Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԶՐՈՒՅՑ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ

Եհովայի վկաները հավատո՞ւմ են Հիսուսին

Եհովայի վկաները հավատո՞ւմ են Հիսուսին

Ներկայացնում ենք մի զրույց, որը տեղի է ունենում Եհովայի վկայի և մեկ ուրիշ տղամարդու միջև։ Վկային կանվանենք Արթուր, որը այցելել է Կարեն անունով մի տղամարդու։

ՀԻՍՈՒՍԻ ՀԱՆԴԵՊ ՀԱՎԱՏԸ ԿԵՆՍԱԿԱՆ Է

Արթուր— Բարև՛, Կարե՛ն։ Ուրախ եմ, որ նորից հանդիպեցինք։

Կարեն— Ես էլ եմ ուրախ։

Արթուր— Ես բերել եմ «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերի վերջին համարները։ Կարծում եմ՝ քեզ շատ դուր կգան դրանց միջի հոդվածները։

Կարեն— Շնորհակալ եմ։ Լավ է, որ եկար։ Մի հարց ունեմ քեզ տալու։

Արթուր— Ի՞նչ հարց։

Կարեն— Անցած օրը խոսում էի գործընկերոջս հետ։ Պատմեցի նրան քո տված գրականության մասին և ասացի, թե որքան հետաքրքիր է այն։ Բայց նա ասաց, որ չկարդամ դրանք, քանի որ Եհովայի վկաները չեն հավատում Հիսուսին։ Դա ճի՞շտ է։ Ես նրան ասացի, որ կհարցնեմ քեզ այդ մասին, երբ հաջորդ անգամ գաս։

Արթուր— Կարե՛ն ջան, ճիշտ ես անում, որ ինձ ես հարցնում։ Ավելի լավ է հենց Վկաներից իմանալ, քան ուրիշներից։ Ի վերջո, ամենաճիշտը տվյալ մարդուց հարցնելն է, թե ինչին է նա հավատում։

Կարեն— Համաձայն եմ։

Արթուր— Ճշմարտությունն այն է, որ Եհովայի վկաները հավատում են Հիսուսին և համոզված են, որ Հիսուսին հավատալը կենսական է փրկության համար։

Կարեն— Ես այդպես էի մտածում, բայց երբ գործընկերս ասաց, որ չեք հավատում Հիսուսին, որոշեցի հարցնել քեզ։ Մենք այդ մասին երբեք չենք խոսել։

Արթուր— Կարե՛ն ջան, ուզում եմ, որ միասին կարդանք որոշ աստվածաշնչյան համարներ, որոնք շեշտում են Հիսուսին հավատալու կարևորությունը։ Դրանք այն համարներն են, որ Եհովայի վկաները հաճախ օգտագործում են իրենց ծառայության մեջ։

Կարեն— Լավ։

Արթուր— Կարծում եմ՝ տեղին կլինի սկսել հենց Հիսուսի խոսքերից, որոնք գրված են Հովհաննես 14։6-ում։ Նա դրանք ասաց իր առաքյալներից մեկի հետ զրուցելիս։ Կարդում ենք. «Հիսուսը պատասխանեց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով»»։ Այս խոսքերի համաձայն՝ միայն ինչպե՞ս կարող ենք մոտենալ Հորը։

Կարեն— Հիսուսի միջոցով։

Արթուր— Ճիշտ է, ու Եհովայի վկաները միանշանակ հավատում են դրան։ Իսկ հիմա մի հարց տամ քեզ։ Ինչքանով որ դու ծանոթ ես Աստծու պահանջներին, ո՞ւմ անունով մարդը պետք է աղոթի։

Կարեն— Հիսուսի անունով։

Արթուր— Համաձայն եմ։ Եվ այդ պատճառով ամեն անգամ ես Հիսուսի անունով եմ աղոթում։ Նույնը անում են բոլոր Եհովայի վկաները։

Կարեն— Հետաքրքիր է։

Արթուր— Նկատի առնենք մեկ ուրիշ աստվածաշնչյան համար՝ Հովհաննես 3։16-ը։ Այս համարը այնքան կարևոր է, որ կոչվում է «փոքրիկ Ավետարան», որովհետև եթե Հիսուսի երկրային կյանքի ու ծառայության մասին գրված ամեն բան փորձեինք արտահայտել մեկ համարով, դա կլիներ հենց այս համարը։ Կցանկանա՞ս կարդալ այն։

