Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գրականության ցուցատախտակներով հրապարակային վկայություն՝ փախստականների ճամբարի դիմաց (Գերմանիա)

ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Լուրեր ամբողջ աշխարհից

Լուրեր ամբողջ աշխարհից

Բարի լուրը քարոզվում է փախստականներին ու ներգաղթյալներին

Մեծ թվով փախստականների ու ներգաղթյալների հոսքի արդյունքում Գերմանիայի օտարախոս դաշտը ընդլայնվել է։ Ինը ամսվա ընթացքում 229 օտարախոս խմբեր և նախախմբեր են կազմավորվել։ Մոտավորապես 800 քարոզիչ հաճախում է 13 լեզվով անցկացվող մոտ 30 դասընթացների։

Մեր եղբայրները քարոզում են փախստականների ընդունման կենտրոններում։ Նրանք ավելի քան 200 վայրերում տեղադրել են գրականության ցուցատախտակներ և տարածել մոտ 640 000 հրատարակություն։

Կառավարիչ մարմինը հավանություն տվեց, որ 2016 թ. մայիսից հուլիս ամիսներին հատուկ քարոզարշավ անցկացվի։ Յոթ երկրներից մոտ 700 արաբախոս քարոզիչներ մեկնեցին Ավստրիայում և Գերմանիայում գտնվող տասը տարբեր վայրեր՝ քարոզելու այնտեղ բնակվող բազմաթիվ արաբախոս մարդկանց։

Ճանապարհին ընկած մետաղադրամներ

Բելիզի «Ֆաբերզ րոադ կրեոլ» ժողովի 50 քարոզիչները սովորաբար ոտքով են գնում քարոզչական տարածքներ։ Եղբայրներից շատերը աղքատ են, բայց նրանք առատաձեռնություն դրսևորելու առիթներ են փնտրում։ Մի քանի տարի է՝ եղբայրները տնից տուն քարոզելիս փոշոտ ճանապարհներին ընկած մետաղադրամներ են գտնում և վերցնում դրանք։ Ամեն տարվա վերջում նրանք միասին հավաքվում են, լվանում, տեսակավորում ու հաշվում են իրենց հավաքած մետաղադրամները։

Թեև այդ մետաղադրամներից շատերը չնչին արժեք ունեն (կես ամերիկյան ցենտ), ամեն տարի հավաքվում է 225 ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Եղբայրները այդ գումարի կեսը հատկացնում են տեղի Թագավորության սրահի ծախսերը փակելու համար, իսկ մյուս կեսը նվիրաբերում են համաշխարհային գործին։

Չորս միլիոն ունկնդիր

Բուրունդիի աստվածապետական պատմության մեջ ամենաուշագրավ իրադարձություններից մեկը տեղի ունեցավ 2016 թ. մարտի 5-ին, երբ գլխավոր վարչության ներկայացուցիչ Էնթոնի Գրիֆինը այցելեց մասնաճյուղ։ Ժողովների համար նախատեսված հատուկ ծրագիրը գլխավոր ռադիոկայանով հեռարձակվեց ողջ երկրով։ Ըստ հաշվարկների՝ ունկնդիրների թիվը մոտ չորս միլիոն էր։

Ռադիոհեռարձակմամբ մեծ վկայություն տրվեց, և բազմաթիվ դրական արձագանքներ եղան։ Օրինակ՝ ռադիոկայանի աշխատողներից մեկը, ով օգնել էր հեռարձակման հարցում, ասաց. «Ավելի հաճախ հեռարձակեք այսպիսի ծրագրեր»։ Իսկ ղեկավարներից մեկը գրեց. «Հորդորում եմ ձեզ, որ շարունակեք [նման ծրագրեր հեռարձակել], ինչը, անկասկած, բազմաթիվ մարդկանց կյանքեր կփրկի»։ Շատ ավտոբուսներում և տաքսիներում ռադիոյով կարելի էր լսել այդ հեռարձակումը։

Երաժշտությունը դադարեցվեց

2016 թ. Հիշատակի երեկոյի նախորդ օրը մեր եղբայրները, որոնք ծառայում են Նեպալում գտնվող մի մեկուսի խմբում, իմացան, որ իրենց վարձած սրահի մոտ գտնվող դպրոցում մեծ երաժշտական համերգ է լինելու։ Նրանք շատ անհանգստացան։

Այդպիսի համերգների ժամանակ երաժշտության ձայնը սովորաբար շատ բարձր է լինում։ Երբ եղբայրները հաջորդ առավոտ մաքրում էին սրահը՝ Հիշատակի երեկոն անցկացնելու համար, համերգի կազմակերպիչն ասաց նրանց. «Մեր երաժշտությունից բացի՝ ուրիշ ոչինչ չեք կարողանալու լսել»։

