Անցնել բովանդակությանը

Ինչո՞ւ ծնողներս թույլ չեն տալիս զվարճանալ

Ինչո՞ւ ծնողներս թույլ չեն տալիս զվարճանալ

Պատկերացրու հետևյալը՝

Դու հրավիրված ես խնջույքի, բայց վստահ չես, որ ծնողներդ թույլ կտան գնալ։ Ի՞նչ կանես։

  1.  ԿԳՆԱՍ ԱՌԱՆՑ ՀԱՐՑՆԵԼՈՒ

  2.  Ո՛Չ ԿՀԱՐՑՆԵՍ, Ո՛Չ ԷԼ ԿԳՆԱՍ

  3.  ԿՀԱՐՑՆԵՍ

 1. ԿԳՆԱՍ ԱՌԱՆՑ ՀԱՐՑՆԵԼՈՒ

 Ցանկանում ես այսպես վարվել, որովհետև... Ուզում ես տպավորել ընկերներիդ և ցույց տալ, թե որքան անկախ ես։ Մտածում ես, որ ավելի շատ բան ես հասկանում, քան ծնողներդ, կամ այդքան էլ չես հարգում նրանց տեսակետը (Առակներ 14։18

 Հետևանքները։ Հնարավոր է՝ տպավորես ընկերներիդ, բայց նրանք նաև մի բան կհասկանան. դու ստախոս ես։ Եթե խաբում ես ծնողներիդ, ապա իրենց էլ կխաբես։ Իսկ եթե ծնողներդ իմանան այդ մասին, նրանք կվիրավորվեն ու կհիասթափվեն քեզնից և հետևաբար ավելի շատ արգելքներ կդնեն (Առակներ 12։15

 2. Ո՛Չ ԿՀԱՐՑՆԵՍ, Ո՛Չ ԷԼ ԿԳՆԱՍ

 Ցանկանում ես այսպես վարվել, որովհետև... Մտածում ես հրավերի մասին և հասկանում ես, որ դա այդքան էլ քո սրտով չէ և գուցե այնտեղ լինեն մարդիկ, որոնց հետ չէիր ցանկանա շփվել (1 Կորնթացիներ 15։33; Փիլիպպեցիներ 4։8)։ Մյուս կողմից՝ գուցե ուզես գնալ, բայց քաջություն չունենաս ծնողներիցդ թույլտվություն հարցնելու։

 Հետևանքները։ Եթե չես գնում՝ հասկանալով, որ գուցե վատ հետևանքներ լինեն, ավելի վճռականությամբ կմերժես հրավերը։ Բայց եթե չես գնում այն պատճառով, որ քաջություն չունես ծնողներիցդ թույլտվություն հարցնելու, ապա կմնաս տանը, տրամադրությունդ կընկնի, ու քեզ կթվա, թե դու ամենադժբախտ մարդն ես։

 3. ԿՀԱՐՑՆԵՍ

 Ցանկանում ես այսպես վարվել, որովհետև... Դու հասկանում ես, որ ծնողներդ իրավունք ունեն որոշակի բաներ քեզ արգելելու, և հարգելով նրանց՝ ենթարկվում ես (Կողոսացիներ 3։20)։ Դու սիրում ես ծնողներիդ և չես ուզում վիրավորել ու խաբել նրանց ընկերներիդ հետ ինչ-որ տեղ գնալու համար (Առակներ 10։1)։ Դա նաև հնարավորություն կտա քեզ ծնողներիդ ասել, թե ինչու ես ուզում գնալ։

 Հետևանքները։ Ծնողներդ կտեսնեն, որ դու սիրում ու հարգում ես իրենց։ Եվ եթե քո խնդրանքը խելամիտ երևա, ապա թույլ կտան։

Ինչու են ծնողները արգելում

Փրկարարների պես ծնողներդ կարողանում են անմիջապես տեսնել վտանգները

 Պատճառներից մեկը կարելի է բացատրել հետևյալ օրինակով։ Հավանաբար դու կնախընտրես լողալ ծովափի այն հատվածում, որը վերահսկվում է փրկարարների կողմից։ Ինչո՞ւ։ Քանի որ փրկարարները այնպիսի դիրքից են հետևում, որը հնարավորություն է տալիս նրանց անմիջապես տեսնելու քեզ սպառնացող վտանգը, ինչը դու լողալիս դժվար թե անմիջապես նկատես։ Նմանապես ծնողներդ, քանի որ շատ բան գիտեն ու կյանքի ավելի մեծ փորձ ունեն, կարող են վաղօրոք տեսնել այն վտանգները, որոնք դու գուցե չնկատես։ Փրկարարների պես՝ ծնողներդ ոչ թե ուզում են փչացնել զվարճանալու տրամադրությունդ, այլ ուզում են պաշտպանել քեզ այն վտանգներից, որոնք կարող են փչացնել ողջ կյանքդ։

