Անցնել բովանդակությանը

«Անում եմ իմ լավագույնը»

«Անում եմ իմ լավագույնը»

 Իրման, որն ապրում է Գերմանիայում, գրեթե 90 տարեկան է։ Երկու անգամ ընկնելուց և մի քանի վիրահատություն տանելուց հետո նա առաջվա պես այլևս չի կարողանում քարոզել տնից տուն։ Այժմ Իրման իր հավատի մասին պատմում է հարազատներին և ծանոթներին՝ նրանց նամակներ գրելով։ Նրա քաջալերական և կարեկցանքով լի նամակները այնքան ջերմ արձագանք են գտնում, որ մարդիկ հաճախ զանգահարում են նրան, որպեսզի իմանան, թե երբ է գրելու հաջորդ նամակը։ Իրման նաև ստանում է բազմաթիվ շնորհակալական նամակներ, որոնցում մարդիկ խնդրում են նորից գրել իրենց։ Նա ասում է. «Այս ամենը ինձ ուրախություն է պատճառում և օգնում է հոգևորապես ակտիվ մնալու»։

 Իրման նամակներ է ուղարկում նաև ծերանոցներում ապրողներին։ Նա պատմում է. «Մի տարեց կին զանգահարեց ու ասաց, որ իմ նամակը իրեն շատ է մխիթարել ամուսնու մահից հետո։ Նա պահում է այն իր Աստվածաշնչում և հաճախ երեկոները կարդում է։ Մեկ ուրիշ կին, որի ամուսինը վերջերս է մահացել, ասաց, որ իմ նամակը ավելի շատ է օգնել իրեն, քան քահանայի քարոզը։ Նա շատ հարցեր ուներ և ուզում էր իմանալ, թե արդյոք կարող է այցելել ինձ»։

 Իրմայի ոչ Վկա ծանոթներից մեկը, որը տեղափոխվել էր հեռու վայր, խնդրել էր նրան, որ գրի իրեն։ «Այդ կինը պահել էր իմ բոլոր նամակները,— պատմում է Իրման։— Նրա մահից հետո աղջիկը զանգահարեց ինձ ու ասաց, որ կարդացել է իր մորն ուղարկած իմ բոլոր նամակները, և հարցրեց, թե կարող եմ արդյոք իրեն էլ աստվածաշնչյան թեմաներով նամակներ գրել»։

 Իրման մեծ հաճույք է ստանում իր ծառայությունից։ Նա ասում է. «Ես աղաչում եմ Եհովային, որ շարունակի ինձ ուժ տալ՝ ծառայելու իրեն։ Ճիշտ է, այլևս չեմ կարողանում տնից տուն գնալ, բայց անում եմ իմ լավագույնը»։