Համերգը սկսվեց կեսօրին։ Ինչպես և ակնկալվում էր, երաժշտության ձայնը շատ բարձր էր։ Թեև եղբայրները վարձակալել էին նախատեսվածից ավելի մեծ բարձրախոս, նրանք չէին կարողանում անգամ լսել խոսափողի ձայնը, երբ այն ստուգում էին։ Եղբայրները ընկճվել էին, սակայն ջերմեռանդորեն աղոթեցին այդ խնդրի մասին։ Հիշատակի երեկոյից 30 րոպե առաջ, երբ շատերը սկսեցին գալ սրահ, երաժշտությունը անսպասելիորեն դադարեցվեց։ Պարզվեց, որ համերգասրահում որոշ մարդիկ, ալկոհոլի ազդեցության տակ լինելով, կռվի էին բռնվել, և ոստիկանները դադարեցրել էին համերգը։ Եղբայրները կարողացան նշել Հիշատակի երեկոն հանգիստ, խաղաղ և հարգալից մթնոլորտում։

Գովասանքի խոսքեր jw.org կայքի մասին

Ջուզեպպեն ռահվիրա է ծառայում Իտալիայում։ Նա իր տնից աշխատում է ինտերնետի հետ կապված խորհրդատվական ընկերության համար։ Անցած տարվա մայիսին Ջուզեպպեն մոտ 70 աշխատակիցների հետ ներկա եղավ մի հանդիպման, որի ժամանակ պետք է քննարկեին այն նորամուծությունները, որոնք ընկերությունը կարող էր իրագործել։ Ընկերության գլխավոր գործադիր տնօրենը իր խոսքը սկսեց՝ ասելով, որ որոշ վեբ կայքեր կարելի է որպես օրինակ վերցնել։ Այնուհետև նա մի օրինակ ցույց տվեց էկրանի վրա։ Ջուզեպպեն ապշեց, երբ տեսավ, որ էկրանին հայտնվեց jw.org կայքի գլխավոր էջը։ Տնօրենն ասաց. «Սա աշխարհի ամենալավ վեբ կայքն է»։ Հետո սկսեց վերլուծել կայքի տեխնիկական կողմերը։ Նա նշեց, որ բազմաթիվ հղումներ կան, որոնց օգնությամբ հեշտ է օգտվել կայքից, ինչպես նաև դրականորեն արտահայտվեց կայքի դիզայնի մասին։

«Աշխատակիցներս զարմացան, երբ իմացան, թե քանի լեզվով է կայքը մատչելի,— ասում է Ջուզեպպեն։— Վերջում իմ ղեկավարը լսարանին և գլխավոր գործադիր տնօրենին ասաց. «Ջուզեպպեն Եհովայի վկա է»։ Այդ ժամանակ գործադիր տնօրենն ասաց ինձ. «Ձեր կազմակերպությունը գովասանքի է արժանի։ Դուք այնպիսի վեբ կայք եք ստեղծել, որին կնախանձի աշխարհում ցանկացած ընկերություն, ֆիրմա կամ կազմակերպություն։ Պատկերացնում եմ, թե ինչ ջանքեր եք ներդնում կայքը անընդհատ նորացնելու և օգտատերերի համար այն գործածելը հեշտացնելու նպատակով, նաև թե որքան ուշադրություն եք հատկացնում մանրուքներին և բովանդակությանը»։ Ես մի փոքր անհարմար զգացի, երբ այդքան շատ գովասանք ստացա մի բանի համար, ինչը չէի արել։ Սակայն անչափ ուրախացա, որ այդքան շատ մարդիկ, որոնք Եհովայի վկաների մասին ոչինչ չգիտեին, վկայություն ստացան։ Այժմ կանոնավոր զրույցներ եմ ունենում աշխատակիցներիցս մի քանիսի հետ և նույնիսկ Աստվածաշնչի ուսումնասիրություն եմ սկսել նրանցից երեքի հետ»։ Այն ընկերությունը, որում աշխատում է Ջուզեպպեն, շարունակում է «ուսումնասիրել» jw.org վեբ կայքը, իսկ Ջուզեպպեն շարունակում է աստվածաշնչյան թեմաներով խոսել իր աշխատակիցների հետ։

Նա «ո՛չ» ասաց ֆուտբոլին

Խորխեն ֆուտբոլ է խաղում եղբայրների հետ (Արգենտինա)

Խորխե անունով մի պատանի, որն ապրում է Արգենտինայում, 2010 թ. սկզբին իր դասընկերոջից առաջին անգամ լսեց բարի լուրը։ Ավելի ուշ Խորխեն «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի օգնությամբ սկսեց ուսումնասիրել Սուրբ Գիրքը։ Այդ ընթացքում նա ֆուտբոլ էր խաղում և քանի որ աչքի էր ընկնում այդ սպորտաձևում, հրավիրվեց խաղալու առաջատար ակումբներից մեկի երկրորդ թիմում։ 2014 թ. ապրիլին Խորխեն մի գայթակղիչ առաջարկ ստացավ խաղալու գերմանական թիմերից մեկում։ Նրան ոգևորեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու միտքը, և նա ընդունեց առաջարկը։ Մի քանի օր էր մնացել, որ նա մեկներ Եվրոպա, երբ նրա մարզիչը մոտեցավ նրան ու ասաց. «Դու Եհովայի վկա ես, չէ՞։ Մի՛ խորտակիր կյանքդ՝ արտասահման գնալով։ Երբ երիտասարդ էի, ես նույնպես Վկա էի։ Ինձ հրավիրեցին մի ասիական երկիր, որ դառնամ թիմի անդամ։ Նրանք շատ բաներ խոստացան ինձ, և ես հրապուրվեցի այդ ամենով։ Ընտանիքիս հետ մեկնեցի այնտեղ, բայց վերադարձա շատ հիասթափված»։ Խորխեն ասում է. «Նրա խոսքերը մեծ ազդեցություն թողեցին ինձ վրա, և ես որոշեցի չմեկնել Եվրոպա։ 2015 թ.-ին բարի լուրի քարոզիչ դարձա ու մկրտվեցի»։

