Անցնել բովանդակությանը

Բարի լուրը քարոզվում է Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի բնիկ լեզուներով

Բարի լուրը քարոզվում է Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի բնիկ լեզուներով

Եհովայի վկաները հատուկ ջանքեր են գործադրել Մեծ Բրիտանիայի a և Իռլանդիայի բնիկ լեզուներով խոսող մարդկանց քարոզելու համար։ Անգլերենից բացի, այս լեզուների թվում են իռլանդերենը, գելական շոտլանդերենը և ուելսերենը։

2012 թ. սեպտեմբերին մեր նորացված վեբ կայքը՝ jw.org-ը, սկսեց թարգմանվել տարբեր լեզուներով, այդ թվում իռլանդերենով և ուելսերենով, իսկ 2014 թ. օգոստոսից մատչելի դարձավ նաև գելական շոտլանդերենով։ Մենք նաև տպագրում ենք աստվածաշնչյան տարբեր հրատարակություններ այս լեզուներով։ Տեսնենք՝ ինչպես են ոմանք արձագանքել։

Մի եկեղեցու ծառայող վերցրեց գելական շոտլանդերենով թարգմանված Աստվածաշնչի վրա հիմնված թերթիկներից մեկը, բարձրաձայն կարդաց ու սկսեց արտասվել։ Ինչո՞ւ։ Նրան շատ տպավորել էր թարգմանության բարձր որակը։ Նա զարմացած հարցրեց. «Ո՞վ է թարգմանել սա։ Պարզապես հիանալի է»։

Երբ jw.org կայքը թարգմանվեց գելական շոտլանդերենով, առաջին ամսվա ընթացքում այն այցելեց մոտ 750 մարդ։

Իռլանդիայի ազգային համալսարանի (քաղաք Գոլուեյ) դասախոսներից մեկը մի Վկայի ասաց, որ չի հետաքրքրվում կրոնով։ Սակայն երբ իմացավ, որ նրա մոտ կա իռլանդերեն լեզվով հրատարակություն, ցանկացավ «Աստվածաշունչ. ի՞նչ պատգամ է այն հաղորդում» գրքույկի մեկ օրինակ։ Նրա կարծիքով՝ Աստվածաշնչի վրա հիմնված գրականությունը պետք է մարդկանց մատչելի լինի իրենց մայրենի լեզվով։ Դասախոսը գովեց Վկաներին, որ նրանք մեծ ջանքեր են թափել իռլանդախոս մարդկանց աստվածաշնչյան գրականությունը մատչելի դարձնելու համար։

Մի տարեց կին ուելսերեն գրքույկ ստանալուց հետո իր հիացմունք արտահայտեց՝ ասելով. «Անկեղծ ասաց, եթե այն անգլերեն լիներ, չէի վերցնի, բայց քանի որ իմ մայրենի լեզվով է, հաճույքով կվերցնեմ։

2014 թ. օգոստոսին jw.org-ում ուելսերեն լեզվով բազմաթիվ հրատարակություններ դրվեցին։ Հատկանշական է, որ այդ ամիս ուելսերեն հրատարակությունները կարդալու համար կայք այցելողների թիվը կրկնապատկվեց։

«Մենք նույն լեզվով ենք խոսում»

Երբ Հիսուսը իր երկու աշակերտներին բացատրեց Սուրբ գրքերը, նրանք ոգևորված ասացին. «Մի՞թե չէին վառվում մեր սրտերը, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ և բացատրում Սուրբ Գրքերը» (Ղուկաս 24։32)։ Աստվածաշնչյան ճշմարտությունը հաճախ փոխում է մարդու կյանքը, երբ այն բացատրվում է իր մայրենի լեզվով։

Ուելսից Էմիր անունով մի տղամարդ, որի կինը Եհովայի վկա է, չէր ընդունում Վկաների կրոնը։ Հետագայում, սակայն, նա ընկերանում է Ռասել անունով մի Վկայի հետ։ Էմիրը պատմում է, թե ինչպես փոխեց իր դիրքորոշումը. «Ես որոշեցի լրջորեն ուսումնասիրել Աստվածաշունչը, երբ Ռասելը ինձ համար բերեց «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» b գիրքը։ Նա այն տվեց ինձ ու ասաց. «Այն ուելսերեն է։ Այս գրքի միջոցով մենք միասին Աստվածաշունչ կուսումնասիրենք և կսկսենք այսօրվանից»»։ Ինչո՞ւ էր Էմիրին տպավորել Ռասելի անմիջական մոտեցումը։ Նա ասում է. «Մենք խոսում ենք նույն լեզվով, նույն մշակույթն ունենք և հասկանում ենք իրար»։ Էմիրի սիրտը բոցավառվում էր, երբ նա Աստվածաշունչն ուսումնասիրում էր իր մայրենի լեզվով ու հասկանում այն։

Եհովայի վկաները կշարունակեն օգնել մարդկանց սովորել Աստծու մասին իրենց մայրենի լեզվով, որովհետև այն մարդու սրտին է հասնում։

a Այստեղ Մեծ Բրիտանիան վերաբերում է Անգլիային, Շոտլանդիային և Ուելսին։

b Աստվածաշունչ ուսումնասիրելու ձեռնարկ։ Տպագրվել է Եհովայի վկաների կողմից։