Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 2

Ո՞վ է Աստված

Ո՞վ է Աստված

1. Ինչո՞ւ պետք է երկրպագենք Աստծուն։

Ճշմարիտ Աստվածը ամեն բանի Արարիչն է։ Նա ո՛չ սկիզբ ունի, ո՛չ էլ վերջ (Սաղմոս 90։2)։ Նա է այն բարի լուրի Աղբյուրը, որը գրված է Աստվածաշնչում (1 Տիմոթեոս 1։11)։ Քանի որ Աստված է մեզ կյանք տվել, մենք պետք է երկրպագենք միմիայն նրան։ Կարդա՛ Հայտնություն 4։11։

2. Ինչպիսի՞ն է Աստված։

Մարդկանցից ոչ մեկը չի տեսել Աստծուն, քանի որ նա Ոգի է։ Ոգեղենը կյանքի ավելի բարձր տեսակ է և նման չէ երկրի վրա ապրող արարածների կյանքին (Հովհաննես 1։18; 4։24)։ Այնուհանդերձ, մենք կարող ենք ճանաչել Աստծուն նրա ստեղծագործությունների միջոցով։ Օրինակ՝ մրգերի և ծաղիկների բազմազանությունը վկայում է նրա սիրո և իմաստության մասին։ Իսկ անծայրածիր տիեզերքը խոսում է նրա զորության մասին։ Կարդա՛ Հռոմեացիներ 1։20։

Մենք Աստծու մասին ավելի շատ բան կարող ենք իմանալ՝ ընթերցելով Աստվածաշունչը։ Օրինակ՝ այնտեղ գրված է, թե ինչպիսին է Աստված, ինչ է սիրում, ինչը նրան դուր չի գալիս, ինչպես է վերաբերվում մարդկանց և ինչպես է վարվում տարբեր իրավիճակներում։ Կարդա՛ Սաղմոս 103։7–10։

3. Աստված անուն ունի՞։

Հիսուսն ասաց. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի քո անունը» (Մատթեոս 6։9)։ Թեև Աստված շատ տիտղոսներ ունի, նա միայն մեկ անուն ունի։ Տարբեր լեզուներով այն տարբեր կերպ է արտասանվում։ Օրինակ՝ հայերենում այն հնչում է «Եհովա»։ Որոշ մարդկանց ծանոթ է նաև «Յահվե» արտասանությունը։ Կարդա՛ Սաղմոս 83։18։

Աստծու անունը հանվել է Աստվածաշնչի բազում թարգմանություններից և փոխարինվել է «Տեր» կամ «Աստված» տիտղոսներով։ Սակայն Աստվածաշնչի բնագրում Աստծու անունը հանդիպում էր մոտ 7000 անգամ։ Հիսուսը հայտնում էր Աստծու անունը, երբ սովորեցնում էր մարդկանց նրա մասին։ Կարդա՛ Հովհաննես 17։26։

Դիտեք «Աստված անուն ունի՞» տեսանյութը։

4. Եհովան հոգ տանո՞ւմ է մեր մասին։

Այս հոգատար հոր պես՝ Աստված գործում է ի նպաստ մեր ապագա բարօրության

Արդյոք այն, որ տառապանքն այսքան շատ է, նշանակո՞ւմ է, որ Եհովան անտարբեր է մեր հանդեպ։ Որոշ մարդիկ պնդում են, թե Աստված տառապանքի միջոցով փորձում է մեզ։ Բայց դա ամենևին էլ այդպես չէ։ Կարդա՛ Հակոբոս 1։13։

Աստված մարդկանց օժտել է ազատ կամքով։ Մի՞թե չենք գնահատում այն, որ ազատ ենք ընտրելու՝ ծառայել Աստծուն, թե ոչ (Հեսու 24։15)։ Ցավոք, շատերը սխալ ընտրություն են անում և իրենց վատ արարքներով լցնում են աշխարհը տառապանքով։ Եհովային մեծ վիշտ են պատճառում մարդկանց անարդար գործերը։ Կարդա՛ Ծննդոց 6։5, 6։

Եհովան այնպիսի Աստված է, որը հոգ է տանում մեր մասին։ Նա ուզում է, որ վայելենք կյանքը։ Շուտով նա կվերացնի տառապանքը և նրանց, ում պատճառով գոյություն ունի այն։ Իսկ մինչ այդ կարող ենք համոզված լինել, որ Եհովան լուրջ հիմքեր ունի թույլ տալու, որ մի որոշ ժամանակ տառապանքը գոյություն ունենա։ 8-րդ դասում մենք կիմանանք դրանց մասին։ Կարդա՛ 2 Պետրոս 2։9; 3։7, 13։

5. Ինչպե՞ս կարող ենք մոտենալ Աստծուն։

Եհովան հրավիրում է մեզ մոտենալու իրեն՝ աղոթքի միջոցով իր հետ խոսելով։ Նա հետաքրքրվում է մեզանից յուրաքանչյուրով (Սաղմոս 65։2; 145։18)։ Նա նկատում է այն ջանքերը, որ գործադրում ենք իրեն հաճեցնելու համար, նույնիսկ երբ դա մեզ երբեմն չի հաջողվում։ Աստված պատրաստ է ներելու։ Ու թեև անկատար ենք, մենք կարո՛ղ ենք մտերմանալ Աստծու հետ։ Կարդա՛ Սաղմոս 103։12–14; Հակոբոս 4։8։

Քանի որ Եհովան մեզ կյանք է պարգևել, ամենքից շատ մենք նրան պետք է սիրենք (Մարկոս 12։30)։ Քո սերը կդրսևորես Աստծու հանդեպ, եթե ավելի շատ սովորես նրա մասին և անես այն, ինչ նա ասում է։ Դա կնպաստի, որ ավելի շատ մտերմանաս Եհովայի հետ։ Կարդա՛ 1 Տիմոթեոս 2։4; 1 Հովհաննես 5։3։