Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՀԱՆՍ ՔՐԻՍՏԻԱՆ ԿՈՏԼԱՐ

Կենսատեխնոլոգը պատմում է, թե ինչու է հավատում Աստծուն

Կենսատեխնոլոգը պատմում է, թե ինչու է հավատում Աստծուն

1978թ.-ին բժիշկ Հանս Քրիստիան Կոտլարը գիտահետազոտական ոլորտում իր առաջին աշխատանքը սկսեց Նորվեգիայի՝ Ճառագայթային թերապիայի հիվանդանոցում, որտեղ ուսումնասիրություններ էր կատարում քաղցկեղի և մարդու իմուն համակարգի վերաբերյալ։ Այդ ընթացքում նրան նաև սկսեց հետաքրքրել կյանքի ծագման հարցը։ «Արթնացե՛ք»-ը հարցազրույց է անցկացրել նրա հետ։

— Ի՞նչը մղեց ձեզ մտածելու կյանքի իմաստի և ծագման մասին։

— Հայրս կաթոլիկ էր, մայրս՝ բողոքական։ Բայց նրանք կրոնին լուրջ չէին վերաբերվում։ Իսկ ինձ պատանեկան տարիներին շատ էր հետաքրքրում կյանքի իմաստը։ Ես գրքեր էի կարդում բուդդայականության, հնդուիզմի և մահմեդականության մասին, նույնիսկ խնդրում էի Աստծուն, որ ցույց տա, թե որն է ճշմարտությունը։

1970-ականներին մոլեկուլային կենսաբանության ոլորտում մեծ առաջընթաց տեղի ունեցավ, ուստի մտածեցի, թե արդյոք գիտության այս ոլորտի շնորհիվ հնարավոր կլինի բացահայտել կյանքի ծագումը։ Բջջի մեջ եղած բարդ մեխանիզմներն ինձ այնքան էին հետաքրքրում, որ որոշեցի ուսումնասիրել կենսատեխնոլոգիա։ Պետք է նշեմ, որ պրոֆեսորներից շատերն ասում էին, թե կյանքը բնական պրոցեսների արդյունքում է առաջացել, և ես հավատում էի նրանց։

— Ինչո՞ւ սկսեցիք հետաքրքրվել Աստվածաշնչով։

— Մի օր մեր տուն այցելեցին երկու Եհովայի վկաներ։ Թեև նրանք շատ բարեհամբույր էին, բայց ես կոպտորեն ասացի, որ ինձ չի հետաքրքրում նրանց ասածը։ Կինս լսեց մեր խոսակցությունը և ասաց. «Դու լավ չվարվեցիր, Հա՛նս, և հետո քեզ միշտ էլ հետաքրքրել է կյանքի իմաստը»։ Նա իսկապես ճիշտ էր. ես շատ ամաչեցի իմ վարքի համար, ուստի վազեցի Վկաների հետևից։ Նրանց հետ զրուցելիս ասացի, որ ցանկանում եմ իմանալ, թե արդյոք Աստվածաշունչը ներդաշնակ է գիտությանը։

— Ի՞նչ եղավ հետո։

— Վկաները ցույց տվեցին, թե ինչ է ասում Աստվածաշունչը տիեզերքի ահռելի էներգիայի Աղբյուրի մասին։ Նրանք կարդացին աստվածաշնչյան մի համար, որտեղ ասվում էր. «Բարձրացրեք ձեր աչքերն ու նայեք։ Ո՞վ է ստեղծել այս ամենը.... Նրա անսպառ հզոր ուժի և սաստիկ զորության շնորհիվ նրանցից ոչ մեկը չի կորչում» *։ Այդ միտքը տպավորեց ինձ։ Բացի այդ, տրամաբանական էր, որ տիեզերքում տիրող կարգուկանոնի հետևում կանգնած լիներ բանականության տեր էներգիայի Աղբյուր։

— Էվոլյուցիայի մասին ձեր տեսակետը փոխվե՞ց։

— Ժամանակի ընթացքում հասկացա, որ էվոլյուցիայի բազմաթիվ տեսությունները հիմնված չեն գիտական ամուր փաստերի վրա։ Դրանք մեծամասամբ հորինված տեսություններ են, որոնց նպատակն է բացատրել, թե ինչպես են կենդանի օրգանիզմների ապշեցուցիչ կառուցվածքները, ինչպես, օրինակ, իմուն համակարգը առաջացել կույր պատահականության արդյունքում։ Ինչքան շատ էի ուսումնասիրում իմուն համակարգը, այնքան ավելի հստակ էի հասկանում, թե որքան բարդ է այն ու որքան ճշգրիտ է գործում։ Այսպիսով՝ ուսումնասիրությունների արդյունքում եկա այն եզրակացության, որ կյանքը ստեղծվել է բանականություն ունեցող Արարչի կողմից։

