Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ անել, երբ անսպասելի առողջական խնդիր է առաջանում

Ի՞նչ անել, երբ անսպասելի առողջական խնդիր է առաջանում

Առողջությունդ հանկարծակի վատթարացե՞լ է։ Ուրեմն գիտես, թե որքան հյուծող կարող է լինել առողջական խնդիրը թե՛ հոգեպես, թե՛ ֆինանսապես։ Ի՞նչը կօգնի քեզ այս իրավիճակում։ Ինչպե՞ս կարող ես աջակցել այն հարազատիդ կամ ընկերոջդ, որն այդպիսի խնդիր ունի։ Թեև Աստվածաշունչը բժշկական գիրք չէ, սակայն այն պարունակում է գործնական խորհուրդներ, որոնք կարող են օգնել քեզ լավագույնս հաղթահարել այդ դժվար իրավիճակը։

Առաջարկներ, որոնք կօգնեն հաղթահարել առողջական խնդիրը

  • Բժշկի դիմիր

    Ինչ է ասում Աստվածաշունչը. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները» (Մատթեոս 9։12

    Կիրառությունը: Անհրաժեշտության դեպքում դիմիր մասնագետի օգնությանը։

    Փորձիր հետևյալը: Ընտրիր քեզ հասանելի լավագույն բուժօգնությունը։ Որոշ դեպքերում ավելի խելամիտ է երկու մասնագետի հետ խորհրդակցել (Առակներ 14։15)։ Բժշկին մանրամասնորեն ներկայացրու քո խնդիրը, այնպես, որ նա հասկանա քեզ և ունենա քո հիվանդության ողջ պատկերը։ Հավաստիացիր, որ դու էլ ամբողջությամբ նրան ես հասկանում (Առակներ 15։22)։ Տեղեկություններ ձեռք բեր քո հիվանդության և առաջարկվող բուժմեթոդների մասին։ Երբ գիտես, թե քեզ ինչ է սպասում, զգացապես ավելի պատրաստված ես լինում և կարողանում ես բուժմանդ վերաբերյալ ավելի ճիշտ որոշումներ կայացնել։

  • Առողջ կենսակերպ վարիր

    Ինչ է ասում Աստվածաշունչը. «Մարմնին վարժութիւնը քիչ բանի օգտակար է» (1 Տիմոթեոս 4։8, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։

    Կիրառությունը: Առողջ կենսակերպ վարելը, օրինակ՝ մարմնամարզությամբ զբաղվելը օգտակար է։

    Փորձիր հետևյալը: Կանոնավոր մարմնամարզությամբ զբաղվիր, առողջարար սնունդ օգտագործիր և բավականաչափ քնիր։ Ըստ մասնագետների՝ ժամանակ և էներգիա ներդնելով օգտակար սովորություններ զարգացնելու ուղղությամբ՝ ավելի արագ կբարելավես առողջությունդ։ Բայց ինչ էլ որոշես անել, հավաստիացիր, որ բուժմանդ ընթացքում հակացուցված չէ քեզ։

  • Ուրիշներից օգնություն խնդրիր

    Ինչ է ասում Աստվածաշունչը. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակներ 17։17

    Կիրառությունը: Ընկերներդ կարող են օգնել քեզ հաղթահարել այդ դժվարությունը։

    Փորձիր հետևյալը: Խոսիր քո վստահելի ընկերոջ հետ, ում կարող ես անկաշկանդ պատմել զգացումներիդ մասին։ Այդպես ավելի հեշտ կլինի դիմանալ էմոցիոնալ ու մտային լարվածությանը։ Ընկերներդ և ընտանիքիդ անդամները թերևս ցանկանան տարբեր կերպերով օգնել քեզ, սակայն չիմանան՝ ինչ անել։ Ուստի անկեղծորեն նշիր, թե ինչի կարիք ունես։ Ողջամիտ ակնկալիքներ ունեցիր և միշտ շնորհակալ եղիր նրանց տրամադրած օգնության համար։ Բայց հիշիր, որ թեև նրանք ուզում են օգնել, սակայն գուցե երբեմն անգիտակցաբար անհանգստացնեն քեզ։ Ուստի հնարավոր է՝ անհրաժեշտ լինի սահմանափակումներ դնել այցելությունների հաճախականության և տևողության վրա։

  • Դրական մտածելակերպ պահպանիր

    Ինչ է ասում Աստվածաշունչը. «Ուրախ սիրտը բուժիչ է, բայց խոցված ոգին չորացնում է ոսկորները» (Առակներ 17։22

    Կիրառությունը: Դրական մտածելակերպը և լավատեսությունը կօգնեն, որ հավասարակշռված մնաս և հաղթահարես առողջական խնդիրդ։

    Փորձիր հետևյալը: Նոր իրավիճակին հարմարվելու ընթացքում մի՛ մտածիր այն բաների մասին, որոնք քո վերահսկողությունից դուրս են, փոխարենը՝ կենտրոնացիր այն բաների վրա, որոնք կարող ես անել։ Մի՛ համեմատիր քեզ ուրիշների հետ։ Մի՛ համեմատիր նաև այժմյան վիճակդ նախկին վիճակիդ հետ (Գաղատացիներ 6։4)։ Խելամիտ և հասանելի նպատակներ դիր։ Դրանք կօգնեն քեզ լավատեսությամբ նայել ապագային (Առակներ 24։10)։ Որքանով հանգամանքներդ թույլ են տալիս, օգնիր ուրիշներին։ Ուրիշներին բարիք անելու ուրախությունը կօգնի քեզ չկենտրոնանալ բացասական մտքերի վրա (Գործեր 20։35

Աստված կօգնի՞ հաղթահարել առողջական խնդիրները

Աստվածաշունչն ասում է, որ Եհովա Աստված a կարող է օգնել հաղթահարել առողջական խնդիրները։ Ճիշտ է, մենք չենք ակնկալում, որ Աստված հրաշքով կբուժի մեզ, բայց համոզված ենք, որ նա կօգնի հետևյալ կերպերով։

Խաղաղություն։ Եհովան կարող է տալ «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք» (Փիլիպպեցիներ 4։6, 7)։ Այս խաղաղությունը կամ ներքին հանգստությունը կարող է օգնել անհատին չափից շատ չանհանգստանալ։ Աստված տալիս է այս խաղաղությունը նրանց, ովքեր աղոթում են իրեն և պատմում են իրենց մտահոգությունների մասին (1 Պետրոս 5։7

Իմաստություն։ Եհովան կարող է իմաստություն տալ քեզ, որ ողջամիտ որոշումներ կայացնես (Հակոբոս 1։5)։ Այդ իմաստությունը կարող ես ձեռք բերել՝ սովորելով և կիրառելով աստվածաշնչյան սկզբունքները, որոնք միշտ ժամանակահարմար են։

Լավ ապագայի հույս։ Եհովան խոստացել է, որ ապագայում «ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։24)։ Այս հույսի շնորհիվ շատերը չեն կորցրել իրենց լավատեսությունը նույնիսկ ամենածանր առողջական խնդիրների դեպքում (Երեմիա 29։11, 12

a Եհովան Աստծու անունն է, ինչպես գրված է Աստվածաշնչում (Սաղմոս 83։18