Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս հաղթահարեմ վշտի զգացումը

Ինչպե՞ս հաղթահարեմ վշտի զգացումը

 Եթե վերջերս կորցրել ես հարազատներիցդ մեկին, այս հոդվածը կարող է օգնել քեզ թեթևացնել վշտի զգացումը։

Այս հոդվածում՝

 Արդյոք չափից շա՞տ եմ վշտանում

 Ոմանց վշտի զգացումը չափազանց ուժգին է լինում և երկար ժամանակ չի անցնում։

 «Այնպիսի օր չկա, որ չմտածեմ պապիկիս մասին։ Թեև արդեն երկու տարի է անցել նրա մահից, բայց, միևնույն է, ինձ համար դժվար է առանց արցունքների նրա մասին խոսելը» (Օլիվիա)։

 «Տատիկս միշտ աջակցում էր ինձ։ Շատ ափսոս, որ նա հնարավորություն չունեցավ տեսնել, թե ինչպես եմ հասնում իմ նպատակներին։ Ամեն անգամ, երբ որևէ ձեռքբերում եմ ունենում, վիշտը պատում է սիրտս, որովհետև հիշում եմ, որ նա կողքիս չէ» (Էլիսոն)։

 Երբ մարդը վշտի մեջ է, կարող է մի շարք բացասական զգացումներ ունենալ։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ են ասում ոմանք։

 «Երբ մահացավ հորաքրոջս ամուսինը, ես շոկի մեջ էի և երկար ժամանակ չէի կարողանում դուրս գալ այդ վիճակից։ Առաջին անգամ էր, որ հարազատ էի կորցնում, այնպիսի զգացում էր, կարծես թե գնացք է վրայովս անցել» (Նադին)։

 «Երբ պապիկս մահացավ, ես բարկացա, քանի որ նա ինչպես հարկն է հոգ չէր տանում իր առողջության մասին, թեև մենք ամեն անգամ նրա ուշադրությունը հրավիրում էինք դրա վրա» (Կարլոս)։

 «Ամբողջ ընտանիքից միայն ես և քույրս մեր պապիկի կողքին չէինք, երբ նա մահացավ։ Դրանից հետո ինձ մեղավոր էի զգում, քանի որ վերջին պահին նրա մոտ չէի» (Ադրիանա)։

 «Մի ամուսնական զույգ, որը շատ մոտ էր մեր ընտանիքին, մահացավ ավտովթարից։ Դրա պատճառով այժմ, երբ ընտանիքիս անդամներից մեկը դուրս է գալիս տանից, ես վախենում եմ, որ նա հնարավոր է՝ էլ չվերադառնա» (Ջերիդ)։

 «Երեք տարի առաջ, երբ տատիկս մահացավ, շատ էի ափսոսում, որ բավականին ժամանակ չեմ անցկացրել նրա հետ» (Ջուլիանա)։

 Շոկը, բարկությունը, մեղավորության զգացումը, վախը և ափսոսանքը ցավի դրսևորումներից են։ Եթե դու էլ ունես նման զգացումներ, վստահ եղիր, որ ժամանակի ընթացքում դրանք կթուլանան։ Բայց մինչ այդ ինչպե՞ս կարող ես պայքարել վշտի դեմ։

 Ինչպե՞ս պայքարել բացասական զգացումների դեմ

 Դիմիր ընկերոջդ։ Աստվածաշնչում ասվում է, որ իսկական ընկերը «նեղ օրվա համար է ծնված» (Առակներ 17։17)։ Եթե խոսես որևէ մեկի հետ քո զգացմունքների մասին, ապա կստանաս անհրաժեշտ օգնությունը։

 «Վշտանալը նորմալ է։ Երբեմն հնարավոր է այն հաղթահարել միայնակ, բայց երբեմն էլ գուցե թվա, որ կյանքը էլ երբեք առաջվանը չի լինի։ Այդ պահերին շատ օգտակար է ընկերոջ հետ զրուցելը» (Իվետ)։

 Հիշիր քո հարազատին։ Աստվածաշնչում ասվում է. «Բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարի բաներ է հանում» (Ղուկաս 6։45)։ Կարող ես նրա մասին հաճելի հիշողությունները գրառել, նկարներ հավաքել և ալբոմ սարքել։

 «Ես որոշեցի գրի առնել այն ամենը, ինչ իմ ընկերը սովորեցրել էր ինձ նախքան իր մահը։ Այդպես նրա ասածներն ու արածները միշտ վառ կպահեմ իմ մտքում։ Այդ գրառումները օգնեցին նաև հաթահարել կորստի զգացումը» (Ջեֆրի)։

 Հոգ տար առողջությանդ մասին։ Աստվածաշնչում ընդգծվում է ֆիզիկական վարժություններ անելու կարևորության մասին (1 Տիմոթեոս 4։8)։ Համոզվիր, որ անհրաժեշտ քանակությամբ մարզվում, հանգստանում և սննդարար նյութեր ես ստանում։

 «Վշտի պատճառով հնարավոր է՝ քո դատողությունը փոքր-ինչ մթագնի, ուստի պետք է հավաստիանաս, որ հոգ ես տանում առողջությանդ մասին։ Մի՜ մոռացիր ուտելու և անհրաժեշտ քանակությամբ քնելու կարևորության մասին» (Մարիա)։

 Օգնիր ուրիշներին։ Աստվածաշնչում գրված է. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան ստանալու մեջ» (Գործեր 20։35

 «Փորձիր մտածել ուրիշների մասին, հատկապես նրանց, ովքեր նույնպես հարազատ են կորցրել։ Դա կօգնի քեզ հիշել, որ մենակ չես տառապում» (Կարլոս)։

 Աղոթիր և պատմիր Աստծուն զգացմունքներիդ մասին։ Աստվածաշնչում Եհովա Աստված կոչվում է «աղոթքներ Լսող» (Սաղմոս 65։2)։ Այնտեղ նաև գրված է, որ Եհովան «բուժում է սրտով կոտրվածներին և կապում է նրանց վերքերը» (Սաղմոս 147։3

 «Խնդրիր, որ Եհովան օգնի և քաջալերի։ Երբեմն ծանր օրեր կունենաս, հիշիր, որ Եհովան միշտ քո կողքին է» (Ջենետ)։

 Խելամիտ ակնկալիքներ ունեցիր։ Հիշիր, որ ամեն մարդ յուրովի է տանում վիշտը։ Աստվածաշնչում գրված է, որ երբ Հակոբը իմացավ իր որդու մահվան մասին, «չէր մխիթարվում» (Ծննդոց 37։35)։ Ուստի զարմանալի չի լինի, եթե վիշտդ երկար տևի։

 «Որոշ բաներ տատիս հետ կապված հիշողություններ են արթնացնում, չնայած որ նա մահացել է 15 տարի առաջ» (Թեյլոր)։

 Պատկերացրու՝ կոտրվածք ես ստացել։ Դա շատ ցավոտ է, և երկար ժամանակ է պետք, որ բուժվի։ Բայց այդ ընթացքում բժիշկդ քեզ խորհուրդներ կտա, թե ինչ անես, որ օրգանիզմիդ աջակցես և արագ առողջանաս։

 Նույնն է պարագան, երբ հարազատի կորստի պատճառով հոգեկան «կոտրվածք» ես ստանում։ Ժամանակ է պետք, որ ցավը թեթևանա։ Ուստի համբերություն ունեցիր։ Ուշադրություն դարձրու այս հոդվածում տեղ գտած առաջարկներին և տես, թե որոնք կօգնեն քեզ։