Կարեն— Այո՛։ «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա»։

Արթուր— Շնորհակալություն։ Քեզ ծանո՞թ է այս համարը։

Կարեն— Այո՛։ Ես շատ եմ լսել այն եկեղեցում։

Արթուր— Դա հայտնի համար է։ Եթե ուշադիր այն քննենք, կնկատենք, թե ինչ ասաց Հիսուսը։ Նա ասաց, որ Աստծու սիրո շնորհիվ մարդիկ հավիտենական կյանք վայելելու հնարավորություն ունեն, բայց միայն ո՞ր դեպքում։

Կարեն— Եթե հավատ դրսևորեն։

Արթուր— Ճիշտ է։ Հատկապես միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Եվ այն, որ Հիսուսի հանդեպ հավատը հավիտենական կյանքի ճանապարհ է բացում, նշված է հենց այստեղ՝ իմ բերած ամսագրի 2-րդ էջում։ «Դիտարանի» նպատակի վերաբերյալ ասվում է, որ այլ բաների թվում այս ամսագիրը «մղում է մարդկանց հավատ զարգացնելու Հիսուս Քրիստոսի հանդեպ, որը մահացել է, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք, ինչպես նաև հայտնում է այն մասին, որ նա այժմ իշխում է որպես Աստծու Թագավորության Թագավոր»։

Կարեն— Փաստորեն, հենց ձեր ամսագրում ապացույց կա, որ Եհովայի վկաները հավատում են Հիսուսին։

Արթուր— Շատ ճիշտ է։

Կարեն— Այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ ասում, որ դուք չեք հավատում Հիսուսին։

Արթուր— Դրա համար թերևս մի շարք պատճառներ կան։ Որոշ դեպքերում մարդիկ այդպես են ասում պարզապես այն պատճառով, որ ուրիշներն են այդ կարծիքին։ Կամ նրանց մեջ այդ սխալ տեսակետը իրենց քահանան է սերմանել։

Կարեն— Արթո՛ւր, մտքովս անցավ, որ գուցե ոմանք ասում են, որ դուք չեք հավատում Հիսուսին, քանի որ կոչվում եք Եհովայի վկաներ և ոչ թե Հիսուսի վկաներ։

Արթուր— Դա էլ կարող է պատճառ լինել։

Կարեն— Իսկ ինչո՞ւ եք դուք այդքան շատ խոսում Եհովայի մասին։

«ԵՍ ՃԱՆԱՉԵՑՐԻ ՆՐԱՆՑ ՔՈ ԱՆՈՒՆԸ»

Արթուր— Պատճառներից մեկն այն է, որ մենք հավատում ենք, որ կարևոր է գործածել Աստծու անձնանունը՝ Եհովա, ինչպես որ անում էր նրա Որդին՝ Հիսուսը։ Տես, թե իր Հորն աղոթելիս ինչ ասաց նա։ Այդ խոսքերը գրված են Հովհաննես 17։26-ում։ Կկարդա՞ս։

Կարեն— Կկարդամ։ «Ես ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպեսզի այն սերը, որով դու ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես միության մեջ լինեմ նրանց հետ»։

Արթուր— Շնորհակալություն։ Ուշադրություն դարձրու, որ Հիսուսն ասաց, որ մարդկանց ճանաչեցրել է Աստծու անունը։ Քո կարծիքով՝ ինչո՞ւ է նա արել դա։

Կարեն— Ը՜։ Չգիտեմ։

Հիսուսին հավատալը կենսական է փրկության համար

Արթուր— Կարդանք մեկ ուրիշ աստվածաշնչյան համար, որը լույս կսփռի այս հարցի վրա։ Օրինակ՝ Գործեր 2։21-ը։ Այնտեղ ասվում է. «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի»։ Համոզված եմ՝ կհամաձայնվես, որ եթե փրկության համար Եհովայի անունը կանչելը պահանջ է, անկասկած, Հիսուսը կիմանար այդ պահանջի մասին։

Կարեն— Այո՛, իհարկե։

Արթուր— Ուստի իր հետևորդների փրկությունը ևս մեկ պատճառ է, թե ինչու էր Հիսուսի համար կարևոր, որ նրանք իմանային ու գործածեին Աստծու անունը։ Եվ դա գլխավոր պատճառներից մեկն է, թե ինչու ենք Եհովայի մասին այդքան շատ խոսում։ Մենք համոզված ենք, որ կարևոր է ճանաչեցնել Աստծու անունը և օգնել ուրիշներին կանչելու այն։

Կարեն— Բայց նույնիսկ եթե մարդիկ չգիտեն Աստծու անձնանունը կամ չեն գործածում այն, միևնույնն է, Աստծու մասին խոսելիս նրանք հասկանում են, թե ում մասին են խոսում։

