Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ես մաքսիմալի՞ստ եմ

Ես մաքսիմալի՞ստ եմ

 Եթե դու

  •   ամեն թեստից ակնկալում ես 10 միավոր ստանալ,

  •   խուսափում ես նոր բարդ առաջադրանքներից՝ վախենալով, որ կարող ես ձախողվել,

  •   քննադատությունը համարում ես քո դեմ ուղղված հարձակում,

 ուրեմն վերոնշյալ հարցի պատասխանն է՝ այո՛։ Բայց մի՞թե դա էական նշանակություն ունի։

 Ի՞նչ վատ բան կա մաքսիմալիստ լինելու մեջ

 Ոչ մի վատ բան չկա, որ փորձում ես քո լավագույնն անել։ Սակայն «մեծ տարբերություն կա առավելագույն արդյունքի հասնելու առողջ նկրտումների և անհնարին իդեալականի հանդեպ անառողջ ձգտումների միջև»,— ասվում է մաքսիմալիզմի վերաբերյալ մի գրքում (Perfectionism​—What’s Bad About Being Too Good?)։ Այնտեղ նաև նշվում է. «Մաքսիմալիզմը կարող է ծանր բեռ լինել, որովհետև պետք է ընդունենք, որ ոչ ոք կատարյալ չէ»։

 Աստվածաշունչը թիկունք է կանգնում այս խոսքերին։ Այնտեղ ասվում է. «Երկրի վրա ոչ մի արդար մարդ չկա, որ միայն բարիք անի» (Ժողովող 7:20)։ Քանի որ դու անկատար ես, քո արածները ոչ միշտ հիանալի արդյունքներ կունենան։

 Քեզ համար դժվա՞ր է դա ընդունել։ Եթե այո, նկատի առ, թե որ չորս հարցերում մաքսիմալիզմը կարող է բացասաբար անդրադառնալ քեզ վրա։

  1.   Ինքդ քո մասին քո տեսակետը։ Մաքսիմալիստները իրենց համար ողջամտության սահմաններից դուրս բարձր չափանիշներ են սահմանում, ինչը հիասթափության է տանում։ «Եթե իրատես լինենք, կհասկանանք, որ չենք կարող ամեն ինչում լավագույնը լինել, իսկ եթե շարունակ ինքներս մեզ կշտամբենք կատարյալ չլինելու համար, կկորցնենք մեր հանդեպ վստահությունը։ Դա կարող է ճնշող լինել» (Ալիսիա)։

  2.   Օգտակար խորհրդի հանդեպ քո վերաբերմունքը։ Մաքսիմալիստները առողջ քննադատությունը համարում են իրենց հեղինակազրկելու փորձ։ «Երբ ինձ ուղղում են, ահավոր եմ զգում,— ասում է Ջերեմի անունով մի երիտասարդ։— Մաքսիմալիստ լինելը թույլ չի տալիս քեզ ընդունելու քո սահմանափակ կարողությունները, ինչպես նաև անհրաժեշտ օգնությունը»։

  3.   Ուրիշների մասին քո տեսակետը։ Մաքսիմալիստները հաճախ քննադատում են ուրիշներին, և հասկանալի է, թե ինչու։ «Երբ ինքդ քեզանից կատարելություն ես սպասում, մյուսներից էլ ես նույնը ակնկալում,— ասում է 18-ամյա Աննան։— Երբ մարդիկ չեն համապատասխանում այդ չափանիշին, շարունակ հիասթափվում ես նրանցից»։

  4.   Ուրիշների տեսակետը քո մասին։ Եթե ուրիշներից շատ բան ես սպասում, ինչը դուրս է ողջամտության սահմաններից, ապա չզարմանաս, եթե նրանք սկսեն խուսափել քեզանից։ «Մաքսիմալիստական անհնարին չափանիշներով ապրելը ուժասպառ է անում,— ասում է Բեթ անունով մի երիտասարդ։— Ոչ ոք չի ուզում այդպիսի մարդու կողքին լինել»։

 Կա՞ որևէ լավ տարբերակ

 Աստվածաշունչն ասում է. «Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի բոլոր մարդկանց» (Փիլիպպեցիներ 4:5)։ Խոհեմ մարդիկ հավասարակշռված են այն հարցում, թե ինչ ակնկալիքներ ունեն իրենցից և ուրիշներից։

 «Արդեն բավական է դրսից եկող ճնշումը։ Ինչո՞ւ մաքսիմալիստ լինելով՝ ավելացնել ճնշումները։ Դրան դիմանալը չափազանց ծանր է» (Նայլա)։

 Աստվածաշունչն ասում է. «Քո Աստծու հետ համեստությամբ քայլիր» (Միքիա 6:8)։ Համեստ մարդիկ գիտակցում են, որ իրենց ունակությունները սահմանափակ են։ Նրանք ավելի շատ պատասխանատվություն չեն վերցնի, քան կարող են կրել, և ինչ-որ բան անելու համար կտրամադրեն այնքան ժամանակ, որքան ի վիճակի են։

 «Եթե ուզում եմ իմ պարտականությունները լավ կատարել, պետք է իմ ուժերի ներածին չափով հանձն առնեմ դրանք։ Ես միայն այդքանը կարող եմ անել» (Հեյլի)։

 Աստվածաշունչն ասում է. «Ինչ որ ձեռքդ գտնի անելու, ամբողջ ուժովդ արա» (Ժողովող 9:10)։ Ուստի մաքսիմալիզմի դեմ դեղամիջոցը ոչ թե ծուլությունն է, այլ աշխատասիրությունը։ Բայց այն հարկավոր է համատեղել վերոնշյալ հատկությունների՝ խոհեմության և համեստության հետ։

 «Ես փորձում եմ հնարավորինս լավ անել իմ գործը և ներդնում եմ իմ ողջ ուժը։ Հասկանում եմ, որ այն երբեք կատարյալ չի լինի, բայց ուրախ եմ, քանի որ գիտեմ, որ անում եմ իմ լավագույնը» (Ջոշուա)։