Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ. ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Ինչպես ենք առաջացել և ինչու ենք տառապում

Ինչպես ենք առաջացել և ինչու ենք տառապում

Աստվածաշնչի առաջին գիրքը՝ «Ծննդոց»-ը, հակիրճ հայտնում է տիեզերքի ծագման մասին. «Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը» (Ծննդոց 1։1)։ Բույսերն ու կենդանիներին ստեղծելուց հետո Աստված ստեղծեց առաջին մարդկանց՝ Ադամին ու Եվային։ Նրանք օժտված էին Աստծու հատկություններով և ունեին ազատ կամք, ուստի պատասխանատու էին իրենց արարքների համար։ Եթե նրանք հնազանդվեին Աստծու պատվերներին, իրենց դերը կունենային Աստծու նպատակի իրագործման մեջ՝ կլինեին նախածնողները համաշխարհային մեծ ընտանիքի, որը հավիտյան կվայելեր խաղաղ ու կատարյալ կյանք երկրի վրա։

Սակայն ոգեղեն արարածներից՝ հրեշտակներից մեկը փորձեց մարդկանց իր եսասիրական ցանկությունների համար օգտագործել։ Այդպիսով նա դարձավ Սատանա, որը նշանակում է «հակառակորդ»։ Խոսելով օձի միջոցով՝ Սատանան խաբեց Եվային, ասաց, որ առանց Աստծու առաջնորդության նա ավելի լավ կապրի։ Ադամն ու Եվան հետևեցին Սատանային և վնասեցին իրենց փոխհարաբերությունները Ստեղծչի հետ։ Մեր նախածնողները իրենց կատարած ընտրությամբ կորցրին հավիտյան ապրելու հեռանկարը և մեզ փոխանցեցին մեղք, անկատարություն և մահ։

Աստված իսկույն հայտնեց իր մտադրությունը այս իրավիճակը շտկելու և Ադամի սերունդներին հավիտյան ապրելու հնարավորություն տալու մասին։ Նա ասաց, որ «սերունդը»՝ կոնկրետ մի անձնավորություն, բնաջինջ է անելու Սատանային և վերացնելու է այն տառապանքը, որի պատճառն էին Սատանան, Ադամն ու Եվան (Ծննդոց 3։15)։ Ո՞վ էր լինելու այդ «սերունդը»։ Ժամանակի ընթացքում պարզ կդառնար։

Սատանան շարունակեց փորձել խափանել Աստծու բարի նպատակը։ Մեղքն ու չարությունը շատ արագ տարածվեցին։ Աստված որոշեց ջրհեղեղով վերացնել չար մարդկանց։ Ուստի պատվիրեց արդար Նոյին տապան կառուցել, որպեսզի նա, նրա ընտանիքը և կենդանիները փրկվեին։

Ջրհեղեղից մեկ տարի անց Նոյն ու իր ընտանիքը դուրս եկան տապանից և ոտք դրին մաքրված երկրի վրա։ Բայց Աստծու խոստացած «սերունդը» դեռ պետք է հայտնվեր։

Ծննդոց 1–11-րդ գլուխներ, Հուդա 6, 14 և 15-րդ համարներ, Հայտնություն 12։9