Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Եփեսացիներ 3։20. «[Աստված] կարող է շատ ավելին անել, քան մենք խնդրում ենք կամ մտածում»

Եփեսացիներ 3։20. «[Աստված] կարող է շատ ավելին անել, քան մենք խնդրում ենք կամ մտածում»

 «Իսկ նրան, ով մեզանում ներգործող իր զորությամբ կարող է շատ ավելին անել, քան մենք խնդրում ենք կամ մտածում, նրան լինի փառքը» (Եփեսացիներ 3։20, 21, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Բայց նորան՝ որ կարող է առատութեամբ անել ամեն բաներից աւելի քան որ խնդրում ենք եւ իմանում, այն զօրութեան չափովը՝ որ մեզանում ներգործում է. Նորան փառք լինի» (Եփեսացիներ 3։20, 21, «Արարատ» թարգմանություն)։

Եփեսացիներ 3։20-ի նշանակությունը

 Պողոս առաքյալն արտահայտում է իր վստահությունը, որ Աստված կարող է պատասխանել իր ծառաների աղոթքներին և իրականացնել նրանց խնդրանքները անհնարին թվացող ձևերով՝ նույնիսկ գերազանցելով նրանց հույսերն ու ակնկալիքները։

 «Նրան, ով մեզանում ներգործող իր զորությամբ»։ 21-րդ համարը ցույց է տալիս, որ «նրան» դերանունը մատնանշում է Եհովա Աստծուն։ a Այնտեղ Պողոսն ասում է. «Նրան լինի փառքը ժողովի և Քրիստոս Հիսուսի միջոցով»։ Աստված կարող է մեզ տալ անհրաժեշտ զորությունը՝ ուժը, որ կատարենք նրա կամքը (Փիլիպպեցիներ 4։13

 20-րդ համարում Պողոս առաքյալը մի կարևոր բան է ընդգծում Եհովայի՝ իր ծառաներին օգնելու ունակության վերաբերյալ։ Մի աշխատության մեջ «նրան, ով.... կարող է» արտահայտության հետ կապված հետևյալն է ասվում. «Այստեղ նշված կարողությունը պարզապես ներուժ չէ և ցույց է տալիս, որ Աստված ոչ թե ուղղակի կարող է այդպես անել, այլև ունի դրա համար անհրաժեշտ զորությունը»։ Մեր ընկերները գուցե ցանկություն ունենան օգնելու մեզ, բայց ունակ չլինեն այդպես վարվելու։ Ի տարբերություն նրանց՝ Եհովան միշտ ունակ է անելու այն, ինչ անհրաժեշտ է իր ծառաների մասին հոգ տանելու և վերջիններիս աղոթքներին պատասխանելու համար։ Միայն նա ունի այդպես վարվելու անսահման զորություն և իշխանություն (Եսայիա 40։26

 «[Աստված] կարող է շատ ավելին անել, քան մենք խնդրում ենք կամ մտածում»։ Աստված ավելին է անում, քան պարզապես իր ծառաների կարիքները առատորեն հոգալը։ Նա կարող է նրանց այնպիսի կերպերով օգնել, որոնք վեր են առատաձեռնության մասին վերջիններիս պատկերացումներից։

 «Ավելին.... քան մենք խնդրում ենք կամ մտածում» արտահայտությունը մեկ այլ բան էլ է ցույց տալիս։ Նշելով «ավելին.... քան [մենք] խնդրում ենք կամ մտածում»՝ առաքյալը բոլոր քրիստոնյաների համար պարզ է դարձնում, որ Աստված կարող է օգնել նրանց ամենաանսպասելի ձևերով: Աստվածաշնչի մի թարգմանության մեջ 20-րդ համարի առաջին մասը այսպես է ձևակերպված. «Նրան, ով կարող է անհամեմատ ավելին անել, քան մենք խնդրում ենք կամ պատկերացնում»։ Երբեմն քրիստոնյային գուցե թվա, թե իր խնդիրներն այնքան մեծ են ու այնքան բարդ, որ ուղղակի անլուծելի են։ Հնարավոր է՝ նա նույնիսկ չիմանա՝ ինչի մասին աղոթել։ Բայց Եհովան լիարժեքորեն տիրապետում է ցանկացած իրավիճակի և օգնելու անսահմանափակ կարողություն ունի։ Ճիշտ ժամանակին նա կարող է լուծել ցանկացած խնդիր ու դա այնպես անել, որ իր ծառայի մտքի ծայրով անգամ չի անցնի (Հոբ 42։2; Երեմիա 32։17)։ Իսկ մինչ խնդիրը կվերանա, նա իր ծառային դիմանալու ուժ է տալիս, այն էլ՝ ուրախությամբ դիմանալու (Հակոբոս 1:2, 3

Եփեսացիներ 3։20-ի համատեքստը

 «Եփեսացիներ» գիրքը Պողոս առաքյալի նամակն է՝ ուղղված Եփեսոս քաղաքում բնակվող քրիստոնյաներին։ Քաղաքը գտնվում էր Փոքր Ասիայում, որը ժամանակակից Թուրքիայի մաս է կազմում։ Պողոսն իր նամակում ընդգրկել է այն մտքերը, որոնք նշել էր այս քրիստոնյաների համար աղոթելիս (Եփեսացիներ 3։14-21)։ Առաքյալն աղոթում էր, որ նրանք և, ավելի լայն իմաստով, բոլոր քրիստոնյաները ձգտեն ընդօրինակել Հիսուսի սիրառատ գործերն ու մտածելակերպը և այդպիսով ավելի լավ պատկերացում կազմեն, թե ինչ է Քրիստոսի սերը։ Պողոսը եզրափակեց իր աղոթքը՝ Աստծուն գովաբանելով և ասելով այն, ինչ գրված է Եփեսացիներ 3։20, 21-ում։

 Դիտիր «Եփեսացիներ» գրքի մասին այս կարճ տեսանյութը։

a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։