 Ահա ևս մեկ պատճառ։ Հավատա, որ ծնողներդ շատ են ուզում պաշտպանել քեզ։ Քեզ սիրելով՝ նրանք արգելում են, երբ ստիպված են, և թույլ են տալիս, երբ հնարավոր է։ Երբ նրանցից որևէ բան անելու թույլտվություն ես հարցնում, նրանք մտածում են՝ արդյոք վատ հետևանքներ չեն լինի, եթե թույլ տան։ Նրանք քեզ թույլ կտան միայն այն դեպքում, երբ համոզված լինեն, որ քեզ հետ ոչինչ չի պատահի։

Ինչ անես, որ թույլ տան

Ինչ կարող ես անել

 Ազնիվ եղիր։ Հարցրու ինքդ քեզ. «Ինչո՞ւ եմ ուզում գնալ։ Ինձ համար այնտեղ հաճելի՞ կլինի, թե պարզապես ուզում եմ ընկերներիս կողմից ընդունված լինել։ Իսկ գուցե ուզում եմ գնալ, որովհետև նա, ով ինձ դուր է գալիս, այնտեղ է լինելու»։ Հետո ազնիվ եղիր ծնողներիդ հետ և մի՛ մոռացիր, որ նրանք էլ են քո տարիքին եղել։ Նրանք քեզ լավ են ճանաչում և այսպես թե այնպես իմանալու են, թե ինչու ես այդքան ուզում գնալ։ Եթե ազնիվ լինես ու ճիշտն ասես, նրանք կգնահատեն դա, և իրենց խորհուրդներով քեզ շատ կօգնեն (Առակներ 7:1, 2)։ Իսկ եթե ազնիվ չլինես, ուշ թե շուտ ծնողներդ կհասկանան, որ վստահելի չես, և հետագայում թույլտվություն ստանալու հավանականությունը կնվազի։

 Հարմար ժամանակ ընտրիր։ Երբ ծնողներդ աշխատանքից նոր են տուն եկել կամ խիստ զբաղված են, մի՛ «զզվացրու» նրանց քո խնդրանքով։ Դիմիր նրանց, երբ ավելի հանգիստ վիճակում են։ Բայց մի՛ սպասիր մինչև վերջին պահը և ստիպիր, որ անմիջապես պատասխանեն։ Ծնողներին դուր չի գալիս, երբ երեխան ստիպում է նրանց միանգամից պատասխանել։ Ավելի շուտ դիմիր նրանց և ժամանակ տուր մտածելու։

 Հստակ արտահայտվիր։ Անորոշ բաներ մի ասա։ Պարզ ու կոնկրետ խոսիր և ասա, թե ինչ ես ուզում։ Ծնողներն սկսում են անհանգստանալ, երբ իրենց հարցերին պատասխանում ես՝ «չգիտեմ», հատկապես երբ հարցնում են. «Ո՞ւմ հետ ես լինելու», «Մեծերից մարդ լինելո՞ւ է» կամ «Ե՞րբ տուն կգաս»։

 Ճիշտ վերաբերմունք դրսևորիր։ Մի՛ վերաբերվիր ծնողներիդ այնպես, ասես նրանք քո թշնամիներն են։ Նրանք քո ծնողներն են և քեզ շատ են սիրում, ու եթե խորը մտածես, այդպես էլ կա։ Երբ խոսելիս նրանց քեզ թշնամի չես համարում, ձայնիդ տոնը մարտավարական չի հնչում, և նրանք էլ իրենց հերթին պատրաստ են լինում ընդառաջելու։

 Ցույց տուր, որ բավական հասուն ես, որ ընդունես ու հարգես ծնողներիդ որոշումները։ Եթե այդպես վարվես, նրանք էլ ավելի շատ կհարգեն քեզ, ու հաջորդ անգամ հակված կլինեն հնարավորինս ընդառաջելու քեզ։