Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Բաբելոնյան գերության մեջ հրեաների կյանքի աստվածաշնչյան նկարագրությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը

Բաբելոնյան գերության մեջ հրեաների կյանքի աստվածաշնչյան նկարագրությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը

Մոտ 2 600 տարի առաջ բաբելոնացիները հրեաներին բռնի կերպով տարան Բաբելոն, որտեղ նրանք գերության մեջ մնացին մոտ 70 տարի։ Աստվածաշնչից իմանում ենք, որ Աստված նախապես նկարագրել էր, թե հրեա գերիները ինչ պայմաններում էին ապրելու Բաբելոնում. «Տներ կառուցեք ու բնակվեք դրանց մեջ, այգիներ տնկեք ու կերեք դրանց պտուղները։ Կին առեք և որդիներ ու աղջիկներ ունեցեք.... Խաղաղություն փնտրեք այն քաղաքի համար, ուր ձեզ գերության ուղարկեցի» (Երեմիա 29։1, 4–7)։ Արդյոք հրեաների կյանքը համապատասխանո՞ւմ էր այդ նկարագրությանը։

Գիտնականները ուսումնասիրել են 100-ից ավելի կավե սալիկներ, որոնք ենթադրաբար հին Բաբելոնից կամ դրա մերձակայքից են։ Ինչպես երևում է այդ սալիկներից, հրեաներից շատերը շարունակում էին պահպանել իրենց մշակութային և կրոնական արժեքները՝ միևնույն ժամանակ խաղաղությամբ ենթարկվելով Բաբելոնի իշխանությանը։ Մ.թ.ա. 572–477 թթ.-ով թվագրված սալիկները ընդգրկում են վարձակալության պայմանագրեր, մուրհակներ, գործարար ձեռնարկումների և այլ ֆինանսական գործարքների մասին արձանագրություններ։ Ինչպես ասվում է մի աշխատությունում, «այդ արձանագրությունները օգնում են որոշակի պատկերացում կազմելու գյուղական վայրերում ապրող հասարակ մարդկանց կյանքի մասին. նրանք հերկում էին հողը, տներ էին կառուցում, վճարում էին հարկերը և տարբեր ծառայություններ մատուցում թագավորին»։

Սեպագիր սալիկ՝ Հուդայի քաղաքից

Արձանագրությունների այս կարևոր հավաքածուից նաև հայտնի է դառնում, որ Ալ Յահուդու (նշանակում է «Հուդայի քաղաք») կոչվող վայրում հրեաների մեծ համայնք կար։ Սալիկների վրա կարելի է կարդալ հրեական մի ընտանիքի չորս սերնդի անուններ։ Հատկանշական է, որ որոշ անուններ գրված են հին եբրայերեն տառերով։ Նախքան այդ սալիկները գտնելը գիտնականները շատ քիչ բան գիտեին Բաբելոնում հրեա գերիների կյանքի մասին։ Իսրայելի հնությունների վարչության տնօրենների խորհրդի անդամ դ-ր Ֆիլիպ Վուկոսավովիչը ասում է. «Այս սալիկների շնորհիվ մենք վերջապես կարող ենք ծանոթանալ այդ մարդկանց հետ՝ իմանալ նրանց անունները, որտեղ և երբ են ապրել ու ինչով են զբաղվել»։

Գերեվարված հրեաները որոշակի ազատություն էին վայելում Բաբելոնում

Գերեվարված հրեաները ունեին մի վայրից մյուսը տեղափոխվելու որոշակի ազատություն։ Նրանք ապրում էին «ոչ միայն Ալ Յահուդուում, այլև մի շարք այլ քաղաքներում»,— ասում է Վուկոսավովիչը։ Հրեաներից ոմանք տարբեր արհեստներ էին սովորել, ինչը օգտակար եղավ նրանց հետագայում՝ Երուսաղեմի վերակառուցման ժամանակ (Նեեմիա 3։8, 31, 32)։ Ալ Յահուդուի սալիկները նաև փաստում են, որ շատ հրեաներ նախընտրեցին մնալ Բաբելոնում, նույնիսկ երբ ազատություն ստացան։ Դա նշանակում է, որ նրանք Բաբելոնում իսկապես համեմատաբար խաղաղ պայմաններում էին ապրում, ինչպես որ կանխագուշակվել էր Աստծու Խոսքում։