Իսկական օրհնություն՝ անվճար

2015 թ. սեպտեմբերին Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայում տեղի ունեցավ «Ընդօրինակե՛ք Հիսուսին» տարածաշրջանային համաժողովը։ Հուրախություն ներկաների՝ Կառավարիչ մարմնի անդամ Մարկ Սանդերսոնը հայտարարեց լուգանդա լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։

Մի կին, ով ուսումնասիրում էր Աստվածաշունչը, պատմում է. «Այնքա՜ն ուրախացա, երբ ստացա այս գեղեցիկ Աստվածաշունչը։ Այդ նույն ժամանակ մարդիկ պատրաստվում էին Հռոմի պապի այցելությանը։ Փող հավաքելու նպատակով եկեղեցին «օրհնված» տերողորմյաները վաճառում էր 30 ԱՄՆ դոլարով։ Մարդիկ ուզում էին ստանալ այդ օրհնությունները, բայց շատերը փող չունեին։ Իսկ ես իսկական օրհնությունը անվճար ստացա։ Եհովան տվեց դա այն բոլոր մարդկանց, ովքեր եկել էին համաժողով, և յուրաքանչյուրը, եթե ցանկանար, կարող էր ի սրտե նվիրաբերություն անել։ Ամեն օր, երբ իմ մայրենի լեզվով կարդում եմ Եհովայի Խոսքը և ավելի լավ եմ ճանաչում նրան, ինձ իսկապես օրհնված եմ զգում։ Շնորհակալ եմ Եհովային, որ ինձ Աստվածաշունչ է նվիրել»։

Տպագրություն ոգեղեն աշխարհո՞ւմ

Փորձելով վարկաբեկել www.mt711.com կայքը՝ Կոնգոյի (Կինշասա) շրջաններից մեկի որոշ եկեղեցիների առաջնորդներ իրենց հետևորդներին ասացին, որ Եհովայի վկաների հրատարակությունները տպագրվում են ոգեղեն աշխարհում։ Իրենց պնդումը փաստելու համար նրանք ցույց տվեցին «www» տառերը՝ ասելով, որ դրանք համապատասխանում են «Հայտնություն» գրքի 666 թվին (Հայտն. 13։18)։ Դա պատճառ եղավ, որ որոշ Աստվածաշունչ ուսումնասիրողներ դադարեցնեն ուսումնասիրությունը։

Այդ հարցի մասին աղոթելուց հետո ռահվիրա մի զույգ իր տուն հրավիրեց այն անհատներին, որոնց հետ Աստվածաշունչ էր ուսումնասիրում, ինչպես նաև նրանց կողակիցներին։ Երեք ամուսնական զույգ ընդունեց հրավերը, և ճաշելուց հետո Վկա ամուսինները նրանց ցույց տվեցին «Եհովայի վկաներ. կազմակերպված հռչակում են բարի լուրը» ֆիլմը։ Այն, ինչ իմացան հյուրերը, ամբողջությամբ վերացրեց մեր հրատարակությունների տպագրման վայրի հետ կապված նրանց սխալ կարծիքները։ Հաջորդ շաբաթ Աստվածաշունչ ուսումնասիրողներից մեկի ամուսինը, որը դեռ չէր ուսումնասիրում, այդ Վկա զույգին 100 ԱՄՆ դոլար տվեց՝ պարտադրելով, որ վերցնեն, և խնդրեց, որ այն նվիրաբերեն համաշխարհային գործի համար։

Սովորում են նոր երգերը

Թեև Պապուա Նոր Գվինեայի հեռավոր շրջանում բնակվող եղբայրները ինտերնետ կապ չունեն, նրանք շատ են ուզում սովորել Թագավորության նոր երգերը։ Ուստի «Մունդիպ» ժողովից մի եղբայր գնում է մոտակա քաղաք, որտեղ ինտերնետ կա։ Այնտեղ հասնելու համար նա պետք է երկու ժամ քայլի և երկու ժամ ավտոբուսով գնա։ Հասնելով այդ քաղաք՝ նա տետրում կայքից արտագրում է նոր երգի բառերը և երբ վերադառնում է, դրանք գրում է Թագավորության սրահի գրատախտակի վրա, որպեսզի բոլորը տեսնեն։ Այնուհետև ժողովի մյուս անդամները արտագրում են նոր երգերը՝ հանդիպումներին երգելու համար։ Նրանք շատ թանկ են գնահատում ողջ աշխարհի ժողովների հետ Եհովային գովերգելու հնարավորությունը։