ ժամանակ ես տրամադրում դրան։ Հարցրու ինքդ քեզ. «Անցած ամսվա ընթացքում որքա՞ն ժամանակ եմ հատկացրել կողակցիս։ Կոնկրետ ի՞նչ եմ արել, որ հավաստիացնեմ նրան, որ շարունակում ենք լավ ընկերներ մնալ»։ Եթե տեսնում ես, որ շատ քիչ ժամանակ ես տրամադրել կողակցիդ, ապա գուցե ընդունես, որ վերջինիս համար դժվար է հավատալ, որ դու նվիրված ես իրեն։

Քո կարծիքով՝ կողակիցդ քեզ համարո՞ւմ է նվիրված։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Կարող ես գրի առնել հետևյալ հինգ բաները. փող, աշխատանք, ամուսնություն, զվարճություն, ընկերներ։ Այժմ դասավորիր դրանք այն հերթականությամբ, որոնք, ըստ քեզ, առաջնահերթ են կողակցիդ համար։ Խնդրիր նրան նույնն անել։ Այնուհետև քննարկեք յուրաքանչյուրիդ նշումները։ Եթե կողակիցդ կարծում է, որ դու բավականաչափ ժամանակ չես տրամադրում նրան, մտածեք, թե ինչ փոփոխություններ կարող եք անել ձեր ամուսնական միությունը ամրացնելու համար։ Նաև հարցրու ինքդ քեզ. «Ի՞նչ կարող եմ անել, որ ավելի շատ հետաքրքրվեմ այն բաներով, որոնք կարևոր են կողակցիս համար»։

Անհավատարմությունը սկսվում է սրտից

2. Անհավատարմությունը սկսվում է սրտից։

Հիսուս Քրիստոսն ասաց. «Յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում» (Մատթեոս 5։28)։ Երբ անհատը սեռական հարաբերություն է ունենում ամուսնությունից դուրս, ապա դա կարող է մեծ վնաս հասցնել ամուսնական միությանը։ Աստվածաշնչի համաձայն՝ անհավատարմությունը հիմք է ամուսնալուծության համար (Մատթեոս 5։32)։ Իսկ Հիսուսի վերոհիշյալ խոսքերը ցույց են տալիս, որ սխալ ցանկությունը, նախքան անբարոյություն գործելը, կարող է երկար ժամանակ գոյություն ունենալ անհատի սրտում։ Հետևաբար սրտում սխալ ցանկություն ունենալը դավաճանության մի ձև է։

Կողակցիդ հանդեպ նվիրվածություն պահպանելու համար վճռականորեն որոշիր, որ պոռնկագրություն չես դիտելու։ Անկախ այն բանից, թե ուրիշներն ինչ են ասում՝ պոռնկագրությունը «թունավորում է» հարաբերությունները։ Ահա թե ինչպես արտահայտվեց մի կին. «Ամուսինս ասում է, որ պոռնկագրություն դիտելը մեր սերը կրքոտ է դարձնում։  Սակայն ես ինձ անարժեք եմ զգում միայն այն բանի մասին մտածելուց, որ չեմ գոհացնում նրան։ Երբ նա պոռնկագրություն է դիտում, ես այնքան եմ լացում, մինչև ուժասպառ եմ լինում ու չեմ էլ զգում, թե ինչպես եմ քնում»։ Այս տղամարդը ամրացնո՞ւմ է իրենց ամուսնական միությունը, թե՞ քայքայում է այն։ Իսկ նրա կնոջը հե՞շտ է նվիրված մնալ։ Արդյո՞ք նա ցույց է տալիս, որ իր կինը իր ամենամտերիմ ընկերն է։

Հավատարիմ Հոբը նվիրված էր իր կնոջը և Աստծուն, քանի որ «ուխտ էր արել իր աչքերի հետ, որ կոյսի վերայ չ’մտածի» (Յոբ 31։1)։ Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Հոբին։

Պոռնկագրությունից խուսափելու համար դու նաև պետք է պաշտպանես քո սիրտը և հակառակ սեռի անհատի հանդեպ անտեղի հետաքրքրություն չզարգացնես։ Թեև շատերը կարծում են, թե ֆլիրտը չի վնասում ամուսինների հարաբերությունները, սակայն Աստվածաշունչը զգուշացնում է. «Խորամանկ է սիրտն ամենից աւելի եւ ապականուած. նորան ո՞վ կարող է հասկանալ» (Երեմիա 17։9)։ Փաստորեն, սիրտդ կարող է խաբել քեզ։ Ուստի մտածիր. «Ո՞ւմ հանդեպ եմ ավելի սիրալիր և ուշադիր՝ կողակցի՞ս, թե՞ հակառակ սեռի որևէ անհատի հանդեպ։ Ո՞ւմ եմ առաջինը պատմում լավ լուրը։ Եթե կողակիցս խնդրի ինձ սահմանափակել հակառակ սեռի անհատի հետ շփումը, ինչպե՞ս կարձագանքեմ։ Կվրդովվե՞մ, թե՞ պատրաստ կլինեմ հարկ եղած փոփոխություններն անելու»։

ՓՈՐՁԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Եթե նկատում ես, որ հրապուրված ես որևէ անհատով, հնարավորինս քիչ շփվիր նրա հետ և աշխատիր միայն գործնական հարաբերություններ պահպանել։ Մի՛ կենտրոնացիր այն բանի վրա, որ այդ անհատը, ըստ քեզ, գերազանցում է քո կողակցին ինչ–ինչ առումներով։ Փոխարենը՝ կենտրոնացիր կողակցի՛դ դրական հատկությունների վրա (Առակաց 31։29)։ Փորձիր մտաբերել, թե ինչու սիրահարվեցիր նրան։ Հարցրու քեզ. «Կողակիցս իրո՞ք կորցրել է այդ լավ հատկությունները, թե՞ ես եմ կուրացել»։

Առաջին քայլը դու արա

Մայքլն ու Մարիան ընդունեցին, որ ամուսնական կյանքում լուրջ խնդիր ունեն և խորհուրդ հարցրին, թե ինչպես կարող են լուծել այն։ Եվ դա առաջին քայլն էր, որ կարող էին անել։ Այդպիսով նրանք ցույց տվեցին, որ թանկ են գնահատում իրենց ամուսնական միությունը և պատրաստ են ամեն բան անելու հաջողության հասնելու համար։

Անկախ այն բանից՝ ձեր ամուսնական կյանքը կայուն է, թե լարված՝ քո կողակիցը պիտի վստահ լինի, որ դու նվիրված ես իրեն։ Պատրա՞ստ ես ամեն բան անելու երջանիկ ամուսնական կյանք վայելելու համար։

^ պարբ. 3 Անունները փոխված են։

^ պարբ. 5 Բերված օրինակը հավասարապես վերաբերում է նաև կանանց։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ...

  • Ի՞նչ կարող եմ անել, որ ավելի շատ ժամանակ տրամադրեմ կողակցիս։
  • Ի՞նչպես կարող եմ հավաստիացնել կողակցիս, որ նվիրված եմ նրան։