Ուսումնասիրությունների արդյունքում եկա այն եզրակացության, որ կյանքը ստեղծվել է բանականություն ունեցող Արարչի կողմից

— Կարո՞ղ եք մի քանի փաստեր նշել։

— Իմուն համակարգը կառուցվածքների և մեխանիզմների մի ապշեցուցիչ համախումբ է և այնպես է ծրագրված, որ պաշտպանի մեզ բազմատեսակ հարուցիչներից, այդ թվում մանրէներից և վիրուսներից։ Իսկ այդ մեխանիզմները իրենց հերթին խմբավորված են երկու իրար լրացնող համակարգերի մեջ։ Առաջինը ժամերի ընթացքում է գրոհում օրգանիզմ ներխուժած մանրէներին, երկրորդը թեև մի քանի օրից է արձագանքում, սակայն ավելի արդյունավետ է գործում կոնկրետ մանրէների դեմ։ Այս երկրորդ համակարգը նաև շատ լավ հիշողություն ունի և մտապահում է առանձին մանրէներ, այնպես որ, եթե դրանք տարիներ անց վերադառնան, նրանց արագ հակահարված կտրվի։ Ողջ իմուն համակարգն այնքան լավ է գործում, որ մարդը նույնիսկ չի էլ գիտակցում, որ վարակիչ մանրէներ են ներթափանցել իր օրգանիզմ, և որ այդ մանրէները արդյունավետորեն «պարտության են մատնվել»։ Նաև ապշեցուցիչ է, թե ինչպես է իմուն համակարգը օտարածին նյութերը տարբերում այն հարյուրավոր տեսակի բջիջներից, որոնցից կազմված է մեր մարմինը։

— Կբացատրե՞ք՝ ինչ է տեղի ունենում, երբ ինչ-որ մանրէ ներթափանցում է մեր օրգանիզմ։

— Մանրէները մեր օրգանիզմ են ներթափանցում սննդի միջոցով, շնչուղիներով, միզասեռական ուղիներով կամ մաշկի վնասվածքի միջոցով։ Երբ իմուն համակարգը հայտնաբերում է, որ «անկոչ հյուրեր» են ներխուժել օրգանիզմ, անմիջապես գործի է դնում հակազդեցությունների մի ամբողջ շղթա, որի մեջ ներգրավված են տասնյակ սպիտակուցներ. դրանցից յուրաքանչյուրը ճշգրտորեն ծրագրավորված է իր դերը կատարելու համար։ Այդ շղթայի յուրաքանչյուր բաղադրիչ ակտիվացնում է հաջորդին՝ հակահարվածն ուժեղացնելու համար։ Այս պրոցեսն ուղղակի ցնցող է։

— Կարելի՞ է ասել, որ գիտության ոլորտում ստացած գիտելիքներն ամրացրել են ձեր հավատն Աստծու հանդեպ։

— Անկասկա՛ծ։ Իմուն համակարգի բարդությունը և ապշեցուցիչ գործունեությունը ցույց են տալիս, որ գոյություն ունի իմաստուն ու սիրառատ Արարիչ։ Նաև ուզում եմ ասել, որ գիտությունը ամրացրել է իմ վստահությունը Աստվածաշնչի հանդեպ։ Օրինակ՝ Առակներ 17։22-ում գրված է, որ «ուրախ սիրտը բուժիչ է»։ Մասնագետները պարզել են, որ մարդու մտավիճակը կարող է ազդել նրա իմուն համակարգի վրա։ Օրինակ՝ սթրեսը կարող է թուլացնել իմուն համակարգը։

— Գիտության ոլորտում աշխատողներից շատերը չեն հավատում Աստծուն։ Ինչո՞ւ։

— Պատճառները տարբեր են։ Ոմանք պարզապես ընդունում են այն, ինչ իրենց սովորեցնում են, ինչպես, օրինակ, իմ դեպքում էր։ Հավանաբար, նրանք կարծում են, թե էվոլյուցիան հիմնված է գիտական փաստերի վրա։ Ուրիշներն էլ խորությամբ չեն մտածում, թե ինչպես է կյանքն առաջացել։ Դա իրոք ցավալի է։ Կարծում եմ՝ նրանք պետք է ավելի շատ հարցեր տան իրենք իրենց։

— Ինչո՞ւ դարձաք Եհովայի վկա։

— Ինձ շատ էր տպավորում Վկաների հյուրասիրությունը և Արարչի խոստումների հանդեպ նրանց ամուր հավատը *։ Այդ հավատը հիմնված է ուսումնասիրությունների և առողջ տրամաբանության վրա, ոչ թե անհիմն գաղափարների կամ ենթադրությունների *։