Անցնել բովանդակությանը

Նահանգային բանտ Վակավիլում (Կալիֆոռնիա)

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 2020
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Հոգևոր փրկօղակ բանտարկյալների համար

Հոգևոր փրկօղակ բանտարկյալների համար

Երբ ԱՄՆ քրեակատարողական հիմնարկներում COVID-19 համավարակի պատճառով կարանտին հայտարարվեց, հարյուրավոր Եհովայի վկաներ դադարեցին աստվածաշնչյան գրականություն առաջարկելու և Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու նպատակով իրենց կանոնավոր այցելությունները բանտ։ Դրա հետևանքով հազարավոր բանտարկյալներ զրկվեցին հոգևոր սննդից։ Սակայն մեր եղբայրները միջոցներ գտան, որ COVID-19-ից պաշտպանվելու կանոնները չխախտելով՝ շարունակեն քարոզել բանտարկյալներին։

«Մենք մտահոգված էինք բոլոր այն մարդկանցով, ովքեր մեր այցելությունների շնորհիվ հոգևոր սնունդ էին ստանում։ Հիմա նրանք մեր կարիքն ավելի շատ ունեն, քան երբևէ»,— ասում է եղբայր Դան Հոթոնը, ով օգնում է համակարգել բանտերում իրականացվող քարոզչական ծառայությունը ԱՄՆ մասնաճյուղի տարածքում։

Օրինակ՝ եղբայր Մայքա Սիրսթադը կապ հաստատեց Կալիֆոռնիայի Վակավիլ քաղաքի բանտի աշխատակիցների հետ, որպեսզի «JW հեռարձակման» տեսանյութերը բանտ ուղարկելու թույլտվություն ստանա։ Ի զարմանս իրեն՝ բանտի աշխատակիցները նրանից խնդրեցին տեսանյութեր ուղարկել, որոնք կկարողանային ցուցադրել հեռուստատեսության իրենց ներքին ցանցով, որը դիտում են Կալիֆոռնիայի բոլոր 33 բանտերում։ Արդյունքում «Միշտ ուրա՛խ եղեք» 2020 թ. տարածաշրջանային համաժողովը 28 րոպեանոց մասերով օրը երեք անգամ ցուցադրվեց 130 000 հեռուստադիտող ունեցող ալիքով։

Եղբայր Սիրսթադը ասում է. «Եհովայի գործերը տեսնելը ապշեցնում է մեզ։ Երբ նա ինչ-որ բան է ուզում անել, ոչինչ չի կարող կանգնեցնել նրան»։

Մեր եղբայրներն իմացան, որ Ֆլորիդայի Սարասոթա շրջանի բանտի աշխատակիցները ցանկություն են հայտնել «ներշնչյալ գրքերը» հասանելի դարձնել բանտարկյալներին, որպեսզի վերջիններս կարողանան հաղթահարել արգելափակման պատճառով առաջացած սթրեսը։ Ի պատասխան նրանց խնդրանքի՝ մեր եղբայրները անգլերեն ու իսպաներեն Աստվածաշնչեր ու Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն տվեցին նրանց։ Եղբայրները նաև կազմակերպեցին, որ Աստվածաշնչի ուսումնասիրությունները անցկացվեն տեսակապի միջոցով։ Մի բանտարկյալ հետևյալը գրեց իր հետ Աստվածաշնչի օնլայն ուսումնասիրություն անցկացնողին. «Ամեն անգամ անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը։ Մեր հանդիպումներն ինձ մղում են, որ կարդամ Աստվածաշունչը։ Հիմա ապագային այլ կերպ եմ նայում»։

Սարասոթա շրջանի բանտի աշխատակիցները անգլերեն ու իսպաներեն 70 Աստվածաշունչ և Աստվածաշնչի վրա հիմնված 30 հրատարակություն են վերցնում եղբայր Մանոլո Ռոդրիգեսի տնից։ Նա օգնում է տեղավորել գրականությունը։

Մենք անչափ ուրախ ենք, որ ո՛չ համավարակը, ո՛չ էլ բանտի պատերը չեն կարող խանգարել Եհովային, որ նա բավարարի ճշմարտությամբ հետաքրքրված մարդկանց հոգևոր կարիքները (Սաղմոս 139:7–10):