Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 16

Նա իմաստուն էր, քաջ և անեսասեր

Նա իմաստուն էր, քաջ և անեսասեր

1-3. ա) Ինչո՞ւ կարող էր Եսթերի համար դժվար լինել ամուսնու գահին մոտենալը։ բ) Ինչպե՞ս արձագանքեց թագավորը Եսթերի այցին։

ԵՍԹԵՐԸ դանդաղ քայլերով մոտենում էր գահին։ Սիրտը ուժգին բաբախում էր, քիչ էր մնում՝ դուրս թռչեր։ Պալատի հսկայական գավիթում այնպիսի լռություն էր տիրում, որ նա կարող էր լսել իր հանդարտ քայլերի ձայնը և շքեղ հանդերձների շրշյունը։ Նրան չէին շեղում պալատի շքեղությունը, հոյակերտ սյուները, հեռավոր Լիբանանի մայրու փայտից պատրաստված առաստաղի ճոխ փորագրությունները։ Նրա ողջ ուշադրությունը կենտրոնացած էր այն մարդու վրա, որը նստած էր գահին, նրա, ումից կախված էր իր կյանքը։

2 Թագավորը նայեց Եսթերի կողմը, հետո ձեռքի ոսկե գավազանը մեկնեց նրա ուղղությամբ։ Սա մի պարզ շարժում էր, բայց այն կյանք էր նշանակում։ Այդպես թագավորը ցույց տվեց, որ ներում է Եսթերի հենց նոր կատարած հանցանքը։ Իսկ ո՞րն էր նրա հանցանքը. Եսթերը առանց հրավերի եկել էր թագավորի մոտ։ Մոտենալով գահին՝ թագուհին ձեռքը մեկնեց առաջ և երախտագիտությամբ լի սրտով դիպավ գավազանի ծայրին (Եսթ. 5։1, 2

Եսթերը երախտապարտ էր թագավորին իր հանդեպ ողորմած լինելու համար

3 Ասուերոսը հսկայական հարստության և զորության տեր էր։ Կարծիք կա, որ այն ժամանակվա պարսիկ միապետների հանդերձները հարյուր միլիոնավոր դոլարներ արժեին։ Թագավորը գուցեև անմատչելի էր թվում, բայց Եսթերը ջերմություն տեսավ իր ամուսնու աչքերում. Ասուերոսը նրան յուրահատուկ ձևով էր սիրում։ Նա ասաց. «Ի՞նչ է պատահել, ո՛վ Եսթեր թագուհի, և ի՞նչ է քո ուզածը։ Նույնիսկ եթե թագավորությանս կեսը խնդրես, կտրվի քեզ» (Եսթ. 5։3

4. Ի՞նչ դժվարություններ էին սպասում Եսթերին։

4 Եսթերը մեծ հավատ ու քաջություն էր դրսևորել՝ համարձակվելով գալ թագավորի մոտ՝ իր ժողովրդին փրկելու համար։ Մինչև այս պահը ամեն ինչ լավ էր ընթացել, բայց առջևում դեռ մեծ դժվարություններ էին սպասվում։ Նա պետք է համոզեր այս հպարտ միապետին, որ նրա ամենավստահելի խորհրդականը չար մարդ է, որ նա մոլորեցնում է թագավորին՝ նրա միջոցով փորձելով վերացնել Եսթերի ժողովրդին։ Ինչպե՞ս էր Եսթերը համոզելու նրան, և ի՞նչ կարող ենք սովորել նրա հավատից։

Իմաստուն Եսթերը գիտեր՝ երբ խոսել

5, 6. ա) Ինչպե՞ս Եսթերը կիրառեց Ժողովող 3։1, 7-ի սկզբունքը։ բ) Ինչպե՞ս Եսթերը իմաստություն դրսևորեց ամուսնու հետ խոսելիս։

5 Ի՞նչ կլիներ, եթե Եսթերը խնդրի մասին խոսեր անմիջապես պալատի գավիթում՝ այնտեղ գտնվող մարդկանց ներկայությամբ։ Եթե նա այդպես աներ, ապա կնվաստացներ թագավորին, իսկ նրա խորհրդական Համանին ժամանակ կտար մտածելու, թե ինչպես հերքել իրեն ուղղված մեղադրանքները։ Ի՞նչ արեց Եսթերը։ Դարեր առաջ Սողոմոն թագավորը Աստծու ներշնչանքով գրել էր. «Ամեն ինչ իր ժամանակն ունի.... [կա] լռելու ժամանակ և խոսելու ժամանակ» (Ժող. 3։1, 7)։ Հավանաբար աստվածավախ Մուրթքեն ժամանակին Եսթերին սովորեցրել էր այսպիսի սկզբունքներ։ Երիտասարդ կինը, անշուշտ, գիտեր, թե երբ է «խոսելու ժամանակը»։

6 Եսթերն ասաց. «Եթե թագավորին հաճելի է, թող Համանի հետ այսօր գա այն խնջույքին, որը կազմակերպել եմ թագավորի համար» (Եսթ. 5։4)։ Ասուերոսը համաձայնվեց և Համանին կանչեց այդ խնջույքին։ Եսթերն, ինչ խոսք, իմաստությամբ վարվեց. նա ցույց տվեց, որ հարգում է իր ամուսնու արժանապատվությունը, և նպաստավոր պայմաններ ստեղծեց իր մտահոգությունը նրան հայտնելու համար (կարդա՛ Առակներ 10։19

7, 8. Ինչպե՞ս էր կազմակերպված Եսթերի առաջին խնջույքը, սակայն ինչո՞ւ նա հետաձգեց թագավորի հետ խոսելը։

7 Անկասկած, Եսթերն այդ խնջույքը այնպես կազմակերպեց, որ իր ամուսնու բոլոր նախասիրությունները բավարարվեն։ Խնջույքին կար ընտիր գինի, որը նպաստելու էր բարձր տրամադրությանը (Սաղ. 104։15)։ Ասուերոսի տրամադրությունը բարձր էր, և նա դարձյալ հարցրեց Եսթերին, թե որն է նրա խնդրանքը։ Գուցե հասե՞լ էր խոսելու ժամանակը։

8 Եսթերի կարծիքով՝ դեռ ոչ։ Նա թագավորին և Համանին հրավիրեց խնջույքի գալ նաև հաջորդ օրը (Եսթ. 5։7, 8)։ Ինչո՞ւ հետաձգեց։ Հիշենք, որ Եսթերի ժողովուրդը թագավորի հրամանով դատապարտվել էր մահվան։ Իրավիճակը շատ լուրջ էր, և Եսթերը պետք է համոզված լիներ, որ պահը ճիշտ է ընտրել։ Ուստի սպասեց՝ ստեղծելով մեկ այլ հնարավորություն՝ իր ամուսնուն ցույց տալու համար, որ շատ է հարգում նրան։

9. Ինչո՞ւ է համբերությունը արժեքավոր հատկություն, և ինչպե՞ս կարող ենք այս հարցում ընդօրինակել Եսթերին։

9 Համբերությունը հազվագյուտ և արժեքավոր հատկություն է։ Եսթերը, թեև վշտացած էր և շատ էր ուզում իր մտքինն ասել, համբերությամբ սպասեց հարմար պահի։ Մենք կարող ենք շատ բան սովորել նրանից. հավանաբար բոլորս էլ ունենում ենք մտատանջող խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել։ Եթե հարկ լինի մեր խնդրով դիմել իշխանություն ունեցող որևէ մեկի, պետք է ընդօրինակենք Եսթերին և լինենք համբերատար։ Առակներ 25։15-ում ասվում է. «Համբերությամբ ղեկավարին կարելի է համոզել, և մեղմ լեզուն կարող է ոսկոր կոտրել»։ Եթե Եսթերի պես սպասենք հարմար պահի և խոսենք մեղմորեն, ապա կարող ենք կոտրել նույնիսկ ոսկորի պես ամուր դիմադրությունը։

Համբերությունը ճանապարհ բացեց արդարության առաջ

10, 11. Ինչո՞ւ Համանի տրամադրությունը խնջույքից հետո փոխվեց, և ի՞նչ խորհուրդ տվեցին նրա կինն ու ընկերները։

10 Եսթերի համբերությունը վարձատրվեց. սկսվեց իրադարձությունների մի ապշեցուցիչ զարգացում։ Համանը առաջին խնջույքից հեռացավ բարձր տրամադրությամբ՝ «ուրախ ու զվարթ սրտով», քանի որ թագավորն ու թագուհին մեծ պատվի էին արժանացրել նրան։ Բայց երբ անցնում էր ամրոցի դարպասով, աչքն ընկավ հրեա Մուրթքեին, որը առաջվա պես չխոնարհվեց նրա առաջ։ Բայց դա արհամարհանք չէր, Մուրթքեն պատճառներ ուներ այդպես վարվելու։ Նրա արարքը կապված էր իր խղճի և Եհովա Աստծու հետ ունեցած փոխհարաբերությունների հետ։ Ինչևէ, Համանը «կատաղությամբ լցվեց» (Եսթ. 5։9

11 Երբ Համանը Մուրթքեի պահվածքի մասին պատմեց իր կնոջն ու ընկերներին, նրանք առաջարկեցին պատրաստել մոտավորապես 22 մետր բարձրության մի ցից և հետո թագավորից թույլտվություն ստանալ Մուրթքեին դրանից կախելու համար։ Համանին դուր եկավ այս միտքը, և նա անմիջապես գործի անցավ (Եսթ. 5։12–14

12. Ո՞րն էր պատճառը, որ թագավորը կարդալ տվեց տարեգրության գիրքը, և ի՞նչ իմացավ արդյունքում։

12 Գիշերը թագավորի քունը փախավ։ Նա հրամայեց, որ իր մոտ բերեն տարեգրության գիրքը և կարդան։ Այլ բաների թվում ընթերցվեց նաև Ասուերոսի դեմ ծրագրված մահափորձի մասին արձանագրությունը։ Նա հիշեց այդ դեպքը. դավադիրները բռնվել էին և մահապատժի ենթարկվել։ Դավադրությունը բացահայտել էր Մուրթքեն։ Թագավորի հետաքրքրությունը շարժվեց, ու նա հարցրեց, թե ինչով են պարգևատրել Մուրթքեին։ Սպասավորները պատասխանեցին. «Նրա համար ոչինչ չի արվել» (կարդա՛ Եսթեր 6։1–3

13, 14. ա) Ինչպե՞ս Համանի ակնկալիքները ի դերև եղան։ բ) Ի՞նչ ասացին Համանի կինն ու ընկերները պատահածի առնչությամբ։

13 Զայրացած թագավորը հարցրեց, թե պալատականներից ով կա գավիթում։ Հենց այդ պահին Համանն էր այնտեղ։ Ըստ ամենայնի, նա եկել էր բավական վաղ, որովհետև շատ էր ուզում Մուրթքեին սպանելու թույլտվություն ստանալ։ Բայց նախքան նա կխոսեր այդ մասին, թագավորը հարցրեց, թե որն է լավագույն ձևը պատվելու այն մարդուն, ով շահել է թագավորի բարեհաճությունը։ Համանը մտածեց, թե Ասուերոսը իրեն նկատի ունի, ուստի ասաց, որ հարկավոր է այդ մարդուն հագցնել արքայական հագուստ, նստեցնել թագավորի ձին և մի բարձրաստիճան պաշտոնյայի նշանակել, որ հանդիսավոր կերպով նրան ման տա Շուշան քաղաքով՝ բարձրաձայն գովաբանելով նրան։ Պատկերացրու Համանի դեմքի արտահայտությունը, երբ իմացավ, որ խոսքը Մուրթքեի մասին է։ Իսկ թագավորը ո՞ւմ նշանակեց պատիվ տալու Մուրթքեին։ Համանին (Եսթ. 6։4–10

14 Համանը մեծ դժկամությամբ կատարեց իր համար տհաճ հանձնարարությունը և շտապեց տուն։ Նրա կինն ու ընկերները ասացին, որ այդ ամենի վերջը վատ է լինելու. հրեա Մուրթքեի դեմ պայքարում նա ջախջախվելու է (Եսթ. 6։12, 13

15. ա) Ի՞նչ արդյունք տվեց Եսթերի համբերությունը։ բ) Ինչո՞ւ է իմաստուն համբերությամբ սպասել։

15 Եսթերը մեկ օր սպասեց, որ իր խնդրանքը հայտնի թագավորին, և այդ ժամանակը բավարար էր, որ Համանի անկումը սկսվեր։ Ակներևաբար թագավորի քունը Եհովան էր փախցրել (Առակ. 21։1)։ Զարմանալի չէ, որ Սուրբ Գիրքը հորդորում է «համբերությամբ սպասել» Աստծուն (կարդա՛ Միքիա 7։7)։ Եթե այդպես անենք, կտեսնենք, որ խնդիրներ լուծելու Աստծու տարբերակը լավագույնն է։

Նա խոսեց քաջաբար

16, 17. ա) Ե՞րբ եկավ Եսթերի խոսելու ժամանակը։ բ) Ինչո՞վ էր Եսթերը տարբերվում Վաշթիից։

16 Եսթերը չչարաշահեց թագավորի համբերությունը. որոշեց երկրորդ խնջույքի ժամանակ ամեն ինչ պատմել։ Բայց ինչպե՞ս։ Երբ խնջույքի ժամանակ թագավորը դարձյալ հարցրեց, թե որն է թագուհու խնդրանքը, Եսթերը հասկացավ, որ եկել է «խոսելու ժամանակը» (Եսթ. 7։2

17 Թագուհին հավանաբար նախ լուռ աղոթեց Աստծուն, հետո ասաց. «Եթե ես հաճություն եմ գտել քո աչքում, ո՛վ թագավոր, ու եթե թագավորին հաճելի է, խնդրում եմ, թող իմ հոգին և իմ ժողովուրդը ինձ շնորհվեն» (Եսթ. 7։3)։ Այս խոսքերից երևում է Եսթերի խոր հարգանքը թագավորի հանդեպ։ Որքա՜ն էր նա տարբերվում Վաշթիից՝ թագավորի նախկին կնոջից, որը գիտակցաբար նվաստացրել էր իր ամուսնուն (Եսթ. 1։10–12)։ Բացի այդ, Եսթերը չքննադատեց թագավորին, որ անխոհեմաբար վստահել էր Համանին։ Փոխարենը՝ աղաչեց նրան պաշտպանել իրեն մահվան սպառնալիքից։

18. Ինչպե՞ս Եսթերը իր խնդիրը ներկայացրեց թագավորին։

18 Այդ լուրը ցնցեց թագավորին, և նա զարմացավ. ո՞վ էր համարձակվել վտանգի ենթարկել իր թագուհուն։ Եսթերը շարունակեց. «Ես ու իմ ժողովուրդը վաճառվել ենք, որպեսզի ոչնչացվենք, սպանվենք ու կործանվենք։ Եթե որպես ստրուկներ և աղախիններ վաճառված լինեինք, ես կլռեի։ Բայց այս աղետը անթույլատրելի է, քանի որ դա թագավորին էլ վնաս կհասցնի» (Եսթ. 7։4)։ Ուշադրություն դարձրու, որ թեև Եսթերը անկեղծորեն ներկայացրեց իր խնդիրը, սակայն նաև ավելացրեց, որ կլռեր, եթե միայն ստրկացնելու սպառնալիքը լիներ։ Մինչդեռ այդ ցեղասպանությունը թագավորի վրա շատ թանկ կնստեր, եթե նա լռեր։

19. Ի՞նչ կարող ենք սովորել Եսթերից մարդկանց համոզելու հարցում։

19 Եսթերի օրինակը շատ բան է սովորեցնում մեզ այն մասին, թե ինչպես խելացի ձևով համոզել դիմացինին։ Եթե երբևէ հարկ լինի բացահայտ խոսել որևէ լուրջ խնդրի մասին հարազատի կամ իշխանություն ունեցողի հետ, եղիր համբերատար, հարգալից և անկեղծ (Առակ. 16։21, 23

20, 21. ա) Ինչպե՞ս Եսթերը բացահայտեց Համանի դավադրությունը։ բ) Ինչպե՞ս վարվեց սարսափած Համանը։

20 Ասուերոսը հարցրեց. «Ո՞վ է նա, ո՞վ է հանդգնել այդպիսի բան անել»։ Պատկերացրու, թե ինչպես է Եսթերը մատնացույց անելով Համանին՝ ասում. «Այդ մարդը, այդ հակառակորդն ու թշնամին այս չար Համանն է»։ Ի՞նչ արձագանք կգտներ այս մեղադրանքը։ Համանը սարսափեց։ Թագավորի երեսի գույնը հավանաբար փոխվեց, երբ նա հասկացավ, որ իր վստահելի խորհրդականը հիմարացրել է իրեն՝ ստորագրել տալով մի այնպիսի հրաման, որի համաձայն՝ իր սիրելի կինը պետք է սպանվի։ Թագավորը զայրացած դուրս եկավ պարտեզ՝ հանդարտվելու (Եսթ. 7։5–7

Եսթերը քաջաբար մերկացրեց Համանի նենգ ծրագրերը

21 Համանը՝ այդ փոքրոգի դավադիրը, ընկավ թագուհու ոտքերը։ Երբ թագավորը վերադարձավ ու տեսավ Համանին Եսթերի թախտի վրա նրան աղաչելիս, բարկացավ ու մեղադրեց նրան իր տանը թագուհուն բռնաբարելու փորձ անելու մեջ։ Սա արդեն Համանի մահվան դատավճիռն էր։ Նրա երեսը ծածկեցին ու տարան։ Պալատականներից մեկը թագավորին ասաց, որ Համանը մի բարձր ցից է պատրաստել Մուրթքեին կախելու համար։ Ասուերոսը անմիջապես հրամայեց, որ այդ ցցից կախեն Համանին (Եսթ. 7։8–10

22. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եսթերին անարդարության բախվելիս։

22 Այսօրվա անարդար աշխարհում դժվար է պատկերացնել, որ կարող է լինել արդարություն։ Դո՞ւ էլ ես այդպես մտածում։ Եսթերը երբեք չվհատվեց, հույսը չկտրեց և հավատը չկորցրեց։ Երբ ժամանակը եկավ, նա խիզախորեն հայտնեց ճշմարտությունը և սպասեց Եհովային։ Եկեք մենք էլ նույնն անենք։ Եհովան Եսթերի օրերից մինչև հիմա չի փոխվել։ Նա առաջվա պես կարող է ամբարիշտ ու նենգ մարդկանց գցել իրենց իսկ փորած փոսը, ինչպես որ վարվեց Համանի հետ (կարդա՛ Սաղմոս 7։11–16

Անեսասեր կինը նվիրված էր Եհովային և իր ժողովրդին

23. ա) Ինչպե՞ս թագավորը վարձատրեց Մուրթքեին ու Եսթերին։ բ) Ինչպե՞ս իրականացավ Բենիամինի վերաբերյալ Հակոբի մարգարեությունը (տե՛ս « Մարգարեության կատարումը» շրջանակը)։

23 Վերջապես թագավորն իմացավ, որ Մուրթքեն ոչ միայն այն մարդն է, ով փրկել է իրեն մահից, այլև Եսթերի զարմիկն է, որը հոր պես հոգ է տարել նրան։ Ասուերոսը Համանի պաշտոնին Մուրթքեին նշանակեց։ Համանի տունը և նրա ողջ հարստությունը թագավորը տվեց Եսթերին, նա էլ հանձնեց Մուրթքեի հսկողությանը (Եսթ. 8։1, 2

24, 25. ա) Ինչո՞ւ էր Եսթերը շարունակում անհանգստանալ Համանի դավադրությունը բացահայտելուց հետո։ բ) Ինչպե՞ս Եսթերը կրկին վտանգի ենթարկեց իր կյանքը։

24 Այժմ, երբ Եսթերի ու Մուրթքեի կյանքը վտանգի տակ չէր, կշարունակեի՞ն անհանգստանալ ժողովրդի մասին։ Իհարկե, չէ՞ որ նրանք եսասեր չէին։ Այդ ժամանակ բոլոր հրեաներին սպանելու մասին Համանի հրամանը արդեն հասել էր կայսրության բոլոր ծայրերը։ Համանը վիճակ, կամ՝ փուր էր գցել (ակներևաբար սա ոգեհարցության մի ձև էր), որպեսզի որոշեր իր նենգ ծրագիրը իրականացնելու նպաստավոր ժամանակը (Եսթ. 9։24–26)։ Ճիշտ է, դեռ ամիսներ կային այդ օրվան, բայց այն արագորեն մոտենում էր։ Ինչպե՞ս կարելի էր կանխել աղետը։

25 Եսթերը դարձյալ իր կյանքը վտանգի ենթարկեց, դարձյալ առանց հրավերի գնաց թագավորի մոտ։ Այս անգամ նա լաց լինելով թագավորին աղաչեց իր ժողովրդի փրկության համար՝ խնդրելով չեղյալ համարել այդ սարսափելի հրամանագիրը։ Բայց պարսից թագավորների հաստատած օրենքները չէին կարող բեկանվել (Դան. 6։12, 15)։ Ուստի Ասուերոսը Եսթերին և Մուրթքեին լիազորեց նոր օրենք հրապարակելու, ըստ որի՝ հրեաները պաշտպանվելու իրավունք էին ստանում։ Սուրհանդակները սլացան կայսրության բոլոր կողմերը՝ բարի լուր տանելով հրեաներին։ Նրանց սրտերում հույսի կրակ առկայծեց (Եսթ. 8։3–16)։ Հրեաները, ըստ ամենայնի, սկսեցին զինվել ու պատրաստվել կռվի, որը նրանք չէին կարող անել, եթե նոր հրամանագիրը չլիներ։ Բայց հրամանագրից ավելի կարևոր էր այն, որ «Զորքերի Տեր Եհովան» աջակցելու էր իր ժողովրդին (1 Սամ. 17։45

Եսթերն ու Մուրթքեն հրամանագիր ուղարկեցին Պարսկական կայսրությունում բնակվող հրեաներին

26, 27. ա) Ի՞նչ հաղթանակ շնորհեց Եհովան իր ժողովրդին։ բ) Ի՞նչ մարգարեություն կատարվեց Համանի որդիների սպանությամբ։

26 Երբ նշանակված օրը եկավ, Աստծու ժողովուրդը պատրաստ էր։ Այժմ նույնիսկ բազմաթիվ պարսիկ պաշտոնյաներ էին աջակցում նրանց, որովհետև նոր գլխավոր իշխանի՝ հրեա Մուրթքեի համբավը տարածվել էր ամենուրեք։ Եհովան իր ժողովրդին մեծ հաղթանակ շնորհեց։ Անկասկած, նա պաշտպանեց իր ժողովրդին և թշնամիներին լիովին պարտության մատնեց, այնպես, որ հետո չկարողանան վնասել նրանց * (Եսթ. 9։1–6

27 Բացի այդ, Մուրթքեն երբեք չէր կարող հանգիստ տնօրինել Համանի տունը, քանի դեռ այդ չար մարդու տասը որդիները կենդանի էին։ Ուստի նրանք նույնպես սպանվեցին (Եսթ. 9։7–10)։ Այդպիսով կատարվեց աստվածաշնչյան մի մարգարեություն. Աստված դարեր առաջ կանխագուշակել էր, որ ամաղեկացիները, որոնք իր ժողովրդի ոխերիմ թշնամիներն էին, ամբողջովին բնաջինջ էին լինելու (2 Օրենք 25։17–19)։ Ըստ ամենայնի, Համանի որդիները այդ դատապարտված ազգի վերջին ներկայացուցիչներն էին։

28, 29. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եհովայի կամքն էր, որ Եսթերն ու իր ժողովուրդը ներգրավված լինեին պատերազմում։ բ) Ինչո՞ւ պետք է երախտապարտ լինենք, որ Եսթերի պատմությունը գրի է առնվել Աստվածաշնչում։

28 Եսթերը իր փխրուն ուսերի վրա մեծ պատասխանատվություններ էր վերցրել, օրինակ՝ նա մեծ դեր ունեցավ այս զինված ընդհարմանը վերաբերող հրամանագրի արձակման գործում։ Ինչ խոսք, նրա համար դա հեշտ չէր։ Բայց Եհովայի կամքն էր, որ իր ժողովուրդը պաշտպանված լիներ ոչնչացումից, քանի որ Իսրայել ազգից էր դուրս գալու խոստացյալ Մեսիան՝ ամբողջ մարդկության փրկության միակ հույսը (Ծննդ. 22։18)։ Այսօր Աստծու ծառաները գիտեն, որ երբ Մեսիան՝ Հիսուսը, եկավ երկիր, իր հետևորդներին արգելեց մասնակցել պատերազմների ու զինված ընդհարումների (Մատթ. 26։52

29 Այսօր քրիստոնյաները մասնակցում են հոգևոր պատերազմի, քանի որ Սատանան ամեն ջանք թափում է կործանելու Եհովա Աստծու հանդեպ մեր հավատը (կարդա՛ 2 Կորնթացիներ 10։3, 4)։ Որքա՜ն երախտապարտ ենք, որ Աստվածաշնչում գրվել է Եսթերի մասին։ Եկեք ընդօրինակենք այդ իմաստուն, համբերատար, քաջ և անեսասեր կնոջը ու նրա պես պատրաստ լինենք պաշտպանելու Աստծու ժողովրդին։ Թող որ ունենանք այնպիսի հավատ, ինչպիսին որ նա ուներ։

^ պարբ. 26 Թագավորը հրեաներին թույլատրեց պայքարը շարունակել նաև հաջորդ օրը (Եսթ. 9։12–14)։ Մինչ օրս հրեաները ամեն տարի վաղ գարնանը՝ ադար ամսին, նշում են այդ հաղթանակը։ Տոնը կոչվում է Փուրիմ, որովհետև Համանը վիճակ, կամ՝ փուր էր գցել հրեաներին ոչնչացնելու համար։