Արթուր— Հնարավոր է։ Բայց անգամ եթե այդպես է, իր անունը մեզ հայտնելով՝ Աստված իրեն մոտենալը մեզ համար ավելի է հեշտացրել։

Կարեն— Ի՞նչ նկատի ունես։

Արթուր— Մտածենք։ Մենք կարիք չունեինք իմանալու Մովսեսի անունը։ Ընդամենը կարող էինք իմանալ, որ նա բաժանել է Կարմիր ծովը և ստացել Տասը պատվիրանները։ Նույնը կարելի է ասել Նոյի մասին, ինչո՞ւ էր անհրաժեշտ իմանալ նրա անունը։ Կարող էինք միայն իմանալ, որ նա տապան է կառուցել ու փրկել է իր ընտանիքը և կենդանիներին։ Այս նույն տրամաբանությամբ նույնիսկ Հիսուս Քրիստոսի մասին կարող էինք ուղղակի իմանալ, որ նա երկնքից է եկել և մահացել է մեր մեղքերի համար։ Ճի՞շտ է։

Կարեն— Ճիշտ է։

Արթուր— Բայց Աստված հոգ է տարել, որ մենք իմանանք այս մարդկանց անունները, քանի որ այդպիսով նրանց մասին արձանագրությունները ավելի իրական են դառնում մեզ համար։ Նույնիսկ եթե երբեք չենք հանդիպել Մովսեսին, Նոյին կամ Հիսուսին, միայն նրանց անուններն իմանալը օգնում է, որ այդ մարդիկ ավելի իրական դառնան մեզ համար։

Կարեն— Ես երբեք այդպես չեմ մտածել։ Բայց դա տրամաբանական է։

Արթուր— Սա ևս մեկ պատճառ է, թե ինչու են Եհովայի վկաները այդքան շատ գործածում Աստծու անունը։ Մենք ցանկանում ենք օգնել մարդկանց հավատ զարգացնելու Եհովա Աստծու հանդեպ որպես իրական Անձնավորության, ում կարող են մոտենալ։ Միևնույն ժամանակ մեծ շեշտ ենք դնում այն բանի վրա, թե ինչ դեր ունի Հիսուսը մեր փրկության հարցում։ Այս առնչությամբ ևս մեկ համարի ուշադրություն դարձնենք։

Կարեն— Լավ։

Արթուր— Արդեն կարդացինք Հովհաննես 14։ 6-ը։ Հիշո՞ւմ ես, որ Հիսուսն ասաց, որ ինքն է «ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»։ Հիմա մի քանի համար հետ գնանք ու կարդանք Հովհաննես 14։1-ը։ Կկարդա՞ս, թե ինչ ասաց Հիսուսը համարի վերջին մասում։

Կարեն— Այո՛։ Այստեղ ասվում է. «Հավատացեք Աստծուն, հավատացեք նաև ինձ»։

Արթուր— Շնորհակալություն։ Ըստ այս համարի՝ կարելի՞ է ասել, որ ճշմարիտ հավատը նախընտրության հարց է։ Կարո՞ղ ես հավատալ կա՛մ Հիսուսին, կա՛մ Եհովային։

Կարեն— Ո՛չ։ Հիսուսն ասաց, որ պետք է հավատանք երկուսին։

Արթուր— Ճիշտ ես։ Վստահ եմ կհամաձայնվես, որ բավարար չէ միայն ասել, որ հավատում ենք Աստծուն և Հիսուսին։ Մենք պետք է այնպիսի կյանքով ապրենք, որը ցույց կտա, որ մենք հավատում ենք նրանց։

Կարեն— Լիովին համաձայն եմ։

Արթուր— Հաջորդ անգամ կարող ենք խոսել այն մասին, թե ինչպես անհատը կարող է ցույց տալ, որ իսկապես հավատում է Աստծուն և Հիսուսին։ Լա՞վ *։

Կարեն— Շատ լավ, կսպասեմ։

Հավանաբար ունեք այնպիսի աստվածաշնչյան հարց, որի պատասխանն ուզում եք իմանալ։ Կամ գուցե ցանկանում եք տեղեկանալ Եհովայի վկաների հավատալիքներին և գործունեությանը։ Երբ հաջորդ անգամ հանդիպեք Վկաներին, մի՛ վարանեք խոսել նրանց հետ։ Նրանք հաճույքով կպատասխանեն ձեր հարցերին։

^ պարբ. 60 Